www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

«ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԵՆ»


www.Panorama.am
26 Դեկտեմբերի 2007

 «Քարոզչությունը կոմպրոմատների դաշտ տեղափոխում է այն մարդը, ով ասելիք չունի: Այն ինչ տեղի ունեցավ 1996 թվականին, ինչը 10-ը տարով հետընթաց էր մեզ համար, փորձում են ավելի փոքր ծավալով կրկնել այսօր»,-այսօրվա ասուլիսում ասաց «Ազգային ժողովրդավարական» կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, Վազգեն Մանուկյանի ակտիվ մասնակցությամբ նախագահական ընտրությունների քարոզարշավը 2008-ին կտեղափոխվի գաղափարական, կառուցողական դաշտ: «Այսօր ոչ ոք չի առաջարկում ապագայի լուծումներ: Չկան վերլուծություններ, չկա խորքային պատճառների վերհանում»,-նշեց Շ. Քոչարյանը: Նա կարծիք հայտնեց, որ հարկավոր է փոխել իշխանության որակը, ինչում մեծ տեղ ունի ընտրությունների թափանցիկ անցկացումը: «Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ ընտրությունները պայմանավորում են երկու թեկնածուով, սակայն դա այդպես չէ: Եթե նման պատկերը շարունակի պահպանվել, ապա ընտրությունները կավարտվեն առաջին փուլում»,-ասաց կուսակցության ղեկավարը:

Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ նախկին իշխանությունները ներկա իշխանություններին այլընտրանք չեն: «Եթե այսօր նախկին իշխանությունների մամուլը նման ձևով է դրսեվորում, ապա պատկերացրեք ինչ կլինի, երբ նրանք իշխանության գլուխ գան»,-նկատեց Շ. Քոչարյանը: Քաղաքական գործչի համոզմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչության սկիզբը «ֆալս ստարտ էր»: Այդ հիմնավորմամբ նա հավատում է, որ պատկերը առաջիկայում փոխվելու է: «Հակառակ դեպքում հասարակությունը ուղղակի անտարբեր կլինի ընտրություններին»,-ԱԺԿ նախագահը:


Խոսելով ընտրությունների վրա արտաքին գործոնի ազդեցության մասին` բանախոսը նշեց, որ Հայաստանում այդ գործոնը ընտրությունների ժամանակ գերագնահատվում է, իսկ նախընտրական շրջանում թերագնահատվում: Սոցհարցումների մասին Շ. Քոչարյանը նշեց, որ դրանցում իրականություն կա, սակայն Հայաստանի դեպքում այդ ինստիտուտների աշխատանքի արդյունքներին պետք է վերապահումով մոտենալ: ԱԺԿ ղեկավարը առաջիկա նախագահական ընտրությունները որակեց որպես բախտորոշ՝ նշելով, որ կամ կամրապնդվի այս համակարգը, կամ Հայաստանը կգնա ժողովրդավարական ուղղով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ՈՒՂԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ Է

«Արևմուտքը Հայաստանի նկատմամբ ունի հատուկ քաղաքականություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, արևմուտքին հարկավոր է տարածաշրջանում պահպանել հավասարակշռությունը: «Նրանք գիտակցում են, որ Ադրբեջանն իր ամբողջ զարգացմամբ հենվել է նավթի վրա, Վրաստանը իր ռազմական բյուջեն ավելացրել է քսան անգամ և դեռ ծրագրեր ունի, իսկ Հայաստանին մնում է մի ճանապարհ` զարգացնել ժողովրդավարությունը, դառնալ ժողովրդավարական երկիր»,-պարզաբանեց կուսակցության ղեկավարը: Այս առումով Շ. Քոչարյանի խոսքով, արևմուտքը կողմ է, որպեսզի Հայաստանը գնա ժողովրդավարական ուղղով: «Սա է պատճառը, որ Ադրբեջանում տեղի ունեցող բազմաթիվ օրինախախտումները կոշտ արձագանքի չեն արժանանում»,-նշեց ԱԺԿ նախագահը: Շ. Քոչարյանի կարծիքով, արևմուտքը մեզ համար ունի զարգացման որոշակի ծրագրեր, ինչի նպատակն է տարածաշրջանում պահպանել հավասարակշռությունը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին` բանախոսը նշեց, որ Մինսկի խմբի շրջանակներում այս հարցի լուծումը մտել է փակուղի, քանի որ ԼՂ-ն դուրս է մնացել բանակցային գործընթացներից: Նրա կարծիքով, պետք է նոր, հիմնավոր բազայի վրա դնել խնդրի լուծումը և այդտեղից շարունակել բանակցային գործընթացը: «ԼՂ խնդրի կարգավորման ճանապարհին երկու կոպիտ սխալ է եղել: Առաջինը, երբ նախկին իշխանությունները հրաժարվեցին ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և երկրորդը, երբ ներկայիս իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միավորվում են, ինչից հետևում է, որ այս հարցը դառնում է տարածքային վեճ»,-պարզաբանեց Շ. Քոչարյանը: Նրա խոսքով, երկու տարի է ինչ այս սխալը փորձում են ուղղել և հարց է բարձրացվում ազգային ինքնորոշման մասին: Սակայն, ինչպես նշեց բանախոսը, բոլոր ազգերն էլ ունեն ինքնորոշման իրավունք, «պետք է խոսել անկախ պետության ինքնորոշման իրավունքի մասին»: