www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

«ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԱՄԵՆ ԲԱՆ ԿՍԿՍՎԻ ՆՈՐԻՑ»


www.E-channel.am , 24 Մայիսի, 2007

Հարցազրույց իրավագետ
Վարդան Պողոսյանի հետ։


«Եթե նախագահը լինի մեծամասնության լիդերը, կկառավարի երկիրը առաջիկա 5 տարում, եթե մեծամասնության լիդերը լինի ոչ թե նախագահ, այլ վարչապետ, առաջին ջութակի դերը հենց նրանն է լինելու, որովհետև բարեփոխված սահմանադրությամբ նախագահի լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են»։

 Մայիսի 12-ի ընտրություններից հետո հաճախ է խոսվում այն մասին, որ հանրապետության նոր նախագահը կլինի ուժեղ, եթե վայելի ԱԺ մեծամասնության աջակցությունը։ Ինչպե՞ս է կարգավորվում այս հարցը բարեփոխված Սահմանադրությամբ։

 Այդ մասին խոսողները, իհարկե, ճիշտ են ասում, բայց ասում են ոչ ամբողջը։ Եթե նոր նախագահն ունենա ԱԺ-ի մեծամասնության աջակցությունն ու լինի մեծամասնության լիդերը, նա կլինի առաջին ջութակը երկրի քաղաքականության մեջ։ Եթե մեծամասնության լիդերը լինի վարչապետ, ու մեծամասնությունից լինի նաև հանրապետության նախագահը, այդ դերը կստանձնի վարչապետը։  Նոր պառլամենտում կա բացարձակ մեծամասնություն, ու կարևոր չէ՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կլինեն կառավարության կազմում թե՞ ոչ, որովհետև ՀՀԿ-ն մենակ ապահովում է բացարձակ մեծամասնություն։ Խնդիրն այն է, թե ով է լինելու հանրապետության նախագահը ու ինչ հարաբերություններ է ունենալու տվյալ մեծամասնության նկատմամբ։ Լինելու է նա լիդե՞ր թե ընդամենը մեծամասնության անդամ։ Եթե նախագահը լինի մեծամասնության լիդերը, կկառավարի երկիրը առաջիկա 5 տարում, եթե մեծամասնության լիդերը լինի ոչ թե նախագահ, այլ վարչապետ, առաջին ջութակի դերը հենց նրանն է լինելու, որովհետև բարեփոխված սահմանադրությամբ նախագահի լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են։ 95-ի սահմանադրությամբ նախագահը կարող էր ցանկացած պահի ազատել վարչապետին, հիմա դա հնարավոր է անել միայն այն դեպքում, եթե ԱԺ-ի մեծամասնությունը անվստահություն հայտնի, այս պահին դա գրեթե հնարավոր չէ։ Նախագահը կորցրել է այլ լծակներ ևս. նա պարտավոր է հաշվի առնել ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը, չի վավերացնում կառավարության որոշումները, նիստերն էլ հրավիրում ու վարում է միայն վարչապետը։ Նախագահը, ըստ էության, զրկվել է ԱԺ-ն լուծարելու հնարավորությունից, որովհետև դրա համար  ԱԺ-ն պետք է 3 ամիս նիստ չգումարի, կառավարության համար անհետաձգելի որոշման համար որևէ որոշում չկայացնի ու էլի այլ հարցվեր, որոնք ԱԺ-ի մեծամասնությունը, եթե չի ուզում, որ ԱԺ-ն լուծարվի, հանգիստ կարող է բացառել։

 Ներկայացվածը վերաբերում է նոր նախագահին, իսկ գործող նախագահի դիրքերը, Ձեր կարծիքով, Հանրապետականի՝ խորհրդարանում մեծամասնություն դառնալով, թուլացան։

 Կախված է նրանից, թե «Հանրապետականը» ում է ճանաչում իր փաստացի լիդեր. կարևոր չէ՝ նա կուսակցական է թե ոչ կամ  կուսակցության անդամ է թե ոչ։ Եթե Քոչարյանը ՀՀԿ-ի կողմից ճանաչվում է լիդեր, ուրեմն, մինչև նոր նախագահական ընտրություններ շարունակելու է թելադրել իր քաղաքական կուրսը, ու կուսակցությունն էլ շարունակելու է հետևել նրան։ Ամեն դեպքում՝ նրա դիրքերը, մինչև ընտրություների համեմատ, թուլանում են, որովհետև ինքը որոշակի լծակներ՝ կառավարության վրա ազդելու, արդեն չունի՝ ըստ Սահմանդրության։ Եթե քաղաքական առումով գործող նախագահը թեկուզ ոչ փաստացի լիդեր լինի ՀՀԿ-ի համար, նա կլինի կառավարող նախագահ։
 
Ի՞նչն է փոխված լինելու նոր կառավարության ձևավորման հարցում՝ համաձայն սահմանադրության։

Այստեղ կան մի քանի կարևոր փոփոխություններ։  Մինչև հիմա կառավարությունը ներկայացնում էր իր գործունեության ծրագիրը, ու եթե 24 ժամվա ընթացքում ԱԺ-ի մեկ երրորդը որևէ առաջարկ չէր ներկայացնում, ուրեմն, ծրագիրը արժանացել է վստահության։ Եթե ներկայացվում էր, քվեարկության էր դրվում ոչ շուտ քան 48, ոչ ուշ՝ քան 72 ժամվա ընթացքում, ու պատգամավորների բացարձակ մեծամասնությամբ կարելի էր անվստահություն հայտնել ծրագրին, ու կառավարությունը պիտի հրաժարական տար։ Հիմա նախագահը վարչապետ նշանակելիս մեծ հայեցողություն չունի. վարչապետ նշանակվում է պատգամավորների մեծամասնությունը վայելող անձը։ Կառավարության ծրագիրը ընդունված համարվում է միայն քվեարկությունից հետո, ու պառլամենտական մեծամասնությունը ասում է, որ սա իմ ծրագիրն է, ու ինքը պատասխանատվություն է կրում դրա համար։
 
Երբ է ԱԺ-ում քննարկվելու կառավարության ծրագիրը։

Առաջին նիստի օրը ԱԺ-ն կընտրրի իր աշխատանքային մարմինները՝ ԱԺ նախագահ, տեղակալներ, մշտական հանձնաժողովների նախագահներ ու դրանց կազմավորում։ Կառավարության վերաբերվող մասը հետևյալն է. հենց այդ օրը կառավարությունը պետք է հրաժարական տա, ու այդ օրվանից սկսած՝ վարչապետի ու կառավարության պաշտոնները  թափուր են, նախագահը սահմանված 10 օրվա ընթացքում պետք է վարչապետ նշանակի, հետո 20-օրյա ժամկետում կառավարությունն է ձևավորվում, ևս 20-օր է սահմանված, որ կառավարությունը ծրագիր մշակի ու ներկայացնի ԱԺ-ին։
 
Նախագահական ընտրություններից հետո ի՞նչ է անելու նորընտիր կառավարությունը։
 
Ե՛վ ԱԺ-ի, և՛ նախագահի ընտրություններից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա։ Նույն գործընթացը կրկնվելու է, պարզապես օրերը պետք է հաշվել նորընտիր նախագահի՝ պաշտոնն ստանձնելու պահից։