www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ԳԵՆԵՐԱԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» ՉԷՐ, ՈՐ ՀԻՄԱ ԷԼ ԴԱՌՆԱ «ՇԱՐՔԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ»


www.Panorama.am
18 Հոկտեմբերի 2007

Այսօր լրագրողները ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե համաձայն է նա արդյոք Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի այն տեսակետին, թե առաջիկա ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի տեսականորեն հաղթանակը կարող է որոշակի անկայություն առաջացնել Հայաստանում: «Ես անձերին չեմ անդրադառնա, միայն կասեմ, որ ես չեմ համարում, որ ներկաների այլընտրանքը պետք է լինի նախորդ իշխանության ներկայացուցիչը: Եվ նախորդները և ներկաները իրենց գործունեությամբ են ապացուցել, որ չեն կարող երկիրն արդյունավետ առաջ տանել: Այդ առումով Հովիկ Աբրահամյանը եղել է և նախորդ իշխանության օրոք և այս իշխանության օրոք և դա իր խնդիրն է»: Նրա ներկայացմամբ, գաղափարական ոչ մի տարբերություն ներկա և նախկին իշխանությունների մեջ չկա: Իսկ երբ լրագրողները Շ. Քոչարյանին հիշեցրեցին ԼՂ խնդրում նրանց ունեցած տեսակետների տարբերություները, նա պատասխանեց. «Այդ հարցում, այո, կա տարբերություն: Մեկն ավելի զիջող է, քան մյուսը, բայց ես չեմ կարծում, որ զիջելը դա գաղափար է»:

Անդրադառնալով քաղաքական որոշ լիդերների կողմից իրենց թեկնածությունն առաջադրելու գործում դրսի ուժերի աջակցությունն ստանալու, այլ խոսքով «դաբրոե-ների կարևորությանը, ԱԺԿ նախագահը դա համարեց «ժանրի ճգնաժամի արտահայտությունե: «Երբ քաղաքական ուժերը երես են թեքում ժողովրդից, նրանք աջակցություն ու հովանավորություն են փնտրում դրսում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է երկրի նախագահ Ռ. Քոչարյանի այն տեսակետին, թե Լ. Տեր-Պետրոսյանը ընտրություններում առաջադրվելով կդառնա շարքային ընդդիմադիր, ԱԺԿ նախագահն ասաց. «Ես չեմ կարծում, որ նա մինչ այդ գեներալ ընդդիմադիր էր, հիմա էլ կդառնա շարքային ընդդիմադիր»:


ԱԺԿ-Ն ԴԵՌ ՉԻ ԱՍԻ, ԹԵ ՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԻՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«Ժողովրդին անընդհատ փորձում են դարձնել պատանդ երկու զգացմունքների` անձերին ատել կամ անձերով ոգևորվել: Առաջին հերթին պետք է խոսել ոչ թե անձերի, այլ երկրի առջև ծառացած խնդիրների ու անելիքների մասին, հետո միայն քննակել, թե այս կամ այն անձն ի վիճակի՞ է, արդյոք, արդյունավետ լուծել դրանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺԿ նախագահ Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆԸ, այդ խնդիրների շարքում ընդգծելով կառավարաման համակարգի փոփոխությունն ու ընտրական ինստիտուտի նորմալ գործունեության ապահովումը:

Անդրադառնալով ընտրությունների ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հնարավորությանը, ԱԺԿ նախագահը կրկնեց իր այն տեսակերտ, թե այս ընտրությունները իշխանությունների հարց չեն լուծում: «Հիմա իշխանափոխություն կարելի է անել կամ հեղափոխության, կամ հեղաշրջման ճանապարհով, սակայն դրանց համար հասարակության բավարար ոգևորվածություն և հավատ չկա»,- նշեց նա, ընդգծելով, որ դրա հետ մեկտեղ, կարևոր է, որ առաջիկա ընտրություններում նախագահ ընտրվի ոչ իշխող կուսակցության ներկայացուցիչը, ով կարող է լուրջ կահակշիռ լինի իշխանություններին: Այդ սցենարի իրագործման համար, ըստ ԱԺԿ նախագահի, պետք է ձևավորվի հասարակական պահանջ և տեղի ունենա քաղաքական դաշտի միավորում, որի նախադրյալներն այսօր բավարար չեն:

Ինչ վերաբերում է ԱԺԿ անելիքներին, ապա Շ. Քոչարյանի ներկայացմամբ, իրենք չեն առաջարկելու ոչ մի թեկնածու: «Ավելին, չենք էլ ասելու թե ում ենք նախապատվություն տալիս, որպեսզի չխանգարենք այդ միավորման գործընթացին: Հիմա պետք է առավելագույնը անել, որ այդ միավորումը կայանա»,- կարծիք հայտնեց նա, ապա հավելեց, որ իրենք ունեն նախընտրած թեկնածու, որի մասին կհայտարարեն այն ժամանակ, երբ տեսնեն, որ քաղաքական դաշտի միավորումը չի կայանում:

 

ԸՍՏ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՇԱՎԸ ԻՆՉ ՈՐ ՏԵՂԻՑ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՎՈՒՄ Է

Այսօր լրագրողները Ազգային ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա գնահատում այն իրողությունը, որ վերջին օրերին բոլոր մամուլի ակումբներում բացակայում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները և դա, ըստ մամուլի հրապարակումների, հրահանգավորվել է նախագահի նստավայրից: Այս առնչությամբ ԱԺԿ նախագահն ասաց. «Իշխանությունը միշտ հակված է առավելագույս օգտագործել այն ուղղակի ու ստվերային լծակները, որ իր ձեռքի տակ կան: Եթե չկա այն ուժը, որը դա թույլ չի տա, ապա բնական է, նա դրանից օգտվելու էե: Նրա խոսքով, եթե իշխանությունը սև է, դա չի նշանակում, որ ընդդիմությունը սպիտակ է: Ժողովրդի ընկալմամբ ամբողջ քաղաքական դաշտը գորշ է: «Եթե իշխանությունները իրենց դեմ չեն տեսնում կազմակերպված գաղափարական ուժ կամ ժողովուրդ, չեն տեսնում հակակշիռ, ինքը դա անելու են»,- կարծիք հայտնեց Շ. Քոչարյանը:

Հարցին, թե արդյո՞ք հակառակ իրողությունը չէ, երբ իշխանությունը վտանգ է տեսնում և դա է պատճառը, որ ստիպված է գնալ նման քայլերի և եթերից զրկել քաղաքական գործիչներին, ԱԺԿ նախագահն ասաց, որ կոնկրետ այս դեպքում իր համար էլ է զարմանալի հեռուսատաընկերությունների բացակայությունը: «Ակնհայտ է, որ սա ինչ որ տեղից հրահանգավորվում է և չի կարող պատահական լինել: Որքանով ես պատկերացնում եմ, հեռուստաընկերություններն ավելի վերահսկելի են և այդ առումով անհասկանալի է, թե ինչու են իշխանություններն այդ քայլին դիմել: Փակելով դու հակառակ էֆեկտին կարող ես հասնել»: