|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ՂԱՐԱԲԱՂԸ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔ Է |

«Հայոց աշխարհ»,
www.armworld.am, 25 Հուլիսի 2007
Եւ համապատասխանում է բոլոր չափանիշներին
ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ որպես դիտորդ հետեւել է ԼՂՀ նախագահական ընտրություններին եւ դրական լիցքերով է վերադարձել Ստեփանակերտից։ Երեկ “Հայացք” ակումբում ներկայացնելով իր դիտարկումները, բանախոսը անթաքույց գոհունակությամբ փաստեց, որ, անցկացնելով հերթական ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունը, դեռ մի բան էլ գերազանցելով նախկին նշաձողը, արցախցիները եւս մեկ քայլ կատարեցին դեպի ժողովրդավարություն։
Տեղի ունեցածի կարեւորությունն ընդգծելու համար Շ.Քոչարյանը զուգահեռ անցկացրեց Ղարաբաղի եւ Չեչնիայի միջեւ։ Խորհրդային կայսրության փլուզումից հետո անկախության ուղեգիծ որդեգրած ինքնավարությունների անցած ճանապարհին հետեւելով, ըստ նրա, “կարելի է արձանագրել երկու բեւեռ։ Մի բեւեռում Ղարաբաղն է, մյուսում՝ Չեչնիան։ Չեչնիան, ըստ էության, ստացավ անկախություն, բայց չկարողացավ տնօրինել այն, որովհետեւ դարձավ դաշտային հրամանատարների երկիր։ Երկիր, որտեղ, ըստ էության, չկա իշխանություն, որտեղ դատ ու դատաստան են կատարում հրապարակներում, Շարիաթի օրենքներով”։
Իսկ ահա “Ղարաբաղը հստակ կայացել է որպես պետություն՝ իր բոլոր հատկանիշներով. քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող մարտունակ բանակ, պարբերաբար անցկացվող ընտրություններ բոլոր մակարդակներով՝ տեղական ինքնակառավարում, պառլամենտ, նախագահ”։
Ընդսմին՝ “տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում ընդդիմությունը շատ պատկառելի արդյունք արձանագրեց։ Մասնավորապես, Ստեփանակերտի քաղաքապետ ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը, այն դեպքում, երբ Երեւանում եւ Բաքվում քաղաքապետը նույնիսկ չի ընտրվում, այլ նշանակվում է”։ Ավելին՝ Ղարաբաղը սեփական կամքով, առանց արտաքին պարտադրանքների, համառորեն եւ հետեւողականորեն, տրամաբանական ավարտին հասցրեց ժողովրդավարական եւ դատաիրավական բարեփոխումների գործընթացը, որի վերջին ակորդը սահմանադրության ընդունումն էր։
ԱԺԿ նախագահի համոզմամբ, արցախցիները նոր քաղաքական մշակույթ՝ բարոյականության տարր ներմուծեցին հետխորհրդային ճանաչված եւ չճանաչված երկրների քաղաքական պրակտիկայում. “Երկրի ղեկավարը՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, կարող էր, բայց չօգտվեց այն հանգամանքից, որ սահմանադրությունը խաղի նոր կանոններ է հաստատում քաղաքական դաշտում, եւ չառաջադրեց իր թեկնածությունը 3-րդ եւ 4-րդ ժամկետով ընտրվելու համար։ Այսինքն՝ եթե նույնիսկ իրավական տեսանկյունից հնարավորություն ուներ շրջանցելու այդ արգելքը, բարոյական տեսանկյունից այդ քայլին չդիմեց”։
Պատահական չէ, ըստ նրա, որ ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների արձագանքը միանշանակ “դրական էր։ Թեեւ կան բաներ, որ նրանց համար այնքան էլ հասկանալի չեն։ Օրինակ՝ ինչո՞ւ իշխանական եւ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը, բացի Կոմկուսից, որ հանդես եկավ սեփական թեկնածուով, որոշեցին պաշտպանել նույն թեկնածուին՝ Բակո Սահակյանին”։
Առաջին հայացքից “անբացատրելի” սույն իրողությունը, Շ.Քոչարյանի կարծիքով, ավելի քան պարզ բացատրություն ունի. “Իհարկե, սովորական իրավիճակում այդպիսի բան չպետք է լիներ։ Բայց միջազգային դիտորդների հարցերին ի պատասխան՝ ես ընդամենը մի փաստարկ էի բերում. եթե ուզում եք, որ հաջորդ անգամ այդպես չլինի, ճանաչեք ԼՂՀ անկախությունը, եւ հավատացնում եմ՝ նույնիսկ արտաքին ճնշումների դեպքում ընդդիմությունը եւ իշխանությունը նույն թեկնածուի շուրջ չեն միավորվի”։
Այլ կերպ ասած՝ Ղարաբաղում դեռեւս գործում է արտաքին սպառնալիքներին դեմ հանդիման առավելագույնս համախմբված հանդես գալու եւ ուժերի փոշիացման, պառակտման միտումներին տուրք չտալու մտայնությունը. ինքնապաշտպանական բնազդը, որ Հայաստանում, ավաղ, բթացել է։
Այս ընտրությունները, Շ.Քոչարյանի կարծիքով, նախորդներից մի քայլ առաջ էին նաեւ այն առումով, որ եթե մինչեւ հիմա նախագահական ընտրությունները Ղարաբաղում անցնում էին առանց իրական այլընտրանքի, ապա այս անգամ “կար երկրորդ լուրջ թեկնածուն՝ Մասիս Մայիլյանը, որ ստացավ ընտրողների ձայների ավելի քան 12 տոկոսը։ Սա ինքնին դրական է եւ խոսում է ղարաբաղյան ապագա գործընթացների վեկտորի մասին”։
Իհարկե, հայաստանյան որոշ շրջանակներ փորձեցին նախընտրական դիմակայության, անհանդուրժողականության հայաստանյան “մշակույթը” արտահանել Ղարաբաղ, եւ, որքան էլ ցավալի է, կարողացան մասամբ ապականել ի սկզբանե հանդարտ, փոխադրած մեղադրանքներից եւ ցեխարձակումներից զերծ առողջ մթնոլորտը։ Բայց ղարաբաղցիներն այս դեպքում էլ կարողացան դիմակայել փորձությանը։ Շ.Քոչարյանի համոզմամբ՝ այդ է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Մասիս Մայիլյանը, մեր ընդդիմադիր ջոջերին հակառակ, իր մեջ ուժ գտավ ընդունելու սեփական պարտությունը եւ շնորհավորելու ընտրված թեկնածուին։
Դե, իսկ ԼՂՀ ընտրությունները չճանաչելու վերաբերյալ հերթապահ հայտարարություններ տիրաժավորող միջազգային հեղինակավոր կառույցները, ըստ Շ.Քոչարյանի, “հայտնվել են մի քիչ զավեշտական վիճակում”։ Ճիշտ այնպես, ինչպես սահմանադրական հանրաքվեից հետո, երբ հայտարարեցին, թե չեն ճանաչում ԼՂՀ սահմանադրությունը։ “Էդ ո՞ր երկրի սահմանադրությունն են ճանաչել. Ադրբեջանի սահմանադրությունը ճանաչե՞լ են, որ Ղարաբաղի սահմանադրությունը չեն ճանաչում։ Իսկ եթե ճանաչել են, ուղղակի խայտառակություն է, որովհետեւ դա բռնապետության սահմանադրություն է”,- ժողովրդավարություն պրոպագանդող եվրակառույցների անհետեւողականությունը մատնանշելով՝ զարմանում եւ տարակուսում է ԱԺԿ նախագահը։
Ավելին՝ ԱԺԿ նախագահը համոզված է, որ որքան էլ միջազգային հանրությունը արտաքուստ մերժում է Ղարաբաղի կայացման եւ ժողովրդավարացման գործընթացի լեգիտիմությունը, “իրականում լուրջ եւ խորքային հետաքրքրություն է դրսեւորում այստեղ ընթացող քաղաքական պրոցեսների նկատմամբ”։ Այն, որ ԼՂ ընտրություններին հետեւում էին միջազգային լուրջ փորձագետներ, որոնք էական դերակատարություն են ունեցել Կոսովոյի հարցի քաղաքական կարգավորման, Մինսկի խմբի բանակցային գործընթացի քիուեսթյան շրջափուլի նախապատրաստման գործում, ավելորդ անգամ “փաստում է, թե որքանով լուրջ եւ խորքային է միջազգային հանրության վերաբերմունքը Ղարաբաղում տեղի ունեցող ընտրությունների հանդեպ”։
Եւ դա բնական է, քանզի “Ղարաբաղը իսկապես բացառիկ դեպք է, որը բավարարում է ցանկացած չափանիշների”։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ | | |
|
|
|