www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ՝ ԲՌՆԱՊԵՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ


«AZG Armenian Daily»,
www.azg.am,  26 Մարտի  2008

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ “Փաստարկ” ակումբում անդրադարձավ նախընտրական, հետընտրական զարգացումներին ու կազմվելիք կառավարությանը: Նրա գնահատականով, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարվածից հետո Հայաստանը հայտնվել է երկընտրանքի առջեւ՝ հանուն երկրի կայունության գնալ դեպի ժողովրդավարությո՞ւն, թե՞ դեպի բռնապետություն, անձնիշխանություն: Ի վերջո կայուն երկրների երկու տեսակ կա՝ ժողովրդավարական եւ բռնապետական: Ահա այս տեսակների ընտրության առջեւ ենք, ըստ Շավարշ Քոչարյանի, եւ առաջին հերթին երկրիս իշխանությունները: Կառավարության ինչպիսին լինելուց արդեն իսկ պարզ կդառնա ընտրվելիք ուղղությունն, ըստ բանախոսի: Նա գտնում է նաեւ, որ միայն կոալիցիոն կառավարություն ստեղծելով վստահության արժանանալ անհնար է, սակայն կառավարության կազմում նոր կադրերի ներառումը կարող է հայաստանաբնակների սպասման, ակնկալիքի հիմք ստեղծել եւ դրանք արդարացնելով նաեւ վստահությունը վերականգնել: Իսկ կոալիցիայի ստեղծումն, ըստ Շավարշ Քոչարյանի, ինքնին ապացուցում է, որ կառավարությունը հստակ գիտակցում է առկա վտանգն ու քաղաքական ճանապարհը չգերադասելու հետեւանքները: Սակայն ԱԺԿ նախագահը խորհրդարանական քաղաքական ուժերի ներառում ենթադրող կոալիցիայից արդյունավետ է համարում ազգային համաձայնությունը, որը ենթադրում է նաեւ արտախորհրդարանական ուժերի ներառում:


Ապագայի մասին այս դիտարկումները ներկայացրեց բանախոսն ու խոսեց նաեւ արդեն կատարվածից, ասելով, որ առանց երկրի ներսում անկայունության պարարտ հողի արտաքին ուժերն անկարող կլինեն անկայունություն ստեղծել, բայց եւ կարող են առավելագույնս օգտվել ստեղծված անկայուն իրավիճակից, իսկ Միացյալ Նահանգները պրագմատիկ լինելով ուղղակի բաց չի թողնի կարեւորագույն խնդրի՝ Ղարաբաղի հիմնահարցի լուծման հնարավորությունը: Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ ԱՄՆ-ը տպավորություն ունի, թե հայկական կողմերը ներկայումս թույլ են եւ համապատասխան ճնշման դեպքում հնարավոր կլինի միակողմանի զիջումներով լուծել Ղարաբաղի հարցը: Այս համատեքստում էլ բանախոսն ընդգծեց, որ ազգային խնդիրներ կան, որոնք որեւէ պարագայում մոռացության տալն անթույլատրելի է եւ ներքաղաքական պայքարում հարկ է չանցնել այն սահմանագիծը, որը թույլ չի տա վնասել ազգային, պետական խնդիրների լուծման ընթացքին:

Ի պատասխան հարցի, 1996 եւ 2008 թթ. նախագահական ընտրությունների միջեւ զուգահեռներ անցկացրեց բանախոսը՝ դրանց տարբերությունները մատնանշելով: 1996-ի ընտրություններում միանշանակ էր, որ ընտրվել է Վազգեն Մանուկյանը: 2008-ի ընտրություններում միանշանակ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ընտրվել, չի ստացել ձայների կեսից ավելին, ուղղակի կասկածի տակ է Սերժ Սարգսյանի առաջին փուլով ընտրվելը: Եվ հաջորդ տարբերությունն, ըստ Շավարշ Քոչարյանի, 1996-ին ցուցարարների անզեն լինելն է եւ ընդդիմության ներկայացուցիչների մինչեւ վերջ առաջին գծում լինելը, բացի այդ ցուցարարները ոչ նախահարձակ են եղել, ոչ էլ ջարդուփշուր արել, ոչ էլ թալանել:

Տեղեկատվության հակասականությունը պատճառաբանելով, ԱԺԿ նախագահը զերծ մնաց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարվածը որպես ժողովրդի վրա ոստիկանության հարձակում կամ այլ կերպ գնահատելուց: Նա կարծիք հայտնեց, որ գնացող նախագահն իր վրա է վերցրել ուժային գործընթացները եւ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի հասարակության վստահության հիմքեր ստեղծելու: Մարտի 1-ին կատարվածի պատասխանատուների շարքում վարչապետ Սերժ Սարգսյանին տեսնելու մասին հարցին ի պատասխան, ԱԺԿ նախագահը անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործելակերպում իրադարձությունները կատարվածին հասցնելու նպատակին, իսկ դրա պատճառ դիտարկեց հաղթելու շանսերի բացակայությունը եւ որպես գործոն ատելության, լարվածության զարգացումը: Այնուամենայնիվ բանախոսը պատասխանատվությունը համարեց երկուստեք ստանձնելիք եւ ընդգծեց, որ իշխանությունն առանց ուժի դիմելու պետք է սպասեր Սահմանադրական դատարանի վճռին, ինչը կնշանակեր, որ գնդակը Տեր-Պետրոսյանի դաշտում է ու նրան կհարկադրեր որոշակի քայլերի:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ