www.ajk.am
ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ / ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ`

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՑՔ


Տպագրվել է` "ԱյբՖե" թ. 16, 17,18 Մայիս, 2005թ.


Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հայեցակարգային մոտեցումը ենթադրում է հստակեցում կամ մոտեցումների վերահաստատում առնվազն հետևյալ փոխկապակցված 6 հարցերում.

1. Հակամարտության իրավական կողմը :
2. Միջազգայնացման հիմնական շեշտադրումը:
3. Հակամարտության հետևանքների` զոհեր, տեղահանվածներ, ԼՂՀ հսկողության տակ անցած տարածքներ, հիմնական պատճառը:
4. Հայաստանի դերի և գործառույթների հստակեցում:
5. Փուլային թե՞ փաթեթային լուծում:
6. Ժողովրդավարության հայեցակարգային նշանակությունը հակամարտության կարգավորման հարցում:

Հակամարտության իրավական կողմը


Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը կատարյալ է, դրանով իսկ հակամարտությունը տարբերվում է այլ առկա հակամարտություններից: Իրավական տեսակետից էական է հակամարտության երկու հանգամանք.

Առաջին. Լեռնային Ղարաբաղը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:1918-20թթ. Ղարաբաղը վիճելի տարածք էր այն ժամանակվա անկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խորհրդային ժամանակ Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով միացվել էր Ադրբեջանին` բոլշևիկյան Կովկասյան բյուրոյի 1921թ. որոշումով: Սակայն համաձայն 1991 թ. հոկտեմբերի Ադրբեջանի անկախության մասին սահմանադրական ակտի` Ադրբեջանը համարել է Խորհրդային Միության կազմավորման մասին 1922թ. պայմանագիրը անվավեր այն մասով, որը վերաբերում է Ադրբեջանին: Դրանով իսկ Ղարաբաղի միացումը Ադրբեջանին համարվել է չեղյալ:

Երկրորդ հանգամանքը. Խորհրդային Միության վերջին տարիներին, համաձայն այդ պետության օրենսդրությանը, Ղարաբաղը իրավաբանորեն ձեռք էր բերել անկախություն Ադրբեջանից: 1988թ. փետրվարի 20-ին ինքնավար մարզի պատգամավորների խորհուրդը որոշում կայացրեց դիմելու Ադրբեջանի և Հայաստանի պառլամենտներին` ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու մասին: Ադրբեջանի և Միութենական պառլամենտները մերժեցին այդ խնդրանքը, Հայաստանի պառլամենտը համաձայնվեց, իսկ 1989թ. դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների հետ համատեղ որոշում կայացվեց Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման մասին:

Առաջացած փակուղուց իրավական ելք տրամադրեց 1990թ. ապրիլի 3-ի "Խորհրդային Միությունից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին" օրենքը: Համաձայն այդ օրենքի 3-րդ հոդվածի Միության կազմից Միութենական Հանրապետության դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումները և հավաք բնակվող ազգային փոքրամասնությունները իրավունք ստացան դուրս գալու հանրապետության կազմից` դառնալով ինքնուրույն Միութենական սուբյեկտ:

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Ղարաբաղի ինքնավար մարզը` Շահումյանի շրջանի հետ միասին, հռչակեց իրեն Հանրապետություն: Իրեն Հանրապետություն հռչակած Լեռնային Ղարաբաղը չմասնակցեց սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեին: (ԼՂՀ-ն, ի տարբերություն 1990թ. Հայաստանի Խորհրդարանական ընտրությունների, ապագայում չի մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր մակարդակի ընտրություններին):

1991թ. հոկտեմբերին Ադրբեջանը ընդունեց իր անկախության մասին սահմանադրական ակտը: Նույն թվի դեկտեմբերի 10-ին Ղարաբաղում անցկացվեց անկախության մասին հանրաքվե միջազգային դիտորդների հսկողությամբ: (Ի դեպ Ադրբեջանի անկախության հանրաքվեն անց է կացվել դեկտեմբերի 15-ին): Այդ ժամանակ տեղի ունեցավ Խորհրդային Միության լուծարումը:

Այսպիսով Խորհրդային Միության լուծարման պահից նախկին Ադրբեջանի Միութենական Հանրապետության տարածքում ձևավորվեցին երկու անկախ և իրավահավասար պետություններ` Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ղարաբաղի ժողովրդի, տարածքի ու իշխանությունների ենթակայության հարաբերությունները Ադրբեջանին դադարեցվել են օրինական ձևով: Դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրինական ձևով հաղթահարել է տարածքային ամբողջականության սկզբունքը` կիրառված Ադրբեջանի նկատմամբ:

1992թ. հունվարին Լեռնային Ղարաբաղի Խորհրդարանը ձևավորեց կառավարություն և դիմեց աշխարհի բոլոր երկրներին` իր անկախությունը ճանաչելու առաջարկությամբ:


Խնդրի միջազգայնացման հիմնական շեշտադրումը


Լեռնային Ղարաբաղի հարցի միջազգայնացումը կարող էր ունենալ 3 հիմնական ուղղվածություն.
1. Բռնի բաժանված ժողովրդի վերամիավորում:
2. Ազգային փոքրամասնության իրավունքների երաշխավորում
3. Անկախ պետություն դառնալու ինքնորոշման իրավունքի իրականացում:

Առաջին մոտեցումը ենթադրում է ջանքեր` ուղղված վերամիավորված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի` որպես մեկ պետության, ճանաչմանը: Ըստ էության այդ ուղղությունը գործում էր մինչև 1991թ. սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը և ունի նաև պատմական հիմքեր: Այդ ուղղությունը ենթադրում է միջազգային հանրության ավելի մեծ դիմադրություն և հղի է հակամարտությունը որպես երկու պետությունների` Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, իսկ Հայաստանը որպես զավթիչ ներկայացնելու վտանգով:

Երկրորդ մոտեցումը միտված է այս կամ այն աստիճանի Լեռնային Ղարաբաղի ինքնավարությանը Ադրբեջանի կազմում և հակասում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արտահայտած կամքին:

Երրորդ մոտեցումը` անկախ պետություն դառնալու ինքնորոշման իրավունքի իրականացումը, բխում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի իրականացված քայլերից և պետք է կազմի Ղարաբաղի հարցի կարգավորման հիմնական ձողը:

Ցավոք սրտի մինչև 1998թ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը միտված էր հարցի միջազգայնացման երկրորդ ուղղության վրա շեշտադրմանը, իսկ 1998թ.-ից հետո` առաջինի:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացումը բացառիկ է ոչ միայն վերը շարադրված անթերի իրավական կողմով, այլ նաև այն հանգամանքով, որ բավարարում է ինքնորոշման այլ հնարավոր չափանիշներին:
Այդ չափանիշներից են.
ա. Մեկ պետության կազմում գոյատևման անհնարինությունը` անհանդուրժողականության պատճառով (հայերի ջարդեր 1918-1920թթ. և 1988-1990թթ., 1921-1988թթ.-ի Ղարաբաղում հայկական բնակչության տոկոսի անկումը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության օրինակը, 1991-1994թթ. Ադրբեջանի փորձերը` բնաջնջելու Ղարաբաղի հայությունը).
բ. Պատմական իրավունքը (դարերի խորքից եկող արցախահայության պետականության շարունակ պահպանվող ավանդույթը իր անընդհատ պատմական բնակության տարածքում, որտեղ առկա է նրա ստեղծած նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանների մի ամբողջական համալիր ).
գ. Բնակչության ազգային կազմը (ինքնորոշված տարածքի բնակչության ավելի քան 75%-ը հայեր են).
դ. Ինքնորոշման հետևանքների համար պատասխանատվությունը` անկախ պետության կայացմանը պատրաստ լինելը (ԼՂՀ-ն արդեն մոտ 15 տարի է, ինչ կայացած է որպես անկախ պետություն` իր բոլոր ատրիբուտներով, ներառյալ իշխանության տարանջատում, քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող մարտունակ բանակ և պարբերաբար անցկացվող ընտրություններով ձևավորված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ):


Հակամարտության հետևանքների` զոհեր, տեղահանվածներ, ԼՂՀ հսկողության տակ անցած տարածքներ, հիմնական պատճառը:


Ինչու՞ Ղարաբաղի ժողովրդի օրինական քայլերը հանգեցրեցին արյունալի հակամարտության, հազարավոր զոհերի և հարյուր հազարավոր փախստականների: Որովհետև Ադրբեջանն ի սկզբանե որդեգրեց հարցի կարգավորման ոչ թե խաղաղ բանակցային, այլ ուժային տարբերակը: Սկսած 1988թ. փետրվարից հայերի ջարդեր իրականացվեցին Ադրբեջանի Սումգաիթ և այլ քաղաքներում, իսկ 1990-ին` Բաքվում:
Էթնիկական զտման ենթարկվեցին Ղարաբաղին հարակից հայաբնակ բնակավայրերը, իսկ 92թ. սկզբի դրությամբ բուն Ղարաբաղի տարածքի մոտ 40%-ը:

Ղարաբաղի ժողովրդին բնաջնջելու նպատակով Ադրբեջանը դիմեց նաև վարձկանների, այդ թվում մոտ 2000 Թալիբանի մոջահեդների և Շամիլ Բասաևի գրոհայինների օգնությանը: Ադրբեջանի` Ղարաբաղը հայաթափ անելու փորձերը տապալվեցին: Ղարաբաղի պաշտպանության բանակը` համալրված Հայաստանի Հանրապետության և այլ երկրների կամավորներով, ետ մղեց Ադրբեջանի և վարձկանների բանակին և իր հսկողության տակ վերցրեց Ադրբեջանի` Ղարաբաղին սահմանակից, առանձին տարածքները:

Ադրբեջանն այսօր էլ խուսափում է Ղարաբաղի հետ բանակցություններից: Նա փորձում է ներկայացնել խնդիրը որպես տարածքային վեճ` Հայաստանի և Ադրբեջանի միջև:


Հայաստանի դերի և գործառույթների հստակեցում


Ելնելով ինքնորոշման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման, հայեցակարգային մոտեցումից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ունի 3 հիմնական գործառույթ.
1. Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է:
Հայաստանի Լեռնային Ղարաբաղին տրամադրված օգնությունը ինչպես մինչև 1994թ. զինադադարը այնպես էլ ապագայում Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունների դեպքում համապատասխանում է ՄԱԿ-ի լխավոր Ասամբլեայի 1981թ. դեկտեմբերի 9-ի "Ինտերվենցիայի անընդունելիության և պետությունների ներքին գործերին չմիջամտելու մասին" դեկլարացիային: Այդ դեկլարացիան պնդում է, որ "պետությունների ներքին գործերին չմիջամտելը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին" և ամրագրում է "պետությունների իրավունքը և պարտականությունը լիարժեք սատարելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ազատությանը և անկախությանը":
2. Հայաստանը ԼՂՀ անկախության երաշխավորն է:
Հայաստանը իր բոլոր ջանքերը պետք է ուղղի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության չճանաչումը հնարավորություն չի տալիս Հայաստանին լիարժեք հետամուտ լինելու ԼՂՀ-ի ճանաչմանը այլ պետությունների կողմից: Բացի այդ չճանաչման պարագայում միջնորդ միջազգային կազմակերպությունները և պետությունները ավելի են հակված պարտադրելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում և ընկալելու հակամարտությունը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ:
3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն դեռևս ճանաչված չէ և չի հանդիսանում միջազգային կազմակերպությունների անդամ, Հայաստանը պետք է նպաստի, որպեսզի միջազգային հանրությանը հասնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձայնը:
Բայց ոչ մի դեպքում Հայաստանը չպետք է իրենով փոխարինի Լեռնային Ղարաբաղը: Մասնավորապես Հայաստանի պաշտոնյաների մասնակցությունը բանակցային գործընթացին չպետք է պատրանք ստեղծի, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր է հասնել հարցի կարգավորմանը: Ավելին, Հայաստանի իշխանությունների ջանքերը պետք է ուղղված լինեն Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավմանը բանակցային գործընթացին:


Փուլային թե՞ փաթեթային լուծում


Փուլային կամ փաթեթային անվանումները չպետք է քողարկեն հակամարտության կարգավորման հիմնական խնդիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի և անվտանգության այլ երաշխիքների ամրագրումը: Առկա փուլային լուծումների առաջարկությունները անընդունելի են մասնավորապես այն պատճառով, որ շրջանցում են Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքներն, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները, արդյունք են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիայի և տարածքների հարցը կարող է լուծվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և Ադրբեջանի կողմից ԼՂՀ զավթած տարածքների հարցերի լուծման հետ միասին:

ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքն են և միայն ԼՂՀ-ն կարող է քննարկել հարցեր` կապված այդ տարածքների հետ:


Ժողովրդավարության հայեցակարգային նշանակությունը հակամարտության կարգավորման հարցում


Ինչպես ժողովրդավարության, այնպես էլ ինքնորոշման հիմքում են ժողովրդի արտահայտած կամքի անվերապահորեն հարգումը: Այդ տեսակետից ժողովրդավարության հաստատումը թե’ ԼՂՀ-ում, թե’ ՀՀ-ում, հիմնարար նշանակություն ունի ԼՂՀ ճանաչման համար:

Այդ ուղղությամբ Լեռնային Ղարաբաղում կատարված են դրական քայլեր: Մասնավորապես. Ստեփանակերտի քաղաքապետը, ի տարբերություն Երևանի և Բաքվի քաղաքապետերի, ընտրվում է բնակչության կողմից, իսկ 2003թ. ընդդիմության ներկայացուցիչները հաղթեցին թե’ Ստեփանակերտի քաղաքապետի թե’ մի շարք այլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: ԼՂՀ-ն ակնհայտորեն ավելի ժողովրդավարական է, քան Ադրբեջանը: ԼՂՀ-ին բնորոշ չեն ընտրությունների ժամանակ զանգվածային կեղծիքներ և բռնություններ: Բայց դա բավարար չէ: Լեռնային Ղարաբաղը պետք է հասնի եվրոպական չափանիշներին համապատասխանող ժողովրդավարության:

Հայաստանի իշխանությունները չեն կարող արդյունավետ հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արտահայտած կամքի միջազգային ճանաչմանը, քանի դեռ առհամարում են ժողովրդի կամքը Հայաստանում: Անընդունելի են նաև Հայաստանի պաշտոնյաների կողմից կատարված հայտարարությունները Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորված լինելու մասին, քանի որ առհամարում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հստակ արտահայտած կամքը: Միջազգային կառույցներում ժողովրդավարության հաստատման հետ կապված պարտավորությունների չկատարումը ոչ միայն թուլացնում է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում այլ նաև հղի է ՀՀ իշխանությունների վրա Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդված ճնշում իրականացնելու վտանգով (ԵԱՀԿ` 1996թ. Լիսաբոն, ԵԽԽՎ` 2005թ. Ստրասբուրգ):



Շավարշ Քոչարյան
ԱԺ պատգամավոր, Ազգային Ժողովրդավարական կուսակցության
վարչության նախագահ