www.ajk.am
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ / ԱԺԿ վարչության հայտարարություններ`

ԱԺԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ԱԺԿ առաջնային նպատակը եղել եւ մնում է երկրում ժողովրդավարության եւ օրենքի իշխանության հաստատումը: Այդ նպատակին հասնելու համար իշխանափոխությունը միջոցներից մեկն է, եթե, իհարկե, իշխանության գան ժողովրդավարական արժեքներ կրող քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են համակարգային փոփոխությունների եւ ունեն բավարար գիտելիք, կամք ու կարողություն` երկրում ժողովրդավարություն հաստատելու համար:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը ցույց տվեց, որ "Արդարություն" դաշինքում ընդգրկված կուսակցությունների մեծամասնության համար իշխանափոխությունն ինքնանպատակ է: Այդ իսկ պատճառով էլ ընտրվեց սահմանադրական հանրաքվեն որպես իշխանափոխության առիթ օգտագործելու քաղաքականությունը:

Նման քաղաքականության ձախողումն ի սկզբանե կանխատեսելի էր, քանի որ`

- երկրում բացակայում էր հեղափոխական մթնոլորտը, այդ թվում` ընդդիմության նկատմամբ բավարար վստահության բացակայության պատճառով,

- ընդդիմության ներքին եւ կազմակերպչական ներուժը բավարար չէր հանրաքվեի միանգամայն կանխատեսելի կեղծիքները կանխելու« առավել եւս հեղափոխական մթնոլորտ ձեւավորելու եւ իշխանափոխություն իրականացնելու համար,

- կանխատեսելի էր նաեւ, որ եվրոպական կառույցների ճնշման արդյունքում, խորհրդարանական ընդդիմության կողմից ներկայացված որոշ սկզբունքային առաջարկների ընդունումից հետո, սահմանադրական փոփոխություններին հակադրվելու "Արդարություն" դաշինքի քաղաքական գիծը չէր կարող արժանանալ Արեւմուտքի դրական վերաբերմունքին: Ուստի, այդ պարագայում անիրատեսական էր ակնկալել, որ Արեւմուտքը, ինչպես հետխորհրդային մի շարք երկրներում, կստանձնի իշխանությունների բռնի գործողությունները զսպողի դերը, ինչը կարեւոր գործոն է անարյուն հեղափոխություն իրականացնելու համար:

ԱԺԿ-ն առաջարկում էր այլ մոտեցում` այն պահից, երբ իշխանությունները հրաժարվեցին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վտանգավոր դրույթներից` հօգուտ դրական փոփոխությունների, դաշինքը պետք է հավատարիմ մնալով 2005թ. հունվարի 19-ի եւ մայիսի 31-ի հայտարարություններին` հրապարակավ տեր կանգներ սեփական ձեռքբերումներին եւ, շարունակելով ԵԽ-ի հետ համագործակցությունը` հասներ նոր դրական փոփոխությունների եւ ընտրական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի վստահության վերականգնմանը:

«Արդարության» որդեգրած սխալ քաղաքականությունը իշխանություններին հնարավորություն ընձեռեց առանց լուրջ ջանքերի կեղծել հանրաքվեի արդյունքները, որի հետեւանքով ունենք ավելի հուսահատված ժողովուրդ, ավելի թուլացած ընդդիմություն եւ ավելի սանձարձակ ռեժիմ: Իշխանությունը բռնազավթած վարչակարգը, կեղծելով հանրաքվեի արդյունքները, եւս մեկ հարված հասցրեց մեր պետականությանը:

Ստեղծված իրավիճակը չափազանց վտանգավոր է երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարների առումով: Եթե "Արդարությունը" իր մեջ ուժ չգտնի վերագնահատելու իր արածն ու չարածը, ընդունելու սեփական սխալները եւ մեղավորներին չփնտրի միայն իրենից դուրս, ապա դաշինքի ազդեցությունը երկրի քաղաքական գործընթացների վրա էլ ավելի է նվազելու: Ուստի ԱԺԿ հետագա մասնակցությունը "Արդարություն" դաշինքի եւ խմբակցության աշխատանքներին պայմանավորված է դաշինքի կողմից սեփական սխալներն ընդունելու, ներքին մթնոլորտն առողջացնելու եւ արդյունավետ ու իրավիճակին համահունչ գործելու պատրաստակամությունից եւ ունակությունից:

ԱԺԿ-ն գտնում է, որ ամենեւին սպառված չէ հասարակության` երկիրը դեպի զարգացում եւ եվրաինտեգրացում տանելու ներուժը: Այդ ներուժի արդյունավետ դրսեւորումը կախված է իր արժեքային համակարգով եւ գրագետ գործելակերպով իշխանությանն այլընտրանք հանդիսացող ընդդիմության առկայությամբ: Մեր կուսակցությունը շարունակելու է հետամուտ լինել այդպիսի այլընտրանքի ձեւավորմանը եւ համագործակցելու է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ կազմակերպությունների եւ անհատների հետ:

ԱԺԿ վարչություն
ք.Երևան, 20 Դեկտեմբերի 2005թ.