www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ԱՄԱԼՅԱՆԻՑ ԿՍՏԱՑՎԻ՞ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ


"www.A1plus.am", չորեքշաբթի, 27 Սեպտեմբեր 2006

"Խայտառակ, մի քանի քայլով ետ օրինագիծ",- այսպես է գնահատում "Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին" օրենքում առաջարկվող փոփոխությունները գործող օրենքի հեղինակ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա` Սահմանադրության փոփոխություններով ՀՌԱՀ-ը պետք է ոչ միայն վերահսկեր էլեկտրոնային ԶԼՄ-ների գործունեությունը, այլեւ պաշտպաներ նրանց ոտնձգություններից: Պատգամավորի գնահատմամբ` այդ անկախ մարմինը պիտի ունենար նույն ֆունկցիաները, ինչպես շատ երկրներում Մամուլի հարցերով օմբուդսմենը: Մինչդեռ հիշյալ օրինագծում, ըստ նրա, ուժեղացվել են ՀՌԱՀ ռեպրեսիվ լծակները: "Ակնհայտ է, որ այդ նախագիծը մշակվել է հենց ՀՌԱՀ-ի կողմից, քանի որ հակաօրինական բոլոր քայլերը, որ նա կատարել է, փորձում են օրինականացնել",- ասում է Շավարշ Քոչարյանը:

Վերջինս ասում է, որ սահմանադրական փոփոխություններով ՀՌԱՀ-ը պետք է վերահսկի նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը` նրա նկատմամբ լինելով ավելի պահանջկոտ, քան մասնավոր հեռուստաընկերությունների նկատմամբ, քանի որ այն գոյատեւում է նաեւ հարկատուի հաշվին: Հակառակ սրա, պատգամավորի խոսքերով, օրենսդրական փոփոխություններով Հանրային հեռուստատեսությունը հայտնվում է դաշտից դուրս:
Շավարշ Քոչարյանը զարմանում է իր գործընկեր պատգամավորների վրա, որոնց առավել այս օրինագծում անհանգստացրել է Հանրային Հեռուստատեսությամբ ֆիքսված ժամին խոսելուց զրկվելու հնարավորությունը, քան էլեկտրոնային ԶԼՄ-ի դաշտի զարգացման խոչընդոտները: