www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԱՆՊԱՍՏ ԴԻՐՔԻՑ ՍԿՍԵԼՈՒ ՎԻՃԱԿ


www.Lragir.am, 
27 Հունիսի 2007

Միջազգային ասպարեզում առկա է մի իրավիճակ, որը լավ նախադրյալ է ստեղծում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը հայանպաստ դիրքից սկսելու համար, հունիսի 27-ին Փաստարկ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանը: Նրա կարծիքով, հայանպաստ մեկնարկի համար հնարավորություն է տալիս թե հանգամանքը, որ Եվրոպայում Չեռնոգորիայի անկախության փաստին կավելանա Կոսովոյի անկախությունը, իբրեւ նախադեպ Ղարաբաղի համար, թե այն, որ կարգավորման Պրահայի գործընթացը փաստացի մտել է փակուղի` առավելապես Ադրբեջանի մերժողական եւ անզիջում դիրքի պատճառով, եւ թե այն, որ միջազգային հասարակական կազմակերպությունների գնահատականների համաձայն, Ադրբեջանն արդեն համալրում է տիպիկ բռնապետությունների շարքը:  


Այդ իրավիճակում հայկական կողմը, ըստ Շավարշ Քոչարյանի, կարող է հմուտ դիվանագիտական քայլերի շնորհիվ իրողությունները շրջել ի նպաստ մեզ: Դրա համար Շավարշ Քոչարյանը մասնավորապես ընդգծում է Ղարաբաղի ժողովրդավական գործընթացները, եւ հատկապես հանգամանքը, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը փաստորեն հետխորհրդային տարածքում ստեղծում է երրորդ ժամկետի չգնալու նախադեպ: Սակայն Շավարշ Քոչարյանին միայն Ղուկասյանի քայլը չէ, որ տալիս է Ղարաբաղի ժողովրդավարական գործընթացի մասին խոսելու հիմք: Նրա գնահատամբ, ԼՂՀ-ում վերջին տարիների իրադարձությունները վկայում են այնտեղ ժողովրդավարական առաջընթացի առկայության մասին:
 
Ղարաբաղի ժողովրդավարության մասին դատողության հիմք են ընտրական գործընթացները, որ տեղի են ունեցել Ղարաբաղում, թե բանակի քաղաքացիական վերահսկողության գործընթացը, թե այն, որ Ղարաբաղում մամուլն այդքան չի հետապնդվում, որքան նույնիսկ Հայաստանում, թե այն, որ ԼՂՀ ՏԻՄ ընտրություններում հաղթեց եւ Ստեփանակերտի քաղաքապետ դարձավ ընդդիմության ներկայացուցիչը: Ըստ ԱԺԿ նախագահի, “Ղուկասյանի բարոյական քայլը այդ շղթայի մի մասն է”, որն էլ կազմում է Ղարաբաղի ժողովրդավարացման գործընթացը:
 
Արդյոք հայանպաստ զարգացման համատեքստում Շավարշ Քոչարյանը նկատի ունի Ղարաբաղի նոր նախագահի ընտրության պարագան, այն առումով, որ նոր նախագահը հայտարարի Հայաստան-Ադրբեջան ֆորմատը չճանաչելու եւ Ղարաբաղը բանակցության սեղան վերադարձնելու պահանջի մասին: Այդ հարցի պատասխանը հետաքրքրական է հատկապես այն ֆոնին, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն իր պաշտոնավարման ավարտին հանկարծ հայտարարեց, թե երեւի ժամանակն է, որ Հայաստանը հեռանա բանակցությունից, եթե Ղարաբաղը դրա մաս չէ:
 
Շավարշ Քոչարյանն ասում է, որ Ղարաբաղում չի լինի մի քաղաքական գործիչ եւ ուժ, որը համաձայն չլինի Ղարաբաղի բանակցային կողմ դառնալուն եւ դա չհամարի անհրաժեշտություն: “Այսինքն խնդիրը նախագահի անձը չէ այս պահին: Խնդիրը կյանքի պահանջն է: Խնդիրը կայանում է նրանում, որ քանի Հայաստանն է բանակցում, դա հեշտացնում է Ադրբեջանի, այսպես ասած, պրոպագանդան, որ սա տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հետեւաբար Հայաստանն ագրեսոր է: Որը մեզ բացարձակապես ձեռնտու չէ: Եթե Ղարաբաղը դառնում է բանակցային կողմ, ապա ագրեսորը դառնում է Ադրբեջանը”, նշում է Շավարշ Քոչարյանը:
 

ԱԺԿ ղեկավարն ասում է, որ խնդիրը միայն Ղարաբաղին բանակցային կողմ դարձնելու մասին հայտարարություն անելը չէ: Նրա կարծիքով, դրա համար անհրաժեշտ է լուրջ դիվանագիտական աշխատանք, օգտագործելով այն հնարավորությունները, որ նրա կարծիքով առկա են միջազգային քաղաքականության ներկա իրողությունների պարագայում` Չեռնոգորիայի եւ Կոսովոյի նախադեպ, Պրահայի գործընթացի փակուղի, Ադրբեջանի բռնապետական բնութագիր: