|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԻՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ |

www.Lragir.am,
22 Օգոստոսի 2007
“Ոչ մեկի մոտ հարց էլ չի առաջանում` լավ, ասենք ինքը գա, ի՞նչ է անելու”, օգոստոսի 22-ին ասել է Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպման ներկայացած ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, խոսելով նախագահի 2008 թ. ընտրության հետ կապված զարգացումների, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման նպատակահարմարության մասին: “Ինչի համար է գալիս, ինչ ծրագրեր է իրականացնելու: Մի բան բոլորիս համար ակնհայտ է: Հիշում ենք, եւ իրա ելույթներից, եւ քայլերից` Ղարաբաղը զիջելու է: Է՞լ ինչ է անելու, ախր ոչ մեկը այդ հարցը չի տալիս”, ասում է Շավարշ Քոչարյանը:
Նա նշում է, որ իր համար ցավալիորեն է հնչում այն փաստարկը, որ Տեր-Պետրոսյանի վերադարձի կապակցությամբ ներկայացնում են նրա համախոհները: “Ասում են, որ եթե ինքը գա, ճեղք կտա իշխանական դաշտը, եւ իշխանական դաշտի մի մասը կսկսի սատարել եւ դրանով հնարավորություն կստեղծի: Այսինքն, ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ընդդիմադիրների այդ հատվածը վերջնականապես թեքել է երեսը ժողովրդից, հույսը դնելով միայն մի բանի վրա, որ նույն իշխանական դաշտում տեղի կունենա ճեղք, տրոհում, եւ դրա շնորհիվ ի վիճակի կլինի դնել իրենց ներկայացուցչին”, ասում է Շավարշ Քոչարյանը:
Մինչդեռ, ըստ նրա, խնդիրն այն է, որ ներկայում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը լավագույնս սպասարկում է այն կլաններին, օլիգարխներին, որոնց ձեռքին է Հայաստանի իրական իշխանությունը, որոնց վրա է հենվում Քոչարյան-Սարգսյան զույգի իշխանությունը: Շավարշ Քոչարյանի կարծիքով, Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին բերվող փաստարկը ընդամենը այն է, որ եթե Տեր-Պետրոսյանը գա, ապա նա ավելի լավ կսպասարկի կլաններին: ԱԺԿ ղեկավարի համոզմամբ, առաջին նախագահի վերադարձը փաստարկողները ընդամենն այդ մեսիջն են ուղղում կլաններին: | | |
|
|
|