www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ


«Հայոց աշխարհ»,
www.armworld.am, 19 Հոկտեմբերի 2007

«Փաստարկ» ակումբի հյուրը երեկ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր։ 

   Ըստ ԱԺԿ նախագահի, 2008-ի նախագահական ընտրությունների շեմին, ներքաղաքական զարգացումները առավելապես անձնավորված բնույթ ունեն` ստվերում թողնելով կարեւոր հարցերը. «Առաջին հերթին պիտի խոսել անելիքների եւ երկրի առաջ կանգնած խնդիրների մասին, հետո նոր միայն քննարկել՝ այս կամ այն անձը ի վիճակի՞ է արդյունավետ լուծել այդ խնդիրները։ Մեզանում, ցավոք սրտի, գրեթե դա իսպառ բացակայում է։ Առաջին պլանում միայն անձերի խնդիրներն են»։


   ԱԺԿ նախագահը նկատեց, որ այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են համակարգային փոփոխությունները, ընտրական ինստիտուտի կայացումը, Ղարաբաղյան հիմնախնդիրը ներքաղաքական պայքարում դառնում են ընդամենը շահարկման առարկա. “Պետք է ներքաղաքական պայքարը, անհամաձայնությունը այս կամ այն հարցում քաղաքական ուժերի մեջ կարողանալ չտեղափոխել այնպիսի հարթություն, խոր դաշտ, որը կարող է խփել մեր արմատներին”։ 

   Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ ընտրապայքարում անտեսվում են որակական բարեփոխումներին եւ արագ զարգացմանն ուղղված քայլերին վերաբերող հարցերը. “Այդ մասին պիտի խոսել եւ հստակ խնդիր դնել, թե ինչ է պետք անել, որ այդ որակը արագ ձեռք բերենք։ Մեզ ժամանակ տրված չէ, որ դանդաղ գնանք այդ ճանապարհով։ Ցավոք սրտի, այս բաները մեզանում վերլուծություններից դուրս են։ Ամեն ինչ արվում է քաղաքական ինտրիգների մակարդակով, որը համարում եմ խիստ վտանգավոր։ Վերջիվերջո, անձերը գնում-գալիս են, մենք կարող ենք արդարացի նրանցից դժգոհ լինել, բայց չգիտակցել, որտեղ է գտնվում երկիրը, ինչ է պետք անել, որոնք են սխալները”։ 

   Այս ընտրապայքարում շատ քաղաքական ուժեր ուզում են մոռանալ, որ խորհրդարանական ընտրությունները արդեն լուծել են իշխանության խնդիրը։ ԱԺԿ նախագահը նրանց հիշեցրեց. “Այս նախագահական ընտրությունները չեն կարող իշխանափոխության հարց լուծել՝ փոփոխված սահմանադրությամբ։ Ինչո՞ւ են դա բոլորը թաքցնում, նույնիսկ իրենք իրենց չեն կարողանում խոստովանել, որ այդ ընտրությամբ չկա իշխանափոխություն”։
   Իսկ իշխանափոխության հեղափոխության եւ հեղաշրջման տարբերակները, նրա համոզմամբ, կիրառելի չեն մեր ներքաղաքական դաշտի համար մի պարզ պատճառով՝ չկա հասարակական պահանջ. “Կա՞ արդյոք դրա համար հող։ Կամ ժողովուրդը այդքան ոգեւորվա՞ծ է ընդդիմադիր այս կամ այն ուժով, որ պատրաստ լինի ոտքի կանգնել եւ հեղափոխություն անել։ Ինձ թվում է, որ ոչ”։ 

   Նախագահական ընտրությունները Շ.Քոչարյանը դիտարկեց իշխանության թեւերում հակակշիռներ ստեղծելու հնարավորության տեսանկյունից. “Եթե ընտրվում է նախագահ այլ քաղաքական ուժից, դա իշխանափոխություն չի, այլ լծակ` ուղղորդելու մեծամասնությանը եւ դառնալու հակակշիռ։ Իսկ դա այն դեպքում կլինի արդյունավետ, երբ հասարակության մեջ ձեւավորվում է պատվեր¬պահանջ այս կամ այն քայլերը կատարելու համար։ Այսինքն՝ խնդիրը դառնում է ոչ թե անձը, այլ, թե այդ ուղղորդողն ու հակակշիռը ինչ ուղղությամբ է գործելու։ Նույնիսկ եթե թեկնածուն չի կարողանում անհրաժեշտ ձայներ հավաքելով հաղթել, այն ձայները, որոնք նա ստացել է կոնկրետ ուղղությունների համար, անտեսել դարձյալ դժվար է։ Այդ ձայները էլի կլինեն ուղղորդող”։

   ԱԺԿ նախագահն ընտրություններում այլընտրանքային թեկնածուի ձեւավորման խնդրում անհրաժեշտ է համարում քաղաքական ուժերի միավորումը, բայց, կարծում է, որ դրա համար նախադրյալները բավարար չեն. “Մենք չենք առաջարկելու որեւէ թեկնածություն, չենք ասելու ում ենք նախապատվություն տալիս, որպեսզի չխանգարենք այդ գործընթացին։ Մենք գտնում ենք, որ առավելագույնը պետք է փորձ անել, որ միավորումը կայանա։ Եւ մեր փորձը առաջ մղել բոլոր այն ծրագրային մոտեցումները, այն ցավոտ եւ կարեւորագույն կետերը՝ որտեղ ինչ է պետք անել, եթե գտնում են արձագանք մասնավոր կուսակցություններում, ապա դրանից ավելի առաջ չեն գնում։ Այսինքն՝ սա չի դառնում հասարակության սեփականություն”։
   Եթե չձեւավորվի միասնական թեկնածու, ապա ներկուսակցական քննարկումները կորոշեն ԱԺԿ¬ի անելիքը։ “Պարտադիր չէ որեւէ մեկին սատարել, եթե գործընթացները այդ ուղղությամբ են գնում։ Միաժամանակ բոլորն են հասկանում, որ միասնական թեկնածուն հարաբերական հասկացություն է եւ ընդդիմադիր դաշտը չի կարող ամբողջությամբ համախմբվել, դրան միայն պիտի ձգտել”,¬ հավելեց նա։ 

   Ինչ վերաբերում է մինչ այժմ թույլ տրված սխալներին, ապա բանախոսը համոզված է, որ առանց դրանց խոր վերլուծության եւ գիտակցության ընդդիմությունը իր համար ճանապարհ չի կարող հարթել. “Եթե դա չարվի, ապա ընդդիմությունը գնալու է ավելի փոշիացման եւ հեղինակազրկման, ինչը տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ որը, մեր ձեւակերպմամբ, ոչ թե իշխանության հաղթանակի, այլ ընդդիմության պարտության ընտրություններ էին”։
 
 
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ