www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՍԻՄԵՏՐԻԱ


www.Lragir.am, 
27 Հունիսի 2007

Տարածքների վերաբնակեցումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջ է բերում ասիմետրիկ` հումանիտար բաղադրիչ, կարծում է Ազգային Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը: Նա այդ մասին խոսել է հունիսի 27-ին Փաստարկ ակումբում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: 
“Անընդհատ խոսում են` Ադրբեջանի փախստականներ, տեղահանվածներ: Այնպիսի տպավորություն է, որ եթե ադրբեջանցի է փախստական, ապա դա հումանիտար խնդիր է, իսկ եթե հայ է` ոչ: Շատ էական է, որ կան նաեւ այլ հարցեր: Խնդիրն այն է, որ այդ մարդիկ, որոնք բռնահանված են Ադրբեջանից, նրանք պետք է փոխհատուցում ստանան: Ոչ միայն նյութական փոխհատուցում: Նրանք փաստացի հայրենիք են կորցրել եւ իրենք ի վիճակի չեն վերադառնալ, ոչ Բաքու, ոչ Շամխոր, ոչ այլ տեղ: Այդ մարդիկ բոլոր իրավունքներն ունեն բնակվելու Լեռնային Ղարաբաղում, բնակվելու հենց ազատագրված տարածքներում”, ասում է Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա, երկու մասնագետ` Սերգեյ Մինասյան եւ Միխայիլ Աղաջանով, “շատ փայլուն այդ բոլորը բերել են միջազգային իրավունքի տեսակետից, բոլոր տեսակետներից: Կան լուրջ հոդվածներ”: “Ես կարծում եմ, որ այդ մոտեցումը չի կարող չազդել թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության դիվանագիտության վրա”, ասում է ԱԺԿ նախագահը: Նա համաձայն չէ մտքին, որ փախստականները չեն համաձայնի գնալ եւ բնակվել տարածքներում: Շավարշ Քոչարյանն ասում է, որ ցանկացողներ շատ կան, նույնիսկ մի քանի հազար, պարզապես պետք է այդ ուղղությամբ աշխատել: Նա կրկնել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հայտարարությունը, թե Հայաստանի օլիգարխները փող չեն ներդնում տարածքները բնակեցնելու գործընթացի համար: “Պետք չէր, որ հասնի այնտեղ, որ Ղարաբաղի նախագահը դա ստիպված, հրապարակային ասի: Այո, փողատերերը, լինի դա Հայաստանի, լինի դա Սփյուռքի, պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեն հենց այդ խնդրին”, ասում է Շավարշ Քոչարյանը:
 
 Բայց միեւնույն ժամանակ նա համաձայն է, որ փողատերերի ուշադրության համար անհրաժեշտ է խնդրի հանդեպ պետության ուշադրությունը, եւ որեւէ փողատեր փող չի տա բնակեցնելու համար, եթե պետությունը չի ներկայացրել բնակեցման հստակ ու համակարգված ծրագիր: “Այո, այստեղ երկու հայկական պետությունները պետք է շատ ներդաշնակ գործեն: Պետք է լինի ծրագիր, պետք է ներգրավված լինեն հասարակական կազմակերպությունները, եւ սփյուռքահայ կազմակերպությունները: Բնական է: Համաձայն եմ: Եղել են քայլեր, ժամանակին եղել է բնակեցման ծրագիր, կիսատ-պռատ մնաց, մարդիկ հեռացան: Այսինքն չի կարելի ոչ խորքային քայլեր անել: Դա պետք է շատ լուրջ նախապատրաստել”, ասում է Շավարշ Քոչարյանը: