www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ


«Հայոց աշխարհ»,
www.armworld.am, 14 Նոյեմբերի 2007

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր
   Ըստ Շ.Քոչարյանի, նախընտրական տրամադրությունները չեն համապատասխանում սահմանադրությունից բխող իրականությանը, սակայն դրա մասին չի խոսվում, «որովհետեւ այդ դեպքում շատ դժվար կլինի կողմնակիցներին մոբիլիզացնելը»։ Մյուս կողմից՝ չնվազեցնելով նախագահական ընտրությունների դերը, բանախոսը շեշտեց, որ այն նախեւառաջ կարեւոր է հասարակական պատվերի ձեւավորման առումով. «Առ այսօր լուրջ բանավեճ չկա։ Այնուամենայնիվ, սահմանափակված լիազորություններով հանդերձ, նախագահը կարող է լուրջ հակակշիռ ծառայել իշխանությանը, միաժամանակ դառնալով համակարգային բարեփոխումների ե՛ւ ուղղորդողը, ե՛ւ նախաձեռնողը։ Այդ տեսակետից նախագահի պաշտոնը կարեւոր է»։


ԱԺԿ նախագահը փաստեց, որ միասնական թեկնածուի համար կուսակցության տարած աշխատանքը որեւէ արդյունք չի բերել. «Արտաքուստ նախընտրական պայքարն ընթանում է ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ, ինչը, մեր գնահատմամբ, ավելի է նպաստում, որ ներկա իշխանությունների հաղթանակը ավելի երաշխավորված կլինի։ Որովհետեւ զգալի հատվածի համար այդ համեմատության ֆոնի վրա ներկա իշխանությունները երեւում են շատ ավելի դրական»։ 

   Շ.Քոչարյանը կարծում է, որ գործող իշխանություններին պետք է լինի լուրջ այլընտրանք, սակայն «մենք համոզված ենք, որ նախկին իշխանությունն այլընտրանք չէ։ Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի թիվ 1 խնդիրը ժողովրդավարության հաստատումն է, իսկ անձնիշխանական համակարգի եւ հակաժողովրդական ավանդույթների ստեղծողը, արմատավորողը, ճարտարապետը նախկին իշխանությունն է»։ 

   Նախկին նախագահի վերջին ելույթները չեն փոխել Շ.Քոչարյանի կարծիքը. «Ելույթներից երեւաց, որ հիմնարար հարցերում որեւէ փոփոխություն չի արձանագրվել»։ Նրա համոզմամբ, 1995-ի սահմանադրությունը անձնիշխանական սահմանադրություն էր, որը նախկին իշխանությունները պարտադրեցին կեղծիքով։ 

   Իրենց դիրքորոշումները ներկայացնելուց հետո ԱԺԿ նախագահը հայտարարեց. «Մեր կուսակցությունը չի ձգտում հանդես գալ սեփական թեկնածուով եւ պատրաստ է պաշտպանելու այն թեկնածուին, որը հանդես կգա ազգային գաղափարախոսության վրա հիմնված ժողովրդավարական Հայաստանի կայացման ծրագրերով»։ Ձեռնպահ մնալով կոնկրետ անուններ նշելուց, ավելացրեց. «Բնականաբար, մենք մեր աչքի տակ ունենք բոլոր գործիչներին։ Ուղղակի դեռ մեր վարչությունը նպատակահարմար չի համարել անձեր շոշափել, որովհետեւ դեռ շատ կարճ, բայց ժամանակ կա»։ 

   Ըստ Շ.Քոչարյանի, ընդդիմադիր դաշտի մասնատման հիմքը դրվել է դեռ 2005-ին, երբ համակարգային բարեփոխումներին ընդդիմությունը հակադրվեց. «Սրանով ընդդիմությունը միավորող ձողը դուրս մղվեց եւ, ցավոք սրտի, իրականացավ մեր կանխատեսումը, որ եթե ընդդիմությունը չվերագնահատի իր արած սխալները, ապա այդ մասնատումն էլ ավելի է խորանալու։ Եւ այդպես էլ եղավ` խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը հանդես եկավ այդպես մասնատված»։ 

   Բանախոսը որպես քաղաքական իներցիայի օրինակ բերեց խորհրդարանական ընտրությունները. «Գործում էր հին իներցիան, թե իշխանությունը նախագահով է պայմանավորված։ Խնդիրն այն է, որ ընդդիմությունը հակադրվեց սահմանադրական բարեփոխումներին եւ դրանից հետո չէր կարող հանդես գալ ժողովրդի առջեւ եւ ասել՝ սրանով լուծվում է իշխանության խնդիրը, մենք էլ աջակից ենք այդ փոփոխություններին եւ այժմ միավորված գնում ենք իշխանությունը վերցնելու։ Ընդդիմությունը կտրեց այն ճյուղը, որի վրա նստած էր»։ 

   Ընտրություններից հետո իշխանության կառուցվածքը Շ.Քոչարյանը պայմանավորեց կիսանախագահական համակարգի առանձնահատկություններով. «Եթե մեծամասնության ձեռքում է նաեւ նախագահի պաշտոնը, ապա գործող իշխանության եւ միաժամանակ երկրի փաստացի ղեկավարը նախագահն է։ Եթե նախագահը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ապա գործադիրի եւ երկրի ղեկավարը փաստացի դառնում է վարչապետը։ Դա մենք տեսել ենք տարբեր երկրների փորձով»։
 
 
 
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ