www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՆԵՐԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԵՆ


www.Iravunk.am 
27Հոկտեմբերի 2007

Նախագահական ընտրությունների նախընտրական գործընթացի այս փուլում ստեղծված իրադրության, ընդդիմության և իշխանության անելիքների ու հնարավորությունների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ։

- Պարոն Քոչարյան, նախընտրական գործընթացը մտել է մի փուլ, երբ կարելի է ասել, որ մասնակցության հիմնական հայտերը ներկայացված են։ Անորոշ է միայն Տեր—Պետրոսյանի մասնակցության պարագան։ Ձեր տպավորությունն ընդհանուր մթնոլորտից։

- Սկզբունքորեն կարևոր չէ, թե քանի թեկնածու հայտ կներկայացնի և կառաջադրվի կամ էլ չի առաջադրվի։ Հարցին պետք է մոտենալ հետևյալ տեսանկյունից` նախագահական ընտրություններում իշխանության փոփոխություն օրենսդրական ճանապարհով և զուտ ընտրությունների արդյունքներով հնարավոր չէ։ Իշխանության հարցը խորհրդարանական ընտրությունների արդյունքում լուծված է։ Եթե անգամ ԱԺ—ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ ներկայացուցիչը չի դառնում նախագահ, միևնույն է` նրա լիազորությունները փոփոխված սահմանադրությամբ սահմանափակված են։


- Սակայն, նախագահը լծակներ ունի, որոնցով կարելի է ԱԺ մեծամասնությունը վերաբաշխել։ Խոսքը ոչ ֆորմալ լծակների մասին է։

- ԱԺ մեծամասնությունը վերաբաշխելն իշխանափոխություն չի նշանակում, որովհետև դա կլինի նույն մեծամասնությունն այլ ձևի մեջ։ Բայց ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, որովհետև փոփոխված սահմանադրությամբ կառավարությունն է վարում ներքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը նույն կառավարությունը պլանավորում և վարում է նախագահի հետ համատեղ։ Նախորդ ժամանակների համեմատ լիազորությունների տարբերությունն ակնհայտ է, բայց այսօրվա նախընտրական գործընթացի մասնակիցներից ոչ մեկին ձեռնտու չէ այդ մասին ժողովրդին տեղյակ պահելը, որովհետև այդ դեպքում նրանց շուրջն ուղղակի համախոհներ չեն հավաքվի, եթե մարդիկ իմանան, որ իշխանության խնդիրը սկզբունքորեն լուծված է։

- Դուք գտնում եք, որ ժողովրդի պասիվությունն ավելի բնակա՞ն կլիներ։

- Իհարկե՝ ոչ։ Նախագահական ընտրությունները ՀՀԿ—ի համար կարևոր են, որովհետև այս պարագայում իրենց թեկնածուի հաղթանակն իշխանական համակարգը դարձում է միակենտրոն։ Սա վտանգավոր է այն իմաստով, որ բացարձակ միակենտրոն իշխանությունն այլևս կարող է հաշվի չնստել երկրի ներսում այլ ուժերի և գործոնների հետ ու վարել այն քաղաքականությունը, որն ինքը միարժեք նպատակահարմար է համարում։ Այդ իմաստով, ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե նախագահի պաշտոնում իսկապես լեգիտիմ ընտրություններով ընտրվեր ոչ այսօրվա խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը։

- Բայց հանրապետականներն էլ այդ պարագայում մտահոգություն ունեն, որ նախագահը, ուժային բոլոր կառույցներն իր ենթակայության տակ ունենալով, կաշխատի իրեն ենթարկել խորհրդարանական մեծամասնությանը։

- Հնարավոր չէ։ Պաշտպանության նախարարը ներկայիս սահմանադրությամբ կառավարության անդամ է։ Այսինքն, նրա թեկնածությունը նախագահին է ներկայացվում ԱԺ մեծամասնության աջակցությունը վայելող վարչապետի կողմից և վերջում էլ հաստատվում նույն մեծամասնության միջոցով, խորհրդարանում։ Այսինքն, այս մասով նախագահի լիազորություններն իրականում շատ սիմվոլիկ են։ Իսկ եթե խոսք գնա ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և հարկային մարմինների առանձին պաշտոնյաների նշանակման մասին, ինչի լիազորությունը նախագահը կարծես ունի, ապա այստեղ էլ հակակշիռ կա։ Կառավարության կառուցվածքը սահմանվում է օրենքով։ Օրենքը խորհրդարան է բերում այդ նույն խորհրդարանական մեծամասնության ձևավորած կառավարությունը և հաստատում է նույն մեծամասնությունը։ Այսինքն, այդ կառույցներին օրենքով կարող է տրվել նախարարության կարգավիճակ, և նշանակման լիազորություններն ինքնաբերաբար կանցնեն վարչապետին ու նրա խորհրդարանական մեծամասնությանը։

- Այդ տրամաբանությամբ նախագահական ընտրություններում պայքարելը որևէ ուժի համար առհասարակ դառնում է անիմաստ։

- Ոչ։ Որովհետև եթե ոչ ՀՀԿ—ի, այլ մի ուրիշ ուժի ներկայացուցիչն ընտրվում է նախագահ, նա պահպանում է մեծամասնության քաղաքականության վրա ազդելու հնարավորությունները։ Նախագահի լիազորությունների շրջանակում է գլխավոր դատախազի և նրա տեղակալների թեկնածությունների առաջադրումը խորհրդարանին, նախագահն է նշանակում հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը կարգավորող հանձնաժողովի անդամների կեսին։ Կարճ ասած, նա չունի իշխանափոխություն իրականացնելու հնարավորություններ, բայց ունի բավարար լիազորություններ խորհրդարանական մեծամասնության և նրա ձևավորած կառավարության գործունեության վրա ազդելու և այն երկրի համար նպաստավոր հունով ուղղորդելու համար։ Այսինքն, իբրև հակակշիռ նախագահը գործուն ինստիտուտ է և կարող է իր ազդեցությունն ունենալ Հայաստանում ամենակարևոր խնդիրների լուծումը դրական հունով ուղղորդելու համար։

- Որո՞նք են այդ ամենակարևոր խնդիրները։

- Վերջին 3-4 տարում Հայաստանը դոփում է տեղում։ Դրանից առաջվա ժամանակահատվածն իր մեջ հստակ միտում էր պարունակում դեպի ավտորիտարիզմ։ Վերջին 4 տարիներին դադար է, և եթե ընտրվի ՀՀԿ—ի ներկայացուցիչ չհանդիսացող նախագահ, նա կարող է նպաստել, որ երկիրը զարգանա ժողովրդավարական ուղիով։

- Իսկ եթե ընտրվում է ՀՀԿ ներկայացուցի՞չը։

- Դրա հնարավորությունը պահպանվում է նաև ՀՀԿ ներկայացուցչի ընտրվելու դեպքում, եթե այդպիսի ցանկություն լինի։ Որովհետև այդ պարագայում իշխանության համակարգը դառնում է միաբևեռ։ Բոլոր դեպքերում, այս նախագահական ընտրությունները յուրօրինակ ջրբաժան են, որից հետո երկիրը գնալու է կա՛մ դեպի իրական ժողովրդավարություն, կա՛մ ավտորիտարիզիմի ամրապնդման։ Այդ իսկ պատճառով ես շատ կցանկանայի, որ նախագահական ընտրություններում լիներ գաղափարների և ծրագրերի պայքար, ինչը չեմ տեսնում։ Ընդդիմությունը մինչև օրս ուշքի չի եկել խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից, չի համախմբվել ու հանդես չի գալիս միասնական թեկնածուով, ինչը միայն կարող է լինել հաջողության երաշխիք և իրական այլընտրանք ներկա և նախկին իշխանություններին։

- Բայց այս փուլում իբրև այլընտրանք հենց նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են փորձում հանդես գալ։

- Որովհետև տարիների ընթացքում ՀՀՇ—ն ամեն ինչ արեց նաև իր մամուլով իրական ընդդիմադիր դաշտը քայքայելու և ընդդիմության տեղը զբաղեցնելու համար։ Այդ մասին ես առիթ ունեցել եմ խոսելու և ասել եմ, որ նախկինները ներկաներին այլընտրանք չեն կարող լինել։ Նրանց մասնակցությունը միայն հնարավորություն է տալիս ներկա իշխանավորներին հանրությանը երևալ ավելի գաղափարական դիրքերից։ Որովհետև եթե նախկինները խոսում են Ղարաբաղը հանձնելուց, իսկ ներկաները հանդես գալիս անհիմն զիջումների չգնալու իրենց վերջին տարիների դիրքերից, հասկանալի է, որ նրանք ավելի դրական լույսի ներքո են երևում հանրությանը։ Եվ այդպես ցանկացած հարցում ներկաները նախկինների փաստարկներին կարող են բերել իրենց հակափաստարկները՝ սկսած ժողովրդավարությունից և տնտեսական բարեփոխումներից, վերջացրած սոցիալական քաղաքականությամբ։

- Հավանական համարո՞ւմ եք, որ մինչև ընտրարշավի ավարտը, այնուամենայնիվ, թափ հավաքի նախկիններից և ներկաներից դուրս որևէ այլ ուժի թեկնածու։

- Դա կարող է լինել միայն իրական ընդդիմության միավորման արդյունքում ի հայտ եկած թեկնածուն, որի կողմից հանրությանը կառաջարկվի նախկին և ներկա իշխանությունների քաղաքականությունից դուրս լուրջ ծրագիր և հեռանկար։ Շատ ցանկալի կլիներ այդպիսի զարգացումը, բայց ես լավատես չեմ այդ կապակցությամբ, որովհետև առայժմ միավորիչ գործընթաց ընդդիմության դաշտում չեմ տեսնում, իսկ ժամանակը գնում է։ Եվ եթե ամենամոտ ժամանակներս նման պրոցեսներ չհաջողվի նախաձեռնել, ընտրության արդյունքները միանգամայն կանխատեսելի են` կհաղթի խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժի թեկնածուն։
 
 
Զրուցեց ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ