www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ


«Հայոց աշխարհ»,   11 մարտի 2008
 
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
  
   - Պարոն Քոչարյան, նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուների ստացած քվեների ընդհանրական պատկերը որքանո՞վ է օրինաչափ կամ անակնկալ եւ որո՞նք են դրա քաղաքական պատճառները։

   - Նախկին նախագահը ստացել է բավական շատ քվեներ, ինչն ինքնին անտրամաբանական է։ Եթե գնահատելու լինենք նրա ծավալած քաղաքական գործունեությունը, ապա այս թեկնածուն ողջ նախընտրական փուլում խոստանում էր պայքարել բոլոր այն հակաօրինական ու ժողովրդի համար մերժելի երեւույթների դեմ, որի ստեղծողը հենց ինքն է։ Չեմ բացառում, որ նրա ստացած քվեները ոչ թե քաղաքական աշխատանքի գնահատականն էր, այլ որոշակի տեխնոլոգիաներ օգտագործելու եւ հոգեբանական ներգործության արդյունք։
   Տեղի ունեցածը ճիշտ հասկանալու համար արժե հիշել Արկադի Վարդանյանի ֆենոմենը։ Նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր, շատ սահմանափակ հավակնություններ կարող էր ունենալ ու մեր ներքաղաքական դաշտում հայտնվեց անհայտությունից։ Բայց շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ տասնյակ հազարավոր մարդկանց բողոքի ցույցի դուրս բերել։
   Այս դեպքում դժվար է խոսել ինչ-որ հատուկ տեխնոլոգիաների, հզոր ֆինանսավորման ու արտաքին միջամտության մասին։ Նախկին նախագահի պարագայում այս գործոններից որեւէ մեկը չի կարելի բացառել, բայց ընդհանուրն այն է, որ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը չի ցանկանում ապրել այս պայմաններում։
   Ժողովուրդը ցանկանում է ապրել այլ Հայաստանում։ Մարդիկ դժգոհ են ու չեն հանդուրժում ստվերայնությունը, ամենաթողությունը։ Ուզում են ապրել արդար երկրում, լինել պաշտպանված։

   - Բայց չէ՞ որ մատնանշած թեկնածուն իրականում ոչ թե “այլ Հայաստան” էր ցանկանում կառուցել, այլ ընդամենը հաստատել իր անձիշխանությունը:

   - Դա էլ մեր հասարակության մեկ այլ ախտանիշի հետեւանք է։ Ժողովրդի մեջ համոզմունք կա, որ նման հարցերը ընտրությունների միջոցով չեն լուծվում։ Հենվելով իրենց այս բացասական փորձի վրա, ընտրողները հաշվի են առնում ոչ թե թեկնածուի ներկայացրած ծրագիրն ու առկա խնդիրները լուծելու մոտեցումները, այլ պարզապես փորձում են որոշել, թե որ թեկնածուն իշխանության գալու հնարավորություն ունի։ Մյուս հանգամանքները հետին պլան են մղվում, առաջնային է դառնում պետության դեմ դուրս գալու գործոնը։
   Նախկին նախագահը հենց այս հաղթաթուղթն էլ օգտագործեց եւ որոշակի տեխնոլոգիաներով ժողովրդին ուղղակի սուտ էր ներարկում, թե իր կողմն է բանակը, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները, պետական ծառայողները։ Այս սուտը հետո հաստատվում էր մի քանի չինովնիկների հայտարարություններով։ Այլեւս, գտնվելով նման տարաբնույթ ազդակների ներքո, նրան լսողների գիտակցության մեջ ջնջվում էին անցյալի պատկերացումները նախկին նախագահի մասին։ Չեզոքացվում էր համոզմունքը, որ նա չի կարող իրականացնել խոստացած փոփոխությունները, քանի որ ինքն է դրանց հեղինակը։
   Ցավոք, նրան այս կերպ հաջողվեց դառնալ բողոքական զանգվածի առաջնորդը, իր դրոշի տակ հավաքել դժգոհ զանգվածին հասարակության բոլոր խավերից։ Բայց տեղի ունեցածը չի կարելի խաղաղ ցույցեր անվանել, քանի որ այդ դրոշի տակ հավաքվեցին նաեւ ջարդարարներ, թալանչիներ ու Արցախյան ազատամարտին չմասնակցած “երկրապահներ”։
 
   - Հասարակական որոշակի երկփեղվածություն այնուամենայնիվ կա։ Ինչպե՞ս կարելի է այս ներքին մարտահրավերը հաղթահարել։

   - Մեր հասարակությունն ու երկիրը այլեւս չի կարող լինել այնպիսին, ինչպիսին էր մինչեւ ընտրությունները։ Կա զարգացման երկու հնարավոր ճանապարհ։ Կարելի է էլ ավելի ամրապնդել անձիշխանական համակարգը, դրանով իսկ շարունակել առաջին նախագահի սկսած գործը։
   Այլընտրանքը պետության բոլոր ինստիտուտների էլ ավելի հզորացումն է՝ այլեւս նման անկարգություններ թույլ չտալու համար եւ ժողովրդավարացման ճանապարհով առաջ ընթանալը։ Դրա համար պետք են մեծածավալ համակարգային բարեփոխումներ։ Սա պետք է լինի պետության այսօրվա գերխնդիրը։ Իսկ եթե շարունակվի հզորացնել անձնիշխանական համակարգը, պարզապես կավելանա դժգոհների թիվը։ Կստացվի, որ Հայաստանում իշխանությունը նստած է մի ականի վրա, որը միշտ կարող է պայթել։ Բաց հասարակություն կայացնելու պայմաններում դժգոհների շարքերը աստիճանաբար կնվազեն։
   Այսպիսի կոշտ հակադրությունից հետո, որ տեղի ունեցավ մարտի 1-ին, դանդաղ քայլերն այլեւս վտանգավոր են։ Պետությունը պետք է կարողանա լուծել առաջացած մարտահրավերը, չեզոքացնել վտանգը։ Այսօր, կարծում եմ, լուծվում են մարտավարական խնդիրներ, ինչի արդյունքում էլ կարող է ձեւավորվել առաջիկա ռազմավարությունը։
 
 
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 
 

  ԼԻՍԱԲՈՆԻ ԴԱՍԵՐԸ

   Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. “Տեր¬Պետրոսյանը նպաստեց, որ Հայաստանի ժողովրդին հնարավոր լինի ներկայացնել պառակտված տեսքով ու պնդել, թե կոշտ դիրքորոշումները ժողովրդի բոլոր հատվածների համար չէ, որ ընդունելի են։
   Կարծում եմ, նախկին նախագահը շատ լավ հիշում է, թե ինչ վիճակում էր ինքը 1996-ին, Լիսաբոնի գագաթաժողովից հետո: Իր առաջադրումով նա ի սկզբանե նպատակ էր դրել այնպիսի ներքաղաքական լարում ու առճակատում հրահրել, որ 1996-ի իր խարանը դրվի նաեւ գործող իշխանությունների վրա։ Իսկ որ ընտրություններից հետո իրավիճակը Արցախում սրվել է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկար ընդմիջումից հետո դարձյալ սկսել են խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, իսկ Ադրբեջանը էլ ավելի կոշտ է շահարկում ուժային լուծման տարբերակը, ակնհայտ է”։