www.ajk.am
ՕՐԻՆԱԳԾԵՐ / Շրջանառության մեջ գտնվող նախագծեր`

"ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին


Հոդված 1. "Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին" ՀՀ օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-121, այսուհետև` օրենք) 2-րդ հոդվածի`

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր (առաջին) մասով`
"Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտ են համարվում այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների իրացման տարեկան շրջանառության ընդհանուր գումարը չի գերազանցում 250 մլն դրամը.".

բ) 1-ին կետի "բ" ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
"փոքր` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ավել է 5-ից և չի գերազանցում 25 մարդը£".

գ) 1-ին կետի "գ" ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
"միջին` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ավել է 25-ից և չի գերազանցում 60 մարդը:":

դ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

"ՓՄՁ-ի պետական աջակցությունը իրականացվում է տարեկան ծրագրով: Տարեկան ծրագիրը մշակվում է ՓՄՁ հեռանկարային զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրի հիման վրա:
Ռազմավարական և տարեկան ծրագրերը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սույն օրենքով սահմանված հիմնական ուղղություններին համապատասխան` ելնելով տվյալ ժամանակահատվածում զարգացման գերակայություններից, ներառյալ` ՓՄՁ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:

ՓՄՁ զարգացման տարեկան ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:":

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:




Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

"Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի

Սույն նախաձեռնության նպատակներից է վերանայել ՓՄՁ դասակարգման չափորոշիչները հնարավորին չափ մոտեցնելով դրանք Եվրամիության չափորոշիչներին և միասնականացնելով տնտեսական գործունեության ոլորտները:
Առաջարկվում է նաև սահմանել ՓՄՁ-ների համար տարեկան շրջանառության ընդհանուր գումար, որը գերազանցելու դեպքում տվյալ սուբյեկտը չի համարվում ՓՄՁ և չի կարող օգտվել արտոնություններից: Այդ մոտեցումը ուղղված է նրան, որպեսզի աջակցությունից օգտվի միայն իրականում փոքր և միջին ձեռնարկատիրությունը:

Երկրում ՓՄՁ ոլորտի զարգացման հեռանկարը հստակեցնելու նպատակով առաջարկվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ մշակել և հաստատել ՓՄՁ ոլորտի Զարգացման Ռազմավարական ծրագիր, որը կիրականացվի տարեկան Ծրագրերով` ելնելով Ռազմավարական ծրագրում նախանշված նպատակներից և տվյալ ժամանակահատվածում զարգացման գերակայություններից:
Օրենքի առաջարկվող փոփոխությունների նախաձեռնողը "Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ" ոչ առևտրային կազմակերպությանն է: