www.ajk.am
ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ / ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ`

ԼՂՀ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԿԱ ՓՈՒԼԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ


"ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ԿՈՐՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ. ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ" ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՆՅՈՒԹԵՐԸ., ԵՐԵՎԱՆ , 19.12.2005


Իմ զեկույցը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը հայեցակարգային մոտեցումն է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, երկրորդը` հարցի կարգավորման ներկա փուլի միտումները: Առաջին մասի շարադրանքը ավելի սեղմ և դյուրին է դարձնում ձեզ բաժանված հոդվածը, որը տպագրվել է մայիս ամսին "ԱյբՖե" թերթում: Իր հերթին այդ հոդվածը շարադրանք է այս տարվա գարնանը Ազգային Ժողովում կայացած Ղարաբաղի հարցին նվիրված լսումներին ներկայացված ելույթի: Ես ձեզ կներկայացնեմ մեր հայեցակարգային մոտեցման հիմնական թեզերը, որպեսզի հետո, երբ ներկայացնելու լինեմ այն մոդելը, որն այսօր ներկայացվում է Մինսկի խմբի համանախագահների կողմից, հստակ լինեն մեր և ներկա փուլում առաջարկվող մոտեցումների տարբերությունները:

1. Իրավական տեսակետից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրականացումը անթերի է և ԽՍՀՄ-ի լուծարումով նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար անկախ պետություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունը: Այլ կերպ ասած, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, տարածքի և իշխանությունների ենթակայության հարաբերությունները Ադրբեջանի հետ դադարեցվել են օրինական ձևով: Դրանով իսկ Ղարաբաղի ժողովուրդը օրինական ձևով իրականացրել է տարածքային ամբողջականության սկզբունքը` կիրառված Ադրբեջանի նկատմամբ:
Կան նաև այլ իրավական փաստարկներ, մասնավորապես` այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

2. Հարցի միջազգայնացման ամենաարդյունավետ շեշտադրումը, դա ինքնորոշման իրավունքի իրականացման փաստն է, ինչը համապատասխանում է Ղարաբաղի ժողովրդի արտահայտած կամքին և կատարած քայլերին: Հիշեցնեմ, որ այլ շեշտադրումները վերաբերում են բռնի բաժանված ազգի վերամիավորման կամ ազգային փոքրամասնության իրավունքներին:

3. Հակամարտության հետևանքներ, հազարավոր զոհեր, հարյուր հազարավոր փախստականներ և տեղահանվածներ, հակամարտող կողմերի` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հակառակորդի տարածքներ. այս բոլորը արդյունք է Ադրբեջանի, ի սկզբանե ընտրված, ոչ թե խաղաղ բանակցային` այլ ուժային լուծումների տարբերակի: Դրանք են` հայերի ջարդեր, էթնիկ զտումներ, Լեռնային Ղարաբաղի դեմ կազմակերպված ագրեսիա` միջազգային ահաբեկչական կառույցների վարձկանների ներգրավմամբ: Հիշեցնեմ, որ ղարաբաղյան ռազմաճակատում Ադրբեջանի բանակի կողմից մեր դեմ կռվել են 1500-2000 թալիբանի մոջահեդներ, հիշեցնեմ նաև, որ Շամիլ Բասաևը իր ջոկատով, իր առաջին մարտական փորձը ստացավ հենց Ղարաբաղում: Ճիշտ է, անփառունակ` իր և իր ջոկատի համար:

4. Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի Հանրապետությունն ունի երեք հիմնական գործառույթ.
ա) Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է.
բ) Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անկախության երաշխավորն է և միջազգային ճանաչման նպաստողը.
գ) Քանի դեռ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէ, Հայաստանը պետք է միջազգային հանրությանը հասցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձայնը, բայց ոչ մի դեպքում, և այդ թվում նաև բանակցային գործընթացում, Հայաստանն իրենով չպետք է փոխարինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

5. Փուլային կամ փաթեթային անվանումները չպետք է քողարկեն կամ հետագա բանակցությունների համար թողնեն Լեռնային Ղարաբաղի անկախության կարգավիճակի և անվտանգության այլ երաշխիքների ամրագրումը: Այդ հարցերի` ներառյալ տարածքների հարցի լուծումների պատասխանը, կարող է տալ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

6. Ժողովրդավարության հաստատումը և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, և՛ Հայաստանի Հանրապետությունում հիմնարար նշանակություն ունեն ԼՂՀ-ի միջազգային ճանաչման և անվտանգության այլ երաշխիքների ապահովման համար:
Սրանք են մեր հայեցակարգային մոտեցման հիմնական թեզերը:

Այժմ անցնենք կարգավորման ներկա փուլին: Ներկայացնեմ մի քանի հարցադրումներ.
- Ո՞րն է տարբեր միջնորդ կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հարցի կարգավորմանը մոտակա ժամանակում հասնելու լավատեսական հայտարարությունների պատճառը:

Հաջորդ հարցը.
- Որո՞նք են Մինսկի խմբի հայկական և ադրբեջանական կողմերի քննարկմանը ներկայացված կարգավորման մոդելի հիմնական դրույթները:

Եվ վերջապես.
- ինչո՞վ է տարբերվում ներկա փուլի մոդելը նախկինում առաջարկված մոդելներից:
Նախևառաջ, պետք է նշեմ, որ այդ մոդելի մասին ցանկացած ուշադիր ընթերցող կարող էր պատկերացումներ ստանալ մամուլից: Ի դեպ, պետք է ցավով նշեմ, որ ավելի ամբողջական պատկեր կարելի է ստանալ` կարդալով Ադրբեջանի մամուլը: Այնտեղ շատ ավելի հաճախ է անդրադարձ լինում մոդելին, մոդելի մանրամասնություններին, քան Հայաստանի մամուլում:

Այն, ինչ ձեզ ներկայացնելու եմ, դա հիմնականում ձևավորվել է ոչ այնքան մամուլից ստացած պատկերացումների, որքան անձնական շփումների և, առաջին հերթին, սեպտեմբերի 12-ին Փարիզում կայացած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովի նիստի արդյունքների հիման վրա: Այդ նիստի մասնակիցներն էին` Ռուսաստանի համանախագահող Մերզլյակովը, Ֆրանսիայի համանախագահող պարոն Բերնար Ֆասիեն, Սթիվեն Մաննը չկարողացավ ներկա գտնվել նիստին և նրան փոխարինեց Ամերիկայի Պետդեպարտամենտի լիազոր ներկայացուցիչ պարոն Քրոսբին: Ներկա էր նաև որան Լենմարկերը, որն, ինչպես տեղյակ եք, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի զեկուցողն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, Եվրամիության տարածաշրջանի համար պատասխանատու Հեյկի Տալվիտիեն, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կասպերչիկը, որը համակարգում է զինադադարի մոնիթորինգը: Եվ վերջապես, ներկա էին նաև Մինսկի խմբի անդամ երկրների Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ներկայացված երկրների պատվիրակությունների ղեկավարները: Նրանք բոլորը ելույթներ ունեցան:


Եվ այսպես, որո՞նք են մոդելի հիմնական դրույթները.

1. Կողմերը չեն կարող և չէին կարող համաձայնության գալ, քանի որ հայկական կողմը պնդում էր ինքնորոշման սկզբունքի վրա, իսկ ադրբեջանական կողմը` տարածքային ամբողջականության: Այս երկու մոտեցումները թվում են անհամատեղելի: Բայց այն մոդելը, որն առաջարկվում է, փորձում է այդ անհամատեղելիությունը հաղթահարել: Ինչպե՞ս: Հարցադրումը հետևյալն է.
- Այո՛, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, բայց դա վերաբերվում է այն տարածքներին, որոնք Լեռնային Ղարաբաղից դուրս են, այո՛, ինքնորոշում, բայց դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին:

2. Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել անկլավ: Նա պետք է երաշխավորված, հուսալի տարածքային կապ ունենա Հայաստանի հետ:

3. Լաչինի և Մեղրու միջանցքները չեն հավասարեցվում: Այսինքն` այն, ինչ վերաբերում է Նախիջևանի և Բաքվի կապին, դիտարկվում է կոմունիկացիաների ընդհանուր բացման համատեքստում: Բազմիցս հայտարարվել է, որ հակամարտության հաղթահարման հիմնական նպատակներից է տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների անխափան աշխատանքը:

4. Ինչպիսի՞ն են մոդելի իրականացման փուլերը:
Պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքները կամ նրանց մի մասը, Ղարաբաղ պետք է վերադառնան մինչև հակամարտությունը այնտեղ բնակվող ադրբեջանցիները և դրանից հետո Ղարաբաղում կկազմակերպվի հանրաքվե, որի որոշումը կլինի վերջնական բոլոր կողմերի համար:

5. Տարածքների վերադարձը չի ենթադրում ադրբեջանական բանակի դիրքերի առաջխաղացում, կողմերին բաժանում են միջազգային խաղաղապահ ուժերը, հենց որ կողմերը գան համաձայնության, Վարշավայում խաղաղարար օպերացիաներ պլանավորող գրասենյակը կանցնի գործի:

6. Սկսած ինչ-որ փուլից, Լեռնային Ղարաբաղը ամբողջապես ներգրավվելու է մոդելի համաձայնեցման գործընթացում: Ղարաբաղի մասնակցությունը դեռևս միջնորդվում է Հայաստանով, չնայած, օրինակ, համանախագահների Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ նրանք հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

7. Կարգավորման հարցով պետք է զբաղվի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մասնավորապես, Եվրոպայի Խորհուրդը և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը կարող են օժանդակ դեր կատարել միայն այն հարցերում, որոնք Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության պարտավորություններն են.
- հարցը կարգավորել միայն խաղաղ բանակցային ճանապարհով.
- խուսափել ռազմատենչ հայտարարություններից և մամուլով թշնամանքի քարոզումից:
Այսպիսով, ներկա փուլում, ըստ էության, մերժվում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 2005 թվականի հունվարյան բանաձևի` հարցի կագավորմանը Եվրոպայի Խորհրդի կառույցները ներգրավելու միտումը, ինչը դրական է, եթե հաշվի առնենք հունվարյան բանաձևի բացահայտ պրոադրբեջանական մոտեցումը:
Սրանք են մոդելի հիմնական դրույթները: Նշեմ նաև, որ բանակցությունների ինտենսիվությունը դադարեցված էր Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների պատճառով և երևում էր, որ Ադրբեջանի իշխանությունները մոդելին ոչ համահունչ խոսելու որոշակի "քարտ-բլանշ" էին ստացել: Միջնորդների կողմից անընդհատ շեշտվել և շեշտվում է, որ եթե հարցը չկարգավորվի մոտակա տարվա ընթացքում, ապա անորոշ ձգձգվելու է, հաշվի առնելով, որ 2007 թվականից Հայաստանում սկսվում են խորհրդարանական, հետո` նախագահական ընտրությունները, հետո լինելու են Ադրբեջանի ընտրությունների փուլերը: Այնպես որ, հակված են հնարավորինս անելու, որպեսզի հակամարտությունը կարգավորվի 2006 թվականի ընթացքում:
Որո՞նք են իմ տեսակետից մոդելի հիմնական դրական և բացասական կողմերը:
Հիմնական դրական կողմը, ավելի ճիշտ, հիմնական դրական տեղաշարժը, կայանում է նրանում, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը հավասարեցվել է տարածքային ամբողջականության սկզբունքին: Նախորդ բոլոր քննարկումներում, մոդելներում դա այդպես հստակ չէր արտահայտված, ավելին, ըստ էության, առաջնայնությունը տրվում էր տարածքային ամբողջականությանը, ինչը հակասում է Հելսինկյան եզրափակիչ ակտին, որտեղ այդ երկու սկզբունքները իրավահավասար են:
Հիմնական բացասական կամ վտանգավոր կողմը կայանում է նրանում, որ ենթադրվում է նոր հանրաքվե, որը կայանալու է տարածքների վերադարձի և փախստականների վերաբնակեցումից հետո: Դա անորոշ ժամանակ է պահանջում, Ղարաբաղի պաշտպանությունը դառնում է խոցելի, իսկ իրավիճակը կարող է փոխվել: Ադրբեջանական կողմը կարող է ինքը հրահրել իրադարձություններ, որոնք հետո հիմք կդարձնի նախնական պայմանավորվածությունից հրաժարվելու համար: Այն հանգամանքը, որ կողմերին բաժանելու են խաղաղապահ զորքերը` դրական է, սակայն պետք է հաշվի առնել Կոսովոյի դեպքերը, որոնք ցույց տվեցին, որ խաղաղապահ զորքերը միշտ չէ, որ կարողանում են զսպել կողմերին: Մոդելի վտանգավոր կողմը չի թուլացնում այն հանգամանքը, որ մոդելի իրականացման սկզբնական փուլերում Լեռնային Ղարաբաղը ստանում է, ըստ էության, միջանկյալ կարգավիճակ, որովհետև մինչև հանրաքվեի անցկացումը, Ղարաբաղը` ճանաչված չլինելով որպես անկախ պետություն, միաժամանակ չի համարվելու, որ գտնվում է Ադրբեջանի կազմում: Եվ վերջապես, չի կարելի խոսել ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքի դեմ, բայց միաժամանակ չի կարելի ասիմետրիկ մոտեցում ցուցաբերել և անտեսել Ադրբեջանից այն հարյուր հազարավոր հայ փախստականներին, որոնք իրավունք ունեն ցանկացած պարագայում բնակվելու Ղարաբաղում և ստանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն: Այս հարցի շուրջ ես չեմ տարածվի, քանի որ բոլորդ ծանոթ եք այսօր սեղանին դրված աշխատության հետ, որտեղ այդ խնդիրն ամբողջական ներկայացված է:
Հիմա փորձեմ տալ իմ գնահատականը լավատեսական այն հայտարարությունների կապակցությամբ, որ 2006 թվականի ընթացքում հարցը կարգավորվելու է: Իմ գնահատմամբ, դա քիչ հավանական է առնվազն երկու պատճառով: Առաջինը. Ադրբեջանը շարունակում է ձգտել հարցն իր օգտին ուժով լուծելուն, ինչն ակնհայտ երևում է Ադրբեջանի բոլոր քայլերից, սակայն, չի էլ ցանկանում բացահայտ հակադրվել միջազգային կառույցների և միջնորդ պետությունների ջանքերին: Մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես բանակցությունների կողմ չներգրավելը և առաջարկվող մոդելի վտանգավոր միտումները կարող են հայկական կողմերին էլ դրդել որդեգրելու ժամանակ ձգձգելու ճանապարհը:
Մյուս կողմից, բոլորիս համար ակնհայտ է, որ կա նավթային դոլարների հոսք, ակնհայտ է Ադրբեջանի բյուջեի և ռազմական ծախսերի արագ աճը, ակնհայտ է նաև այն աջակցությունը, որը ցուցաբերում է Թուրքիան, մասնավորապես` ադրբեջանական բանակի հզորացմանը: Դրանով մեր առջև կանգնած է շատ հստակ խնդիր` հզորացնել պետությունը և բանակը: Մյուս կողմից, Հայաստանը գտնվում է տնտեսական և տրանսպորտային մեկուսացման պայմաններում, ինչը խոչընդոտում է համարժեքորեն զարգանալու և հզորանալու հնարավորությանը:
Իմ տեսանկյունն այն է, որ այդ խնդիրը հնարավոր է լուծել միայն մեկ պարագայում, եթե խնդիրը խորը գիտակցվի և կտրուկ ու հաստատակամ քայլեր կատարվեն ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ: Սա նախապայման է, որպեսզի մենք կարողանանք զարգացնել առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունը և հաղթանակած դուրս գալ ստեղծված վիճակից: Նման քայլեր կատարելու դեպքում Արևմուտքն ավելի հակված կլինի, որպեսզի շարունակի խորացնել դրական տեղաշարժը, որն այսօր առկա է հակամարտության կարգավորման հարցում: Այսինքն` ընդունի արդեն փաստացի կայացած ԼՂՀ ինքնորոշումը, այլ ոչ թե առաջարկի նոր հանրաքվեի կազմակերպում, ինչպես նաև ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար այլ երաշխիքների անհրաժեշտությունը:

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԵԼՈՒՅԹՆԵՐ

Ռաֆայել Ղազարյան

Խնդրում եմ ավելի մանրամասն ասել ԼՂՀ-ի ապագա հանրաքվեի մասին: Ասենք, օրինակ, հանրաքվեին մասնակցելու են 1988 թվականին Ղարաբաղում ապրող ադրբեջանցիները, թե՞ այդ ժամանակ արդեն բազմացած ադրբեջանցիները, որոնք 10-15 տարի հետո կներկայանան որպես նախկին շուշեցիներ և այլն:

Շավարշ Քոչարյան
Պատասխանելով Ձեր հարցին, ընդամենը կրկնեմ այնտեղի բանավեճի և քննարկումների այն հատվածները, որոնք վերաբերում են այդ հարցին: Ասենք, ադրբեջանական կողմը մի թիվ փորձեց ներկայացնել, որ իբրև թե այնտեղ ապրել են շուրջ 50 հազար ադրբեջանցիներ և, բնական է, դրան միանգամից հակադարձվեցին մարդահամարի փաստացի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ դա այդպես չէ: Մյուս կողմից, ահա միջնորդների արձագանքը` Խորհրդային Միությունը, այնուամենայնիվ, ուներ մարդահամարի փայլուն համակարգ, որը շատ լավ հնարավորություն է ստեղծում ճշգրիտ կերպով վերահսկելու, որպեսզի վերադառնան միայն նրանք, ովքեր ապրել են այնտեղ: Իհարկե, կարող է առաջանալ նաև երկրորդ հարցը, որի մասին այստեղ խոսք չգնաց. "Իսկ քանի՞ երեխա են ունեցել և այլն և այլն":
Այսքանն այն մասին, թե ով կարող է վերադառնալ:
Հիմա հանրաքվեի մասին. որևէ ժամկետի մասին խոսք չկա, որովհետև բոլորը լավ հասկանում են, որ փախստականը մեկ ամսում, մեկ տարում կամ երկու տարում դժվար թե վերադառնա: Այս ամենը պահանջում է հստակեցում: Հասկանալի է նաև, որ փախստականների մեծ մասը դժվար թե ցանկանա վերադառնալ այս պայմաններում: Դա նշանակում է, որ նրանց պետք է խրախուսեն վերադառնալու համար:

Իգոր Մուրադյան
Ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Դուք կարծես թե համաձայն եք պաշտոնական կարծիքի հետ: Բայց, Դուք, կարծես թե ընդդիմադիր եք, այո՞:

Շավարշ Քոչարյան
Ինչի՞ և ո՞ւմ հետ եմ համաձայն:

Իգոր Մուրադյան
Այստեղ Ձեր դիրքորոշումը համընկնո՞ւմ է կառավարության դիրքորոշման հետ:

Շավարշ Քոչարյան
Իմ դիրքորոշումը այն չէ, ինչ ես ասում էի մոդելի մասին, այլ իմ դիրքորոշումն այն է, որի մասին ես խոսեցի զեկույցի առաջին մասում: Ավելին, Ձեր ձեռքի տակ կա հոդված, որտեղ Դուք կարող եք տեսնել իմ և իմ կուսակցության դիրքորոշման տարբերությունն այն դիրքորոշումից կամ գծից, որն ունի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և ղեկավարությունը, որի հետ ես համաձայն չեմ:

Իգոր Մուրադյան
Իսկ Դուք գիտե՞ք արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը:

Շավարշ Քոչարյան
Իսկ ինչ է, Դուք չգիտե՞ք ԱԳՆ-ի դիրքորոշումը: Ես կարող եմ Ձեզ հստակ ասել: Երբ ես խոսում էի միջազգայնացման երեք ուղղությունների մասին, ապա ակնհայտ էր, որ մենք հիմա շատ ավելի ծանր բանակցային վիճակում ենք մի պարզ պատճառով. իմ գնահատականն այն է, որ, ի սկզբանե, պետք է հետևողական լինել ինքնորոշման իրավունքի շեշտադրությամբ: Բայց, իրականում, ես կարծում եմ, որ Դուք էլ կհամաձայնվեք, որ նախորդ իշխանությունները ավելի շատ շեշտադրումը տանում էին դեպի ազգային փոքրամասնության իրավունքը, ինչը լավագույն դեպքում կարող է ենթադրել այս կամ այն աստիճանի ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Դրա համար բազմաթիվ ապացույցներ կան, որոնց ես չեմ ուզում անդրադառնալ, սակայն, եթե պետք է` կարող եմ: Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, ցավոք սրտի, այդ ժամանակ շեշտադրումը գնաց մյուս ուղղությամբ. բռնի բաժանված ազգի վերամիավորում: Իհարկե, դա արդարացի է, դրա համար հիմքեր կան, բայց պետք է շատ լավ գնահատել, որ այդ պարագայում միջազգային հանրության դիմադրությունը կլինի շատ ավելի մեծ: Ավելի մեծ է վտանգը, որ դա կընկալվի որպես տարածքային վեճ երկու երկրների միջև և Հայաստանը կարող է պիտակվել որպես ագրեսոր, իսկ դա հակասում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հստակ արտահայտված կամքին և քայլերին: Որտեղի՞ց է գալիս իմ այս պնդումը, որ իշխանափոխությունից հետո, ավելի շատ այդ ուղղությամբ գնաց: իտեք ինչ, եկե՛ք հեռու չգնանք, եթե արտգործնախարարը հրապարակային արտահայտվում է, որ մենք վերամիավորված ենք, ապա ինչի՞ մասին է խոսքը: Ընդ որում` բազմիցս... Ես պետք է, իհարկե, նշեմ, որ արդեն մեկ տարի է, որ նմանատիպ հայտարարություններ չկան, արդեն մեկ տարի է շեշտադրումը գնալով ավելի ճշգրիտ է դառնում` կապված և՛ ինքնորոշման, և՛ այլ իրավական փաստերի ու մոտեցումների հետ: Բայց սկզբնական շրջանում, իմ գնահատմամբ, դա էր սխալը:



Շավարշ Քոչարյան
Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության
նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր