www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ԱԺԿ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԿՐԿՆԵԼ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»


www.Panorama.am
4 Դեկտեմբերի 2007

«Ես ուշադիր հետևել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներին և տեսել եմ, որ վերջին 10 տարում որևէ փոփոխություն նրա դիրքորոշման մեջ տեղի չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, ընդգծելով, որ դեռ հայտնի չէ, թե առաջին նախագահը ինչպիսի պետություն է ցանկանում կառուցել:


«Կազմաքանդելը դեռ կառուցել չէ: Իսկ ի՞նչ կառուցել: Բնական է, որ դրան պիտի պատասխանի. Ժողովրդավարություն: Սակայն, հենց ասի ժողովրդավարություն, ինքը ընկնում է իր փորած փոսը: Բա 7 տարի ի՞նչ էիր կառուցում»,- ասաց նա, հավելելով, որ իրենք դեմ են ոչ թե այս կամ այն անձին, այլ կիսակայացած անձնիշխանական պետություն ունենալուն:

«Մենք ընդդիմադիր ենք անձնիշխանական համակարգին, իսկ այդ համակարգը ձևավորողն ու հակաժողովրդավարական ավանդույթների արմատը գալիս է նախկին իշխանություններից: Մենք մեղադրում ենք ներկաներին, որովհետև իրենք փոխանակ այդ համակարգը արագ ու արդյունավետ բարեփոխեին հիմնականում վայելեցին: Այդ տեսանկյունից անհնար է, որ ԱԺԿ-ն պաշտպանի այն անձին ու քաղաքական ուժին, որը հաստատել է երկրում այս իշխանությունը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք առաջիկա ընտրություններում ևս մեծ ազդեցություն կունենա ընտրակաշառքները, ԱԺԿ ղեկավարն ասաց, որ ընտրակեղծիքներն իրականում այդքան մեծ ազդեցություն չունեն, որքան այդ մասին խոսվում է: Նրա ներկայացմամբ, իշխանություններին ձեռնտու է ասել, որ մենք կապ չունենք, ժողովուրդը ծախվեց, քանի որ դրանով նրանք ծածկում են ավելի մեծ հանցագործություն, ինչպիսին են օրինակ համակարգված ընտրակեղծիքները:

Շ. Քոչարյանի համոզմամբ, այս ընտրություններում եթե հասարակությանը հաջողվի համաժողովրդական ալիք առաջացնել, իշխանությունը, տարբեր պատճառներով, չի կարող այնպիսի բռնությունների դիմել, ինչպիսիք եղան 1996 թվականին: «Այդպիսի սցենարը բացառվում է»,- իր խոսքն ամփոփեց նա:

ԸՍՏ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ Ի ՀԵՃՈՒԿՍ ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

«Կար հակասություն Ղարաբաղի ու Հայաստանի մեջ, սակայն այդ հակասություն ստեղծողը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ղարաբաղի հասարակությունն անվստահություն ուներ Երևանի նկատմամբ, որովհետև Երևանում գնում էր Ղարաբաղը զիջելու գործընթաց, և քանի որ Հայաստանի հետ կապ ապահովողը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին, իսկ մյուս կողմից` Ղարաբաղում արդարացի տեսնում էին, որ Հայաստանը զիջողական դիրք է ընդունել, ապա բնական է, որ առաջանում էին հակասություններ ներսում և’ Ռ. Քոչարյանի, և’ Ս. Սարգսյանի նկատմամբ»,- նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով 1993 թվականին Սերժ Սարգսյանի Ղարաբաղից արտաքսված լինելու Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Նրա ներկայացմամբ, Սերժ Սարգսյանը աչտաքսված չի եղել, ուղղակի մի քանի ամիս բացակայել է Ղարաբաղից այդ ընթացքում լուծելով մատակարարման խնդիր:

Նրա խոսքով, Ղարաբաղի հասարակության և Հայաստանի իշխանությունների միջև եղած հակասությունը «սերմանել էր հենց Լ. Տեր-Պետրոսյանը» և քանի որ Հայաստանի հետ կապն ապահովում էին Սերժ Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը, հենց նրանք էլ դարձան թիրախ:

«Եկեք հերթով հիշենք: Դուք Ղարաբաղում եք, կռվում եք, իսկ ինքը (Լ. Տեր-Պետրոսյանը) «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում ասում է, որ ավտոնոմիան լավագույն կարգավիճակն է,-նշեց նա, հավելելով, որ դա տպագրվել է 1992 թվականի մարտի 5-ին: Նրա խոսքով, առաջին նախագահը «համոզում էր» Ազգային Ժողովին, որ Ղարաբաղը պետք է իր տարածքում ընտրի Ադրբեջանի խորհրդարանի անդամներին: «Այդքանից հետո ի՞նչ պետք է մտածեն ղարաբաղցիները»,-նշեց նա ու հավելեց, որ դա էր իրական պատճառը, որ Հայաստանի հետ կապն ապահովող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանի մասին նույնպես մտածում էին, թե նրանք կիսում են Հայաստանի իշխանությունների տեսակետները:

Դիտարկմանը, թե ասվածից տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղում հաղթանակները ձեռք են բերվել ի հեճուկս Լ. Տեր-Պետրոսյանի, ԱԺԿ ղեկավարն ասաց. «Այո, այդպես է ստացվում» և բերեց այդ տեսակետը հիմնավորող մի քանի վկայություններ.
«Առաջին. Նա (Լ. Տեր-Պետրոսյանը) հրապարակային հայտարարել է, մենք պարտվելու ենք Ադրբեջանին: Դա հայտարարում է երկրի գլխավոր հրամանատարը, ինչն աննախադեպ է: Երկրորդ. Բելովեժյան համաձայնագրից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է վերցնել խորհրդային տեխնիկան: Նրա հրապարակային հայտարարությունը` մեր ուժը մեր անպաշտպանվածության մեջ է, մենք չպետք է զինվենք, մենք պետք է դիմենք միջազգային հանրությանը և նա դիմեց, պահանջելով, որպեսզի թույլ չտան, որ զինվի Ադրբեջանը»: Այնինչ Ադրբեջանը, ըստ Քոչարյանի, վերցնում էր իր տարածքում գտնվող ողջ զինտեխնիկան:

«Ցանկացած հաղթանակից հետո ասում էր, որ հաղթանակները ժամանակավոր են, միևնույն է պարտվելու ենք, դա էր իմաստը: Ավելին Զինադադարից հետո ասում էր. «մենք պատերազմ չենք հաղթել, մենք հաղթել ենք ճակատամարտը»... և դա ասում է գլխավոր հրամանատարը»,- իր խոսքն ամփոփեց ԱԺԿ ղեկավարը:

 

ԸՍՏ ԱԺԿ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԼՂՀ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԿԱԼՎԵԼ ՈՐՊԵՍ ՊԱՐՏՎԱԾ ԿՈՂՄԻ ԴՈՒՌ ՇՐԽԿԱՑՆԵԼ

Երբ նախկին իշխանությունները 1991 թվականից հետո չճանաչեցին ԼՂՀ-ի անկախությունը, դրանով էլ հիմք դրեցին, որպեսզի հակամարտությունը համարվի տարածքային վեճ: Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ Ազգային ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆԸ, հիշեցնելով, որ այդ տարիներին ինքը երկու անգամ նման նախագիծ է ներկայացրել խորհրդարան, սակայն դրանք չեն ընդունվել:

Panorama.am-ի թղթակցի հարցին, թե այդ դեպքում, ինչո՞ւ ԼՂՀ անկախությունը չճանաչեցին նաև 1998 թվականին իշխանության եկած այն ուժերը, որոնք նախկին իշխանություններին հորդորում էին ճանաչել այն, Շ. Քոչարյանը պատասխանեց, որ եթե նախկինները ներկայացնում էին ծայրահեղ պարտվողական մոտեցում, նոր եկած ուժերն էլ ընկան մեկ այլ ծայրահեղության մեջ, հայտարարելով, որ Հայաստանն ու Ղարաբաղը միասնական պետություն են, որը «լրացուցիչ ջուր լցրեց» Ադրբեջանի ջրաղացին: «Վերջերս նոր հասկացան իրենց սխալը, սակայն արդեն շատ հզոր ճնշման տակ ենք գտնվում, որովհետև արդեն միջազգային հանրության ընկալմամբ սա տարածքային վեճ է»,-նշեց նա, հավելելով, որ դա է պատճառը, որ Հայաստանը նրանց աչքում որպես ագրեսոր է հանդես գալիս:

Նշանակո՞ւմ է, արդյոք, որ ԱԺԿ կողմից պաշտպանվող նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հաղթանակից հետո, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, հարցին էլ պատասխանեց. «Ձեզ թվում է, թե եթե վաղը ճանաչեց, բոլոր հարցերը լուծվո՞ւմ են: Ամեն մի քայլ ունի իր տրամաբանությունն ու իր ժամանակը: Ճանաչումը պետք է, բայց դա պետք է նախապատրաստել»: Նրա ներկայացմամբ, հիմա շատ ծանր ժամանակ է ճանաչման համար: «Իսկ այն ժամանակ բավական էր Հայաստանը ճանաչեր, ես գիտեմ, առնվազն 5 պետություն, որ ճանաչելու էին»,- համոզմունք հայտնեց նա ու հավելեց. «Հիմա եթե ճանաչվի, դա կարող է ընկալվել, որպես պարտված կողմի դուռ շրխկացնել:

ԱԺԿ ղեկավարը չի ընդունում, երբ խոսում են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին: Նրա կարծիքով, եթե պետք է ճանաչել, ապա միայն փաստացի կայացած ԼՂՀ-ն, այլ ոչ նրա ինքնորոշման իրավունքը, քանի որ այդ իրավունքը բոլոր ժողովուրդներն ունեն: Նույն կերպ Շ. Քոչարյանն անընդունելի է համարում, երբ քննարկման նյութ է դառնում տարածքները զիջել-չզիջելու հարցը, քանի որ հակամարտության կողմերը Ղարաբաղն ու Ադրբեջանն են և նրանք միայն իրավունք ունեն խոսել միմյանց ինչ որ բան զիջելու կամ չզիջելու մասին: