www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԼՈՒԾՎԵԼ Է


www.Lragir.am, 
27 Հունիսի 2007

Հայաստանի քաղաքական համակարգը որակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին եւ պահանջներին` թե ընդդիմության եւ թե իշխանության առումով: Հունիսի 27-ին Փաստարկ ակումբում այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի խորհրդարանի ընտրության 5 տոկոսի շեմը չանցած ԱԺԿ կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, Հայաստանի նոր Սահմանադրությունը երկիրը դարձրել է տիպիկ կիսանախագահական պետություն: Իսկ այդ պարագայում իշխանության հարցը լուծվել է խորհրդարանի ընտրությանը, ինչը նշանակում է, որ իշխանությունը պատկանում է խորհրդարանի մեծամասնությանը, իսկ իրական իշխանության առաջին դեմքը դառնում է վարչապետը: Այդ առումով Շավարշ Քոչարյանը այդքան էլ կարեւոր չի համարում այն հեռանկարը, որ Հայաստանում կարող է ձեւավորվել վիճակ, երբ նախագահը, վարչապետը եւ խորհրդարանի նախագահը միեւնույն կուսակցության ներկայացուցիչ են:


Եթե երկրում լինի նախագահ, որը չի պատկանում քաղաքական մեծամասնությանը, ապա քանի որ կառավարության կազմը որոշում է օրենքը, իսկ օրենք ընդունում խորհրդարանը, ապա խորհրդարանական մեծամասնությունը կարող է կառավարության կազմում կատարել կառուցվածքային փոփոխություն եւ բոլոր այն ոլորտները` ուժային եւ արտաքին քաղաքական, որոնք նախագահի իրավասության տակ են, դնել կառավարության, այսինքն վարչապետի իրավասության տակ: Իրավիճակի այդպիսի վերլուծություն է անում Շավարշ Քոչարյանը:
 
Այդ դեպքում սակայն հարց է առաջանում, թե որն է նախագահ դառնալու իմաստը, ինչին ձգտում է խորհրդարանի ներկայիս մեծամասնության կրող ՀՀԿ ղեկավար, վարչապետ Սերժ Սարգսյանը: “Խնդիրը հետեւյալն է, եթե կիսանախագահական համակարգում նախագահը եւս ներկայացնում է այդ մեծամասնությունը, ապա նա դառնում է գերհզոր նախագահ: Այն պարզ հաշվարկը, որ ես ձեզ բերեցի, այդ դեպքում ուժային կառույցները չեն ենթարկվի կառավարությանը, այլ ուղղակի կմնան ենթակա նախագահին: Իսկ իրենք այդ դեպքում ավելի անվերահսկելի են, որովհետեւ եթե կառավարության կազմում են, առնվազն, օրինակ բերեմ, խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կարող են հարց ուղղել նրանց: Իսկ մեծամասնությունը միշտ ցանկանում է լինել անվերահսկելի: Այնպես որ, այս դեպքում հասկանալի է այն տրամաբանությունը, որով գործում է հանրապետականը եւ որով գործում է Սերժ Սարգսյանը: Նա ձգտելու է լինել նախագահ”, ասում է Շավարշ Քոչարյանը:

Փոխարենը նրան անհասկանալի է ընդդիմության տրամաբանությունը: Այսինքն, Շավարշ Քոչարյանն ասում է, որ Հայաստանին անհրաժեշտ է խաղի նոր կանոնների տրամաբանությունն ըմբռնող ընդդիմություն: ԱԺԿ ղեկավարն ասում է, թե ի տարբերություն իր կուսակցության, ընդդիմադիրներն այդպես էլ չհասկացան, որ մայիսի 12-ին իշխանությունը գործելու է բոլորովին այլ մեթոդներով, քան համապետական նախորդ ընտրություններին էր` չի լցոնելու, չի ծեծելու, չի կալանելու, չի ահաբեկելու, այլ կիրառելու է ընտրությունների կեղծման նոր տեխնոլոգիաներ, մասնավորապես, մարդկանց խմբերը շրջելու են տեղից տեղ եւ քվեարկելու են բացակաների փոխարեն: Ըստ Շավարշ Քոչարյանի, ընդդիմությունն այդ պարզ իրողությունը չկարողացավ նկատել եւ խաղաց իշխանության խաղը: Եթե ընդդիմությունը որակապես չփոխվի եւ չմիավորվի, ներկայանալով միասնական թեկնածուով, ապա կարելի է համարել, որ նախագահի ընտրությանը պարտությունն անխուսափելի է, կարծում է Շավարշ Քոչարյանը: