|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԻՍԿ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ |
www.Panorama.am, 10 Մայիսի 2007
«Քարոզարշավը արտաքուստ կրում էր քաղաքակիրթ բնույթ, բայց չափից դուրս թատերականացված էր: Այդ թատերականացումը իշխանությունը իրականացնում էր երկու ուղղությամբ` այն էր, որ իշխանությունը հեռուստաընկերություններով ժողովրդին հրամցնում էր որոշակի պատկեր: Հաջորդ հանգամանքը իրականությանը չհամապատասխանող սոցոլոգիական հարցումների տվյալների հրապարակումներն էին»,- այսօրվա ասուլիսում քարոզարշավի մասին իր կարծիքը հայտնեց ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց, որ ըստ «Սոցիոմետրի» տվյալների, բնակչության 85%-ը կողմ է իշխանությանը, այնինչ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ բնակչության 80%-ը չի ընդունում ներկա իշխանություններին: «Հետևաբար այդ կեղծ տվյալները իշխանությունը հրամցրել է ժողովրդին քարոզչության ենթատեքստով»,- կարծիք հայտնեց նա: Շ. Քոչարյանը վստահեցրեց, թե իրենց կուսակցության ներկայացրած ծրագիրը, որակապես տարբերվում է իշխանության կողմից հրամցվող պատկերներից. «Քարոզարշավը նման էր դիմակահանդեսի: Մարդիկ հագնում էին դիմակներ` թաքցնելով իրենց իրական դեմքը և այդ դիմակներով բոլորը նույն բանն էին խոստանում: Նրանք ասում էին` ինչ է պետք անել, սակայն չէին ասում` ինչպես պետք է անել: Ընտրությունը կատարվելու է այն քաղաքական ուժերի միջև, ովքեր այսօրվա բազմաթիվ խնդիրները լուծելու համար ներկայացրել են հստակ մեխանիզմներ»:
ԱԺԿ ղեկավարը նշեց, որ իրենց կուսակցությունը հստակ մեխանիզմներ է առաջարկում` կապված իշխանության վերահսկելիության հետ, «իսկ մնացած քաղաքական ուժերը որևէ խնդրի լուծման մեխանիզմ չեն առաջարկել, նրանք խոսում էին միայն բարի ցանկությունների մասին»: Ըստ պատգամավորության թեկնածուի, ինչքան բարձր լինի ընտրողների մասնակցության ցուցանիշը, այնքան ավելի երաշխավորված կլինի Հայաստանի որակական առաջընթացը: | | |
|
|
|