www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ


«Հայոց աշխարհ»,
www.armworld.am, 21 Սեպտեմբերի 2007
 
   Տարօրինա՞կ չէ, որ համակարգային փոփոխությունների մասին ամենից շատ եւ ամենից բարձր ՀՀՇ-ն է խոսում, ասելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է այն միակը եւ անփոխարինելին, որը կարող է համախմբել ընդդիմությանը եւ երկրում իրականացնել համակարգային փոփոխություններ։
   Ի պատասխան մեր այս հարցի, ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ նշեց. “Շատ կցանկանայի, որ այս աղմուկ-աղաղակը վերջանար նրանով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դներ իր թեկնածությունը, եւ բոլորը իրականում տեսնեին՝ ինչքանով է վայելում ժողովրդի վստահությունը։ Կամ՝ ժողովուրդն ինչքանով է պատրաստ, համաձայն կամ դեմ, որ նա վերադառնա ակտիվ քաղաքականություն եւ շարունակի կիսատ թողածը։ Կարծում եմ, որ սա՛ կլինի լավագույն հանգուցալուծումը, եթե, իհարկե, ինքը ունենա այդ համարձակությունը”։
 
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ

   - Մինչ ընդդիմադիր ուժերը, ինչպես միշտ, փորձում են միավորվել, իշխանական դաշտում գործող Դաշնակցությունը վերահաստատեց, որ նախագահական ընտրություններում հանդես է գալու սեփական թեկնածուով։ Այս համատեքստում ընդդիմության մեկնարկային հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։ 
 
   - Կարծում եմ՝ խնդիրը լրիվ այլ դաշտում է։ Մի կողմից՝ ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններով իշխանության հարցն արդեն լուծված է։ Կա քաղաքական մեծամասնություն, որի ձեւավորած կառավարությունը մշակում եւ իրականացնում է պետության ներքին քաղաքականությունը։ Նախագահը դրա հետ, ըստ էության, գրեթե առնչություն չունի։ Այդ նույն կառավարությունը մշակում եւ իրականացնում է արտաքին քաղաքականությունը՝ նախագահի հետ համատեղ։
   Այսինքն՝ նախագահական ընտրություններով իշխանության, առավել եւս իշխանափոխության խնդիր չի կարող լուծվել։ Ընդամենը լուծվում է հետեւյալ խնդիրը՝ կդառնա՞ այդ իշխանությունն ամբողջությամբ միահեծան։ Նախագահ կընտրվի Հանրապետական կուսակցության ներկայացուցի՞չը, թե՞ այլընտրանքային թեկնածուն եւ, արդյոք վերջինս, ընտրվելու պարագայում, կկարողանա՞ ինչ-որ չափով դառնալ հակակշիռ այդ միահեծան իշխանությանը։
   Բնական է, որ փոփոխված սահմանադրության պայմաններում իսկապես չափազանց կարեւոր է դառնում՝ ընդդիմությունն ի վիճակի՞ է համախմբվել եւ, հնարավորինս միասնաբար հանդես գալով նախագահական ընտրություններում, “անցկացնել” իր թեկնածուին։ 

   - Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը։ Այսօր ընդդիմադիր դաշտում ընթացող գործընթացները, շարունակվող միջկուսակցական բանակցությունները որքանո՞վ արդյունավետ են այդ մաքսիմում-նպատակին հասնելու համար։ 
 
   - Իմ գնահատմամբ՝ դեռեւս արդյունավետ չեն։ Ինչո՞ւ։ Նախ՝ մարդիկ կարծես թե դեռ չեն գիտակցում, որ խաղի կանոնները փոխվել են։ Կամ միգուցե չեն ուզում հասկանալ, որովհետեւ իրենց ձեռնտու չէ։ Համենայն դեպս, այնպես են ներկայացնում, թե խոսքը հնարավոր իշխանափոխության մասին է։
   Երկրորդ՝ ընդհանրապես ընդդիմության գործողությունների արդյունավետությունը պայմանավորված է առաջին հերթին ժողովրդի վստահությամբ եւ աջակցությամբ։ Մինչդեռ մեզանում կա վստահության դեֆիցիտ՝ ժողովուրդը, իշխանություններից դժգոհելու բազմաթիվ պատճառներ ունենալով հանդերձ, ընդդիմադիր լիդերներից որեւէ մեկին չի վստահում։ Արդյունքում ընդդիմության մեծամասնությունը հայտնվում է փակուղու առաջ։ Ամեն մեկը հոգու խորքում կարծում է, որ ինքը պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածու. այ, հենց որ կդառնա միասնական թեկնածու, այն ժամանակ կներկայացնի իր ծրագիրը, եւ ժողովուրդն առանց երկար-բարակ մտածելու կգնա նրա հետեւից։ Կարծում եմ՝ սա իսկապես փակուղի է։
   Մինչեւ հիմա ընդդիմությունը երկու անգամ է կարողացել այս կամ այն չափով համախմբված ու միասնաբար հանդես գալ նախագահական ընտրություններում՝ 1996-ին եւ 2003-ին։ Երկու դեպքում էլ ընդդիմադիր գործիչներից մեկը մյուսներից նկատելիորեն “առաջ” էր ընկել։ Այսինքն՝ բոլորի համար ակնհայտ էր, որ, մի դեպքում Վազգեն Մանուկյանը, մյուս դեպքում՝ Ստեփան Դեմիրճյանը, վայելում էին ժողովրդի աջակցությունը։ Դրա համար էլ մյուս քաղաքական ուժերը, ընդունելով նրանց “առավելությունը”, հավաքվեցին նրա դրոշի ներքո։ Այսօր չի երեւում այդ ընդգծված հեղինակությունը։
   Ի՞նչ է ստացվում։ Մի կողմից՝ նախագահը չունի նախկին լիազորությունները եւ չի կարող իր կամքը թելադրել խորհրդարանական մեծամասնությանը, մյուս կողմից՝ չկա այն անձը, որի շուրջ կարող են միավորվել մյուս ընդդիմադիր ուժերը։ Այս իրավիճակում ընդդիմության միասնական թեկնածուի որոնումները հիշեցնում են փոթորիկ մի բաժակ ջրում, եւ այդ ջրից, այսպես շարունակվելու դեպքում, ոչ մի փոթորիկ դուրս չի գա։

   - Քաղաքական որոշ շրջանակներ, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանը, զարգացումների այլ սցենար են կանխատեսում։ Ըստ այդմ՝ “այլընտրանքային” թեկնածուի նախագահ ընտրվելու պարագայում իշխանական բուրգը ճեղքվում է, խորհրդարանական մեծամասնությունը ճաք է տալիս եւ 98-ի օրինակով նորընտիր նախագահի շուրջ ձեւավորվում է նոր քաղաքական մեծամասնություն։
 
   - Մի կողմ թողնենք՝ որքանով հավանական է այդ սցենարը։ Ընդունենք՝ այդպես է։ Դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է նույն խորհրդարանական մեծամասնությունը մնում է իշխանության մեջ. ընդամենը փոխվում է անձը, որին այդ մեծամասնությունը աջակցում է։ Այսինքն՝ ի՞նչ, դարձյալ անձերի խնդի՞ր ենք լուծում, եւ ամբողջ կռիվը նրա համար է, որ ոչ թե Պողոսը, այլ Պետրո՞սը առաջ տանի մեծամասնության շահերը։
   Եթե մարդիկ դժգոհ են այսօրվա վիճակից, ապա չեմ կարծում, թե խնդիրը պետք է հանգի նրան, թե ով է կանգնած այդ մեծամասնության վերեւում։ Սա վկայում է մի բան՝ նրանք, ովքեր հայտարարում են իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մասին, իրականում ժողովրդից երես են թեքել եւ ընդամենը անձնական խնդիրներ են փորձում լուծել։

   - Ստացվում է, որ համակարգային փոփոխությունները, որոնց մասին շարունակ բոցաշունչ ելույթներ են ունենում, սոսկ քողածածկո՞ւյթ են առաջ տանելու անձնական նկրտումները։ 

   - Այո։ Եթե այդպես է, շատ ավելի հասկանալի է Դաշնակցության կեցվածքը։ Նրանք վերջին տարիներին եղել են կոալիցիայի մեջ, հիմա էլ մասնակի համագործակցության համաձայնագրի շրջանակում աշխատում են իշխանության հետ, բայց ասում են՝ մենք կառաջադրենք մեր թեկնածուին, եթե հաղթենք, կարող ենք դարձյալ համագործակցել մեծամասնության հետ եւ ուղղորդել երկրում ընթացող պրոցեսները։
   Իսկ երբ այդ մասին խոսում է ընդդիմադիրը, ասելով, որ իշխանությունների վարած քաղաքականությունը ամբողջությամբ մերժում եմ, բայց պատրաստ եմ աշխատել մեծամասնության հետ, եթե մեծամասնությունն ինձ աջակցի, սա արդեն որեւէ տրամաբանության չի ենթարկվում։

 
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ