|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԺԱՆՐԻ ՃԳՆԱԺԱՄ ԵՎ ՄԵՌԱԾ ԱՍՏՂԵՐ |
www.Lragir.am,
22 Օգոստոսի 2007
Ազգային Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը օգոստոսի 22-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ներքաղաքական իրադրությունը բնութագրել է մեկ բառակապակցությամբ` “Ժանրի ճգնաժամ”: Շավարշ Քոչարյանը բացել է իր միտքը, ասելով, որ դա այն է, երբ միջոցը փոխարինել է նպատակին, այսինքն, խնդիրներ լուծելու միջոց հանդիսացող իշխանությունը թե ընդդիմության, թե իշխանության համար դարձել է ինքնանպատակ: Ըստ ԱԺԿ ղեկավարի, ծրագրերն ու գաղափարները մղվել են հետին պլան եւ առաջ է եկել միայն անձերի խնդիրը: Դրա համար մեղադրում են ժողովրդին, ասում է Շավարշ Քոչարյանը, բայց նրա կարծիքով, ժողովուրդը մեղավոր չէ:
“Իրականում ժողովուրդը երբեք անարձագանք չի մնացել այն դրական, հանուն Հայաստանի քայլերին, որոնք առաջարկվել են քաղաքական դաշտի կողմից: Մի քիչ կարող է անսպասելի հայտարարություն անեմ, եթե փորձենք քաղաքական դաշտն ամբողջությամբ իրար միավորել եւ բնութագրել, ապա ես կարծում եմ, որ ամբողջ քաղաքական դաշտը գումարային, ընդդիմադիր է: Ընդդիմադիր է սեփական ժողովրդին”, ասում է ԱԺԿ ղեկավարը: Նրա գնահատմամբ, քաղաքական դաշտում բոլորն առաջնորդվում են նեղ, անձնական, ընտանեկան-կլանային շահով: Դրա հետեւանքն այն է, կարծում է Քոչարյանը, որ կուսակցությունները փոքրանում են եւ չեն կարողանում ունենալ անհրաժեշտ կառույցներ հասարակության վրա ազդեցություն ունենալու համար: Ըստ Շավարշ Քոչարյանի, այդ հնարավորությունն ունեն միայն իշխանական կուսակցությունները, որովհետեւ նրանք ունեն դրա համար անհրաժեշտ փող:
Առաջիկա նախագահի ընտրության կապակցությամբ Շավարշ Քոչարյանը առանձնացնում է մի քանի հանգամանք: Նրա խոսքով, դրանցից առաջինը նախագահի պաշտոնը գերագնահատելն է: Մինչդեռ փոփոխված Սահմանադրությամբ նախագահը չունի մինչ այդ ունեցած իշխանությունը, ասում ԱԺԿ ղեկավարը: “Երկրորդը, Հայաստանում իշխանության հարցը լուծվել է խորհրդարանի ընտրությամբ: Այսինքն, ընտրվող նախագահը դեռ չի նշանակում իշխանափոխություն: Եթե նա նույնիսկ ներկայացնում է այլ քաղաքական ուժ, քան մեծամասնությունը, ապա նա կամ պետք է համակերպվի եւ աշխատի մեծամասնության հետ, կամ էլ բոլոր լծակներն ունեցող մեծամասնությունն իրեն կմեկուսացնի որպես նախագահ”: Իսկ նախագահի թեկնածուների մասին նա ասում է, որ նրանց էլ, ինչպես ճտերին, հաշվում են աշնանը: Նա թերահավատորեն է վերաբերում ընդդիմության միասնական թեկնածուի որոնմանը, ասելով, որ այդ որոնման հիմքում ընկած է ոչ թե նոր մոտեցումների, այլ անձերի խնդիրը: ԱԺԿ ղեկավարն իհարկե չի բացառում, որ ինքն էլ մասնակցի ընդդիմության սրճարանային հավաքներին, բայց կրկին ասում է, որ եթե չլինի նախորդ անհաջողությունների մանրակրկիտ վերլուծություն, որակական, գիտակցական փոփոխություն, ապա ամեն ինչ վերածվում է “կարեւորը մասնակցությունն է” օլիմպիական սկզբունքի:
“Հարաբերությունների տեսությունը գիտեք, չէ, մարմինն այնքանով է կշիռը մեծ, որքանով արագ է նրա շարժումը: Հիմա իմ ասածն այն է, որ պետք է շարժվել, առաջ գնալ կշիռը բարձրացնելու համար: Իսկ անընդհատ հարցերը հնչում են տեղում դոփող քաղաքական գործիչների կշռի մասին”, ասում է Շավարշ Քոչարյանը, նշելով, որ մեռած աստղերի համաստեղությունը լույս ու ջերմություն չի պարունակում: | | |
|
|
|