www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՕՐԻՆԱԳԾԻ ՄԵՐԺՈՒՄԸ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ Է


"www.Lragir.am", երեքշաբթի, 03 Հոկտեմբեր 2006

"Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում" փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնության մերժումը լավատեսություն է ներշնչում, որ կարող ենք ունենալ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին նորմալ օրենք, նախագծի անհրաժեշտ թվով ձայներ չհավաքելուց հետո լրագրողներին ասաց ԱժԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Շավարշ Քոչարյանը կարծում է, որ նախագիծը հակասահմանադրական է եւ հենց այս պատճառով էլ դեմ է "առաջին ընթերցմամբ ընդունենք, հետո վերամշակենք" մոտեցմանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց նաեւ նախագծի հակասահմանադրականությունը ապացուցող իր հիմնավորումները: Նախ, համաձայն Սահմանադրության 83.2 հոդվածի, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հիմնական առաքելությունը հեռարձակվող լրատվամիջոցների անկախությունը, ազատությունն եւ բազմազանությունը ապահովելն է. "ՀՌԱՀ-ն պետք է լինի հեռարձակվող ԶՄԼ-ների օմբուդսմենը":
Շավարշ Քոչարյանը դեմ չի լինի, եթե ՀՌԱՀ-ն ԱԺ-ին տարեկան հաշվետվություններ տա` երկրում հեռարձակվող ԶԼՄ-ների վիճակի մասին: Սակայն, իրականում ՀՌԱՀ-ը միայն վերահսկողություն եւ պատժիչ ֆունկցիաներ է իրականացնում, մոռանալով իր առաջին` հիմնական առաքելության մասին` "սրանից միանշանակ խուսանավում են":

Շավարշ Քոչարյանի մյուս փաստարկը` ՀՌԱՀ-ը կարգավորում է հեռարձակման ողջ ոլորտը, սակայն "հանրային հեռուստատեսությունը դուրս է բերված ՀՌԱՀ կարգավորման դաշտից": Սա այն դեպքում, երբ դարձյալ համաձայն սահմանադրության, այս ոլորտում մեկ կարգավորող մարմին պետք է լինի: "Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գոյությունը դառնում է անիմաստ", հայտարարում է Շավարշ Քոչարյանը, հավելելով, որ քանի որ այս խորհրդի անդամներին նշանակում է հանրապետության նախագահը, ուրեմն դա էլ հանրապետության նախագահին հեռարձակող հեռուստաընկերություն է:

"Մենք օրենք ընդունեցինք հանրային հեռուստառադիոընկերության մասին, բայց այդպես էլ հանրային հեռուստառադիոընկերություն չունեցանք", կարծում է Շավարշ Քոչարյանը, նշելով, որ Հ1-ին ստեղծագործական ազատություն է պետք: Եվ ավելին. խնդիրներ ունեցանք մասնավորի հետ: Փակվեց Ա1+-ը եւ "եվրոպական կառույցները Հայաստանի հետ շփումներում միշտ բարձրացնում են այս հարցը":

Շավարշ Քոչարյանը կարծում է, որ այս նախագիծը ընդունելը կնշանակեր մասնավոր հեռարձակող լրատվամիջոցները ենթարկացնել ՀՌԱՀ-ին: Շավարշ Քոչարյանը հիշեցնում է, որ Ա1+-ը փակվեց ընտրություններից առաջ, իսկ հիմա շատուշատ իշխանավորներ խոսում են ըւնտրություններում արդարության եւ ազնիվ մրցակցության մասին: "Որքան լավ օրենք ընդունենք, կնշանակի, որ իշխանական դաշտում նորմալ ընտրություններ անցկացնելու ձգտումը այնքան մեծ է, որքան վատ օրենք` ձգտումը այնքան փոքր է", եզրափկեց Շավարշ Քոչարյանը: