www.ajk.am
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ / ԱԺԿ վարչության հայտարարություններ`

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ազգային ժողովրդավարական կուսակցությունը փաստում է, որ.
 
           Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով կիսակայացած անձնիշխանական պետություն, կանգնած է բախտորոշ երկընտրանքի առջև` կա°մ զարգանալ որպես ժողովրդավարական պետություն, ինչը ազգային նպատակների իրականացման, արտաքին սպառնալիքներին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նախապայմանն է, կա°մ ամրապնդել անձնիշխանությունը,
           անհրաժեշտ են դեպի ժողովրդավարություն տանող համակարգային բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն մասնավորապես սահմանադրական փոփոխությունների դրական ներուժը կյանքի կոչելուն և սահմանադրական բարեփոխումների ամբողջականացմանը,
           2008թ-ի նախագահական ընտրություններով իշխանափոխության խնդիր չի լուծվում, քանի որ փոփոխված սահմանադրությամբ իշխանության կենտրոնը տեղափոխվել է դեպի Ազգային ժողով և Կառավարություն: Սակայն այդ ընտրությունների որակը, ընտրությունների քարոզարշավը և արդյունքը կարող են էապես ազդել երկրի զարգացման ուղու ընտրության վրա,
           ընդդիմության մասնատվածության և միասնական թեկնածուով կուսակցությունների միավորման բացակայության արդյունքում ներկա փուլում մրցակցությունն ընթանում է հիմնականում ներկա և նախկին իշխանությունները ներկայացնող ուժերի միջև: Դա նպաստում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված մեծամասնության ներկայացուցչի հաղթանակին, ինչը իշխանությունը կդարձնի ամբողջությամբ միակենտրոն և, հետևաբար, ավելի անվերահսկելի և հակված անտեսելու քաղաքական ուժերի ու հասարակության կարծիքը, որը լրացուցիչ խոչընդոտ կհանդիսանա երկրի ժողովրդավարական զարգացման համար:

Այս իրավիճակի գիտակցումն ու ճիշտ գնահատումը հրամայական են դարձնում ընդդիմության կողմից խորհրդարանական ընտրություններում չմիավորվելու սխալի կրկնությունից խուսափումը և գործող իշխանության իրական այլընտրանքի` միասնական թեկնածուով կուսակցությունների միավորման ձևավորումը: Միավորում, որը կխթանի մեր պետության արդյունավետ զարգացման հիմնախնդիրների շուրջ իրական գաղափարական բանավեճ և կնպաստի իշխանություններին ուղղված հասարակական պատվերի ձևավորմանը: Միավորման թեկնածուի հաղթանակի դեպքում Նախագահը կհանդիսանա հակակշիռ մեծամասնությանը, կդառնա համակարգային փոփոխությունների և երկրում ժողովրդավարության հաստատման նախաձեռնողն ու ուղղորդողը:
 
Այդպիսի այլընտրանք չի կարող հանդիսանալ նախորդ իշխանությունը, քանի որ նա է երկրում անձնիշխանական համակարգի և հակաժողովրդական ավանդույթների ձևավորողն ու ջատագովը: Այլընտրանքը ընդդիմությունն է ոչ թե անձերին, այլ անձնիշխանական համակարգին: Այլընտրանք է այն ընդդիմությունը, որը գիտակցում է երկրի զարգացմանը խոչընդոտող երևույթների խորքային պատճառները և պայքարում առաջին հերթին ոչ թե հետևանքները , այլ պատճառները վերացնելու համար:
 
ԱԺԿ առաջնային նպատակը եղել և մնում է երկրում ժողովրդավարության և օրենքի իշխանության հաստատումը: Այդ նպատակին հասնելու համար ԱԺԿ-ն առաջիկա ընտրություններում անհրաժեշտ միավորման ձևավորումը արդյունավետ դարձնելու համար չի ձգտում հանդես գալ սեփական թեկնածուով և կպաշտպանի այն թեկնածուին, ով կառաջնորդվի Հայաստանի` որպես ազգային գաղափարախոսության   վրա հիմնված ժողովրդավարական պետության կայացման ծրագրերով: