www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՂԱՐԱԲԱՂԸ ԿԴԻՄԱՆԱ ՆԱԵՎ ԱՅՍ ՓՈՐՁՈՒԹՅԱՆԸ


«Հայոց աշխարհ»,
www.armworld.am, 19 Հունիսի 2007

Ստորեւ՝ ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ նկատառումները ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ
  
- ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքները որքանո՞վ կարող են որոշիչ լինել բանակցային գործընթացն ի շրջանս յուր, այսինքն՝ Մինսկի խմբի իրական ձեւաչափին վերադարձնելու առումով։ Դա պայմանավորված է ապագա նախագահի անձո՞վ, թե՞ ավելի գլոբալ խնդիրների հետ է կապված։

- Վստահ եմ՝ Ղարաբաղում չկա որեւէ քաղաքական գործիչ, որ կողմնակից չլինի, որպեսզի Ղարաբաղը որպես լիարժեք կողմ մասնակցի բանակցություններին։ Այս տեսանկյունից, չեմ կարծում, թե նախագահի անձով պայմանավորված՝ Ղարաբաղը կներգրավվի կամ չի ներգրավվի բանակցային գործընթացում։
   Այլ բան է, որ, վերջին հաշվով, խնդիրը պետք է կարգավորվի քաղաքական որոշման արդյունքում։ Սակայն դա դեռեւս չի նշանակում, թե չկան գործոններ, որոնք այս կամ այն կերպ ազդում են այդ քաղաքական որոշման վրա։ Ընդ որում, խոսքը ամենեւին էլ ադրբեջանական նավթի մասին չէ։ Ինքնին փաստը, որ Ադրբեջանի բյուջեն գնալով ավելանում է, եւ նրանք լուրջ գումարներ են տրամադրում բանակին, իհարկե, չի կարելի անտեսել, բայց, մյուս կողմից, նաեւ պետք չէ գերագնահատել։


- ԼՂՀ նախագահական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակն այդ առումով ինչպե՞ս եք գնահատում։

- Ընտրություններն ընդհանուր գործընթացի մի մասն են։ Բոլորի,  այդ թվում՝ միջազգային դիտորդների համար ակնհայտ է, որ առնվազն վերջին 7-8 տարում Ղարաբաղը ժողովրդավարության ոլորտում շատ լուրջ առաջընթաց է արձանագրել։ Բավական է հիշեցնել, որ Ստեփանակերտում քաղաքապետն ընտրվում է, ոչ թե նշանակվում, ինչպես Բաքվի եւ նույնիսկ Երեւանի պարագայում։ Ավելին՝ թե՛ Ստեփանակերտում, թե՛ այլ բնակավայրերում, ընդդիմությունը լուրջ հաջողության հասավ ՏԻՄ ընտրություններում։
   Այսինքն՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացման առումով Ղարաբաղն առաջ է ընկել ոչ միայն Ադրբեջանից, ինչը դժվար չէ, այլեւ, որոշ հարցերում՝ նաեւ Հայաստանից։
   Երկրորդ կարեւոր քայլը ԼՂՀ սահմանադրության ընդունումն էր, որ ԱՊՀ տարածքում, ըստ էության« ամենաժողովրդավարականն է եւ համեմատության եզր չունի Ադրբեջանի սահմանադրության հետ. ուղղակի սար ու ձորի տարբերություն է։ Սա այն դեպքում, երբ ո՛չ Եվրախորհուրդը, ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ո՛չ Եվրամիությունը Ղարաբաղին ոչինչ չեն պարտադրում։
   Հաջորդ կարեւոր հանգամանքը ընտրական ինստիտուտի կայացումն է։ Ղարաբաղում պարբերաբար ընտրություններ են անցկացվել՝ նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ, եւ անկախ նրանից, միջազգային հանրությունը ճանաչե՞լ է, թե՞ չի ճանաչել այդ ընտրությունների արդյունքները, փաստն այն է, որ Ղարաբաղը փաստացի կայացած պետություն է, որտեղ բանակը գտնվում է քաղաքացիական վերահսկողության տակ։ Մինչդեռ Չեչնիան, որ ժամանակին՝ ըստ էության դե ֆակտո անկախ պետություն էր« չկարողացավ այդ անկախությունը տնօրինել, որովհետեւ վերածվեց դաշտային հրամանատարների երկրի։
   Եւս մեկ կարեւոր հանգամանք, որ հաճախ մոռանում ենք. չնայած սահմանադրությունը ԼՂՀ նախագահին չէր արգելում առաջադրվել եւ վերընտրվել 3-րդ, 4-րդ ժամկետով, Արկադի Ղուկասյանը չդիմեց այդ քայլին, ավելին՝ դրան շատ պարզ բարոյական բացատրություն տվեց՝ ասելով. ես պետք է ապրեմ իմ խղճի հետ համերաշխության մեջ։ Կարծում եմ՝ սա նախադեպ է ամբողջ ԱՊՀ տարածքի համար։
   Համոզված եմ, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ գնահատելու է այս ամենը, ինչպես Չեռնոգորիայի եւ Կոսովոյի պարագայում, որոնցից առաջինն անկախացել է, երկրորդը այդ ճանապարհին է։ Որովհետեւ չկա՛ աշխարհում նախադեպ, երբ նույն միջազգային հանրությունը ժողովրդավարական միավորին պարտադրել է ենթարկվել բռնապետական երկրին։

- Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ մեր որոշ գործիչներ փորձում են ոչ լեգիտիմության “սինդրոմը” տեղափոխել Արցախ՝ ընտրությունները դեռ չսկսված« հայտարարում են« թե Ղարաբաղում ընտրություններ չեն լինելու։ 

- Այդ քննարկումներն ինքնին խոսում են այն մասին, որ Ղարաբաղում նորմալ քաղաքական գործընթաց է գնում, եւ կա ընտրության հնարավորություն։ Եթե չլիներ, եւ ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված լիներ, կարծում եմ, այդ մասին չէր էլ խոսվի։ Կան տարբեր թեկնածուներ, յուրաքանչյուրն ունի իր կողմնակիցները, որոնք էլ փորձում են մեզ համար ավանդական ոճով քարոզել իրենց նախասիրած թեկնածուների օգտին։
   Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ձգտումներին՝ հնարավորինս համախմբված հանդես գալու, տվյալ դեպքում՝ աջակցելու թեկնածուներից մեկին, ես դա բնական եմ համարում ցանկացած երկրի, առավել եւս Ղարաբաղի համար։
   Այս ընտրությունը Ղարաբաղի համար նաեւ ներքին փորձություն է. մինչեւ հիմա, նույնիսկ տարբեր թեկնածուների առկայության պարագայում, արտաքին սպառնալիքը քաղաքական ուժերին ստիպել է նախագահական ընտրություններում հանդես գալ, ըստ էության, մեկ ռեալ թեկնածուով։ Մարդիկ չեն էլ փորձել վտանգել այն քաղաքական կայունությունը, որ օդ ու ջրի պես անհրաժեշտ էր փաստացի պատերազմի մեջ գտնվող չճանաչված երկրին։ Հիմա այդ հնարավորությունը կա, եւ դա ինքնին դրական է։
   Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն ընրությունների արդյունքնեը, անհրաժեշտ է, որ Ղարաբաղը համախմբված լինի առնվազն մի հարցի շուրջ։ Այն է՝ ԼՂՀ-ն մտել է մի փուլ, երբ կարող է դերակատարություն ունենալ նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Կարծում եմ՝ Ղարաբաղը կդիմանա այդ փորձությանը։
 
 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ