www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ԵԹԵ ՈՉ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ԱՊԱ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ


www.Lragir.am,  
4 Դեկտեմբերի 2007

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, որ նախագահի ընտրությանը սատարում է Վազգեն Մանուկյանին, դեկտեմբերի 4-ին Հայացք ակումբում հայտարարել է, որ երկրի համար կարեւորագույն խնդիրը` համակարգային փոփոխությունը, ունակ է իրականացնելու միայն Վազգեն Մանուկյանը, որը ընդդիմադիր լինելով թե նախկին իշխանության, թե ներկա իշխանության տարիներին, ապացուցել է, որ ինքը ոչ թե անձերին է դեմ, այլ անձիշխանության վրա հիմնվող համակարգին:


«Եթե արհեստական ստեղծվի տպավորություն, որ իրականում պայքարը գնում է ներկաների եւ նախկինների միջեւ, ապա շատ լավ բան է ներկաների համար եւ առաջին փուլով ամեն ինչ ավարտվելու է: Մեր նպատակը հենց կայանում է նրանում, որպեսզի այդ սցենարը խափանվի: Իսկ դա կարող է անել միայն ու միայն այն միավորումը, որը կլինի Վազգեն Մանուկյանի շուրջ: Որովհետեւ դա կլինի ոչ թե ցլամարտ, այլ դա կլինի իրոք հարցադրումներ, գաղափարական, ծրագրային, կենսագրությամբ արդարացված, որոնք ուղղված են Հայաստանի ապագային: Միայն այդ դեպքում այդ սցենարը կխափանվի: Հակառակ դեպքում, էլ եթե չկա», ասում է Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կանի ԱԺԿ-ն, ում կսատարի, եթե Վազգեն Մանուկյանը դուրս չգա երկրորդ փուլ:

Իսկ հարցին, թե իր խոսքը նշանակում է արդյոք, որ եթե երկրորդ փուլ դուրս չգա Վազգեն Մանուկյանը, ապա երկրորդ փուլ չի լինի ընդհանրապես, Շավարշ Քոչարյանը պատասխանում է, որ եթե Վազգեն Մանուկյանը չկարողացավ հասնել նրան, որ դառնա հասարակության համար ընկալելի, ապա մնացած բոլորը արդեն անիմաստ է: «Այսօր կա մեկ հնարավորություն, այն ընթացքը, որ այժմ կա եւ որը շատ կանխորոշված տանում է դեպի մեծամասնության ներկայացուցչի հաղթանակը, դա կանխելու համար, ես այլ հնարավորություն չեմ տեսնում, քան միավորումը, որը կձեւավորվի Վազգեն Մանուկյանի շուրջ», ասում է Շավարշ Քոչարյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելը նա բացառում է, ասելով, թե Տեր-Պետրոսյանն է եղել ներկայիս անձիշխանական համակարգի հիմնադիրը եւ ներկայիս իշխանությանը ԱԺԿ-ն մեղադրում է հենց այն բանի համար, որ արատավոր համակարգի դեմ պայքարելու փոխարեն փաստացի խորացրել եւ ընդլայնել է այդ համակարգը: Ինչ վերաբերում է հավանականությանը, որ Վազգեն Մանուկյանն ինչ որ պահից հանի թեկնածությունը եւ սատարի Դաշնակցությանը, ապա Շավարշ Քոչարյանը ասում է, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, բայց ինքը տեսնում է, որ Վազգեն Մանուկյանը ունի մինչեւ վերջ գնալու վճռականություն: Իսկ մյուս կուսակցությունների` Դաշնակցության, ՕԵԿ-ի եւ Ժառանգության հետ, ընթանում է գործակցություն հաստատելու աշխատանք, որի նպատակը ընտրության վերահսկողություն իրականացնելն է, որովհետեւ այդ երեք կուսակցությունն ունեն տեղ ընտրական հանձնաժողովներում:

«Ինքնին այսպիսի համագործակցությունը չափազանց կարեւոր է, որովհետեւ հիշենք, հիշենք եւ հանրաքվեն, եւ վերջին խորհրդարանական ընտրությունները, երբ որ որեւէ փաստարկ չկար եւ բոլորը ասում են, կեղծեցին, կեղծեցին: Է ցույց տվեք: Եթե դու չես վերահսկում, էլ դրանից հետո ինչու ես մեղադրում դիտորդներին, ասում ես եկան երկակի ստանդարտներ կիրառեցին: Դե ցույց տուր, ապացուցի», ասում է Շավարշ Քոչարյանը: Իսկ տեսակտը, թե ժողովուրդը իր ձայնը վաճառում է, Շավարշ Քոչարյանը համարում է իշխանության համար կեղծիքի արդարացում, իսկ ընդդիմության համար արդարացում հասարակության վստահությունը շահել չկարողանալու տեսանկյունից:

Իսկ այն, որ վերահսկողությունը հստակ իրականացնելու դեպքում, իշխանությունը ի վերջո կդիմի ծայրահեղ միջոցի` ուժի, Շավարշ Քոչարյանը գրեթե բացառում է, պատասխանելով հարցին, թե ինչ կարող է անել ընդդիմությունն այդ դեպքում: Նա բերում է 1996 թվականի նախագահի ընտրության օրինակը, երբ իշխանությունը ուժով պահեց իր դիրքը: Շավարշ Քոչարյանն ասում է, թե այդ սցենարի կրկնությունն ինքը 2008 թվականին գրեթե բացառում է: «Ես կարծում եմ, որ այս ընտրություններում այդպիսի սցենարը բացառվում է», ասում է Շավարշ Քոչարյանը, նշելով, թե կարեւորագույն խնդիրը համաժողովրդական վստահությունն է եւ այդ վստահությամբ տրված քվեի ապահովումը:

 

ԵՂԵԼ Է ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ, ՉԻ ԵՂԵԼ ԱՐՏԱՔՍՈՒՄ

Ղարաբաղում անվստահություն կար Երեւանի նկատմամբ, որովհետեւ Երեւանում գնում էր Ղարաբաղը զիջելու գործընթաց: Դեկտեմբերի 4-ին Հայացք ակումբում այդպիսի հայտարարություն է արել ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Սերժ Սարգսյանի արտաքսման մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականը: Լրագրողները նկատել են, որ Վազգեն Մանուկյանը, ում սատարում է Շավարշ Քոչարյանը 2008 թվականի նախագահի ընտրությանը, այդ տարիներին պաշտպանության նախարար էր եւ պետք է որ տիրապետի իրական վիճակին: Այդ հարցին ի պատասխան, Շավարշ Քոչարյանն ինքն է սկսել ներկայացնել այդ տարիներին կատարվածը, ընդ որում բավական ոգեւորված եւ զայրացած այն գնահատականի վրա, թե Սերժ Սարգսյանն արտաքսված էր: Նա ասում է, թե Սարգսյանը Մոսկվայում պարզապես լուծում էր բանակի մատակարարման խնդիրներ:

Շավարշ Քոչարյանը ասում է, թե Ղարաբաղի ներսում կային հակասություններ, բայց չկար արտաքսում: Այդ հակասություններն, ԱԺԿ ղեկավարի խոսքով, պայմանավորված էին նրանով, որ Երեւանում զիջողական մոտեցում էր, իսկ Ղարաբաղում այդ կապակցությամբ առաջացել էր անվստահություն այն անձանց հետ, որոնք ապահովում էին Հայաստանի եւ Ղարաբաղի կապը` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Շավարշ Քոչարյանն ասում է, որ այդ կապը անխուսափելիորեն պետք է ապահովվեր, բայց քանի որ կար հակասություն Երեւանի եւ Ղարաբաղի միջեւ, ապա այդ հակասության թիրախ էին դառնում այն գործիչները, որոնք ապահովում էին Երեւանի եւ Ղարաբաղի կապը:

«Պետք է մարդիկ լինեին, որ կապը ապահովեին, եւ կապը ապահովողները դարձան թիրախ: Դա հայտնի է, դա հայտնի է եւ դա ի շնորհիվ հենց Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության: Այդ ինչ է, Ղարաբաղում դուք կռվում եք, ամեն օր ձեր գլխին ռումբեր են ընկնում, իսկ ինքը Կոմսոմոլսկայա Պրավդային ասում է, թե ավտոնոմիան լավագույն կարգավիճակն է», ասում է Շավարշ Քոչարյանը, նշելով, թե հիշեցնում է 1992 թվականի մարտին թե ապրիլին Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը: ԱԺԿ ղեկավարն ասում է, որ Տեր-Պետրոսյանն ընդհանրապես վարում էր զիջողական քաղաքականություն, հայտարարում էր, թե Հայաստանը պարտվելու է, ամեն մի հաղթանակից հետո ասում էր, որ միեւնույն է, դրանք ժամանակավոր են, դեմ էր ԼՂ ճանաչմանը: Այդ համատեքստում, Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Ղարաբաղում մտածում էին, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին հաստատում Երեւանի հետ կապը, ուրեմն իրենք էլ կողմ են Երեւանի զիջողական մոտեցումներին:

Սակայն, լսելով Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունները, տպավորություն է ստեղծվում, թե Ղարաբաղի պատերազմի հաղթանակը ձեռք է բերվել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Տեր-Պետրոսյանի կամքից անկախ: «Այո այդպես է ստացվում», հարցին պատասխանում է Շավարշ Քոչարյանը, իբրեւ իր տեսակետի վկայություն բերելով Տեր-Պետրոսյանի գործողությունները պատերազմի տարիներին: «Առաջին, հրապարակային հայտարարել է, մենք պատրվելու ենք Ադրբեջանին: Դա հայտարարում է երկրի գլխավոր հրամանատարը: Աննախադեպ դեպք: Բելովեժյան համաձայնագրից հետո Տեր-Պետրոսյանը հրաժարվում է, այն տեխնիկան, որը որ կա, խորհրդային տեխնիկան, այդ տեխնիկան վերցնել: Նրա հրաժարվելու մեկնաբանությունը` մեր ուժը մեր անպաշտպանվածության մեջ է, մենք չպետք է զինվենք, մենք պետք է դիմենք միջազգային հանրությանը, եւ նա դիմեց, պահանջելով, որպեսզի թույլ չտան, որ զինվի Ադրբեջանը», ասում է Շավարշ Քոչարյանը: Մինչդեռ Ադրբեջանը, ըստ նրա, իրեն վերցրեց ամբողջ խորհրդային զինտեխնիկան, որ կար Ադրբեջանում: Շավարշ Քոչարյանն ասում է, թե Լեռնային Ղարաբաղը չճանաչելուց էլ դրվեց այն, որ խնդիրը տեղափոխվեց տարածքային վեճի հարթություն:

Իսկ ներկայիս իշխանությանը ԱԺԿ ղեկավարը մեղադրում է հակառակ ծայրահեղության մեջ, որ Ղարաբաղն ու Հայաստանը նույնացրին, որն էլ լրացուցիչ ջուր լցրեց տարածքային վեճի ջրաղացի վրա: Շավարշ Քոչարյանն ասում է, որ շատ ուշ են հասկացել այդ սխալը, բայց հիմա իրավիճակը բավական բարդ է, որովհետեւ միջազգային հանրության ընկալումն է տարածքային վեճի կողմը եւ կա հզոր ճնշում: Շավարշ Քոչարյանն ասում է, թե զարմանում է, երբ Հայաստանը խոսում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին:
«Ինչ ա նշանակում, ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Հենց այդ բառակապակցությունը: Չէ որ ցանկացած ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք: Ցանկացած: Դու դրանով ինչ ես ուզում ասել, որ Ղարաբաղում ժողովուրդ է ապրում: Դա վիրավորական է: Այսինքն տեսեք, թե ոնց ենք ընկել այդ փոսը, մեզ պարտադրված, Ադրբեջանին ձեռնտու այդ ծուղակի մեջ», ասում է Շավարշ Քոչարյանը, նշելով, թե եթե խոսքը գնում է ճանաչման մասին, ապա միայն ու միայն փաստացի կայացած պետության: Իսկ տարածքները հանձնել-չհանձնելու մասին խոսքերը, որ հնչում են Հայաստանում, նա նույնպես համարում է անընդունելի, ասելով, թե այդ հարցը Ադրբեջանի հետ կարող է քննարկել միմիայն Ղարաբաղը:

 

ԴՈՒԴԱԵՎՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԲԱՍԱԵՎԻՆ ԿՌՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

«Մարդիկ կան, որ կարող են հիշել, եւ արդարացի հիշել, որ մեր դեմ Ղարաբաղում կռվում էին թե Թալիբանի մոջահեդները, թե Շամիլ Բասաեւը, առաջին մարտական փորձը անցել է Ղարաբաղում: Կարող են դա հիշել, բայց ինչ վերաբերում է Շամիլ Բասաեւին, ես կարող եմ նաեւ ուրիշ բան հիշել: Նույն Ջոհար Դուդաեւի շնորհիվ այդ բանն ընդհատվեց», դեկտեմբերի 4-ին Հայացք ակումբում հայտարարել է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե որքան էր նպատակահարմար Ղարաբաղի հակամարտության մեջ կրոնական բաղադրիչի մասին թեզի հնչեցումը, ինչն Ամերիկայում վերջերս արեց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:

Շավարշ Քոչարյանի խոսքով, իհարկե այդ բաղադրիչը եղել է, բայց դա չի եղել հիմնականը եւ այդ մասին խոսելը եղել է սխալ: «Չարժե այդ կոմպոնենտը շեշտադրել», ասում է ԱԺԿ ղեկավարը: