www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ԿԱՏԱՐՎԱԾԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ՉԷՐ ԲԽՈՒՄ


www.Panorama.am
25/03/2008

«Իշխանությունները պետք է դասեր քաղեն կատարվածից»,-այսօրվա ասուլիսում ասաց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, թե այն հանգամանքը, որը իշխանությունները կոալիցիա ձևավորեցին, խոսում է նրա մասին, որ ղեկավարությունը գիտակցում է հնարավոր վտանգը:

Շ. Քոչարյանի խոսքով, տեղի ունեցածը հասարակության մի հատվածի բողոքն էր տիրող համակարգի, բարքերի դեմ, և եթե իշխանությունները համապատասխան քայլեր չձեռնարկեն բողոքի վերացման ուղղությամբ, ապա իրավիճակը հնարավոր է կրկնվի: «Այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանը այդքան ձայն ստացավ, արդեն խոսում է այն մասին, որ որոշակի ժողովրդավարական պրոցեսներ են գնացել` հաշվի առնելով այն, որ հենց առաջին նախագահն էր այս արատավոր համակարգի հիմնադիրը»,-նկատեց Շ. Քոչարյանը: Նա նշեց, որ Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվելու ռեսուրսներ չպետք է ունենար` նկատի ունենալով իր կառավարման ժամանակ երկրի և ժողովրդի վիճակը, սակայն նա կարողացավ այդ բողոքը դարձնել ատելություն և մարդկանց հանել համակարգի դեմ:

Բանախոսը վերջին իրադարձությունները համեմատելով 1996-ի դեպքերի հետ ընդգծեց, որ 96-ի և այսօրվա միջև էական տարբերություններ կան: «Եթե 96-ին ակնհայտ էր, որ հաղթել է Վազգեն Մանուկյանը, ապա այսօր խոսքը գնում էր միայն երկրորդ փուլ լինել-չլինելու մասին»,-պարզաբանեց Շ. Քոչարյանը:


Նա նշեց, որ 1996-ին Վ. Մանուկյանը իրավիճակը սրելու, ցուցարարներին զինելու, ոստիկաններին ոչնչացնելու կոչեր չէր անում, ի տարբերություն մարտի մեկի դեպքերի: «Կարծես նպատակ կար, որպեսզի այդ բախումները տեղի ունենային: Օրինակ, ինչո՞ւ ինը օր շարունակ հնարավոր չէր իրազեկել քաղաքապետարանին հանրահավաքի վերաբերյալ կամ ինչո՞ւ Դավիթ Շահնազարյանի կոչը Մատենադարան գնալու մասին փոխվեց: Կարծես նրանք իրավապահ մարմիններին հրավիրում էին բախման»,- նկատեց ԱԺԿ ղեկավարը: Նա տարօրինակ համարեց նաև այն, որ խոսք էր գնում երկրապահների միացման մասին, ինչը տեղի ունեցավ, քանի որ «այն մարդիկ, ովքեր արյուն են տվել և պատրաստ էին տալ ԼՂ համար, այսօր կանգնում են մի մարդու կողքին, ով Ղարաբաղը հանձնելու մասին է խոսում»:

Խոսելով արտաքին գործոնի մասին, նա նշեց, որ այսօր ԱՄՆ-ը արդեն իսկ օգտագործում է ներկա ներքաղաքական իրավիճակը: «Այնտեղ փորձեր են արվում կիսելու հայ համայնքը և դա ստացվում է, քանի որ մի մասը պատրաստ է սատարել Հայաստանին այս ծանր իրավիճակում, իսկ մյուս մասը հակաիշխանական ցույցեր է անում»: Ըստ Շ. Քոչարյանի. պատահական չէր, որ այս բոլորը դեպքերը տեղի ունեցան հենց Կոսովոյի անկախությունից հետո, քանի որ նույն ԱՄՆ-ում խնդիր կառաջանար ԼՂ անկախության ճանաչման վերաբերյալ: «Բացի Ցեղասպանության ճանաչումից, մեր հայրենակիցները կպահանջեին նաև ԼՂ ճանաչումը` Կոսովոն դիտարկելով որպես նախադեպ»,-պարզաբանեց ԱԺԿ ղեկավարը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավոր է Լ. Տեր-Պետրոսյանը ուրիշ ուժերի հանձնակատար է, Շ. Քոչարյանը չցանկացավ պատասխանել. «Այն ինչ կատարվեց մեր ազգային, պետական շահերից չէր բխում»: