www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ


«Հայոց աշխարհ»,   26 մարտի 2008

Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ
  
   Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մեր հասարակությունը պետության զարգացման ուղու մասին հստակ պատկերացումներ չունի եւ վերջին համապետական ընտրությունների ժամանակ կատարեց չգիտակցված քվեարկություն. “Այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանը ստացավ բավական շատ ձայներ՝ լինելով երկրում առկա բոլոր մերժելի երեւույթների հիմնադիրը, վկայությունն է, որ մեր հասարակության մեջ խեղված իրավիճակ է։ Անցումային երկրներին է բնորոշ անկայունությունը, հեղափոխություններն ու հեղաշրջումները, ներքին բախումները։ Մենք միջին մի կետում ենք, ինչը հնարավորություն է տալիս անկայունացնել իրավիճակը։ 

   Բայց կա նաեւ կենսագործունեության բոլոր ոլորտները բարեփոխելու հնարավորություն։ Մեր ժողովրդի գերակշիռ եւ առողջ հատվածը, այնուամենայնիվ, փոփոխություն է ցանկանում։ Չեմ բացառում, որ Լ.Տեր-Պետրոսյանի քվեները Արեւմուտքում մշակված նուրբ տեխնոլոգիաների եւ խոշոր գումարների հետեւանք է։ Սակայն խորքային պատճառը, երբ բողոքական զանգվածը գնում է աննպատակ ու անգաղափար առաջնորդի հետեւից, կազմակերպված ու ազդեցիկ ընդդիմության բացակայությունն է”։


   Շ.Քոչարյանի գնահատմամբ, հետընտրական Հայաստանը այլեւս ուրիշ երկիր է, եւ իշխանությունն անհրաժեշտորեն պետք է հետեւություններ անի իր ծրագրերը ճշգրտելու համար։ Բանախոսը նաեւ շեշտեց, որ առանց ներքաղաքական պայքարի առաջընթացն անհնարին է, սակայն ցանկացած պայքար ունի թույլատրելի սահմաններ։ Կա մի շեմ, որը չի կարելի անցնել։ Եթե կողմերից մեկը անցնում է այդ շեմը, դրանով իսկ վտանգում է ընդհանուր ազգային, պետական շահերը, երկիրը վերածում է արտաքին խաղացողների համար հարմար թատերաբեմի։ 

   “Երբ դեռ նոր-նոր էր խոսվում առաջին նախագահի հնարավոր քաղաքական վերադարձի մասին, ես մատնանշեցի վտանգը եւ պարզորոշեցի, որ բացի Ղարաբաղը զիջելուց նա անելու այլ բան չունի։ Ստացվում է, որ նրա միակ հաղթաթուղթը կարող էր լինել ատելությունը։ Բախումների անխուսափելիությունը կանխատեսելի էր դեռ առաջին հանրահավաքից հետո։ Եթե նրա շուրջ ժողովուրդն իրոք համախմբված լիներ, իշխանությունը մեկ օր իսկ չէր դիմանա։ Մինչդեռ մենք առաջին անգամ ունեցանք մի իրավիճակ, երբ իշխանությանը քվե տալ չցանկացողները տեսան վտանգը՝ ի դեմս Լ.Տեր-Պետրոսյանի եւ քվեարկեցին իշխանության օգտին”,- նշեց Շ.Քոչարյանը։ 

   2008-ի եւ 1996-ի զուգահեռները ԱԺԿ առաջնորդը համարեց արհեստական ու ընդգծեց իշխանության ու ընդդիմության միջեւ առաջացած հակամարտության պատճառների էական ու որոշիչ տարբերությունները. “Միանշանակ է, որ 1996-ին հաղթել էր Վազգեն Մանուկյանը՝ հենց առաջին փուլում։ Նրա թիկունքում էր գրեթե ողջ ընտրազանգվածը։ 2008-ի ընտրությունների արդյունքները միանշանակ փաստում են, որ Լ.Տեր-Պետրոսյանը չի հաղթել։ Կարող է ընդամենը կասկած հարուցել՝ Սերժ Սարգսյանն առաջին փուլում հաղթե՞լ էր, թե՞ ոչ։ Համաձայնեք՝ տարբերությունն էական է։ Սերժ Սարգսյանը կարող է որոշակի քայլեր կատարել ու հասարակական սպասումներ առաջացնել։ 1996-ին գործող նախագահը նման շանս անգամ չուներ”։ 

   Երկրորդ տարբերությունն այն է, որ 1996-ին ընդդիմության առաջնորդները առաջին շարքում էին, իսկ 2008-ի փետրվարի 19-ից հետո հհշական բոլոր լիդերները ստվերում էին։ 1996-ին զոհեր չկային, հիմա բախումների հետեւանքով ութ զոհ կա։ Եթե իրավիճակը դուրս չգար բողոքի ցույցեր կազմակերպողների վերահսկողությունից, այդ զոհերը չէին լինի։ 1996-ին անգամ մեկ կրպակ չկողոպտվեց, ոչ մի ցուցարար զենք կամ մահակ չուներ։ “Ուստի տպավորություն է առաջանում, որ 2008-ի հետընտրական բախումների նպատակը զոհերն էին, քանի որ թեկնածուն հստակ գիտակցում էր, որ հաղթելու հնարավորություն չունի։ Կան նաեւ այս ամենի անուղղակի ապացույցները”,- գտնում է ԱԺԿ նախագահը։ 

   Շավարշ Քոչարյանը բացահայտեց հետընտրական իրողություններից ածանցվող մի քանի արտաքին քաղաքական հետեւանքներ, որոնք առանձնակի վտանգ են պարունակում. “Ակնհայտ է, որ հատկապես ամերիկյան կառույցները փորձում են օգտագործել ստեղծված իրավիճակը բոլոր այն դաշտերում, որոնք առնչվում են իրենց շահերին։ Եթե Հայաստանը թույլ է, ապա Ղարաբաղի հարցը նրանք կջանան լուծել մեր հաշվին։ 

   Հիշենք նաեւ, որ ԱՄՆ-ը հայերի հետ լուրջ խնդիր ունի իր երկրի ներսում։ Իսկական գլխացավ է դարձել Հայաստանում դեսպան նշանակելու խնդիրը։ Մի այլ գլխացավ է հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները։ Ամեն նախագահական ընտրություններից առաջ ամերիկահայ գաղութը միասնաբար թեկնածուների առջեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարց է դնում։ 300 միլիոնանոց ԱՄՆ-ում 1 միլիոն հայերի գործոնը, այնուամենայնիվ, կարեւոր ու ազդեցիկ է, քանի որ հայ գաղութը կազմակերպված է։ Հետեւաբար հայ համայնքը պառակտելը ԱՄՆ-ի համար առաջնային կարեւորության խնդիր է”։

   Իսկ փետրվարի 19-ի ընտրությունների հետեւանքներից մեկն էլ, բանախոսի կարծիքով, եղավ այն, որ ամերիկահայ համայնքը պառակտվեց։ ԱՄՆ վարչակազմի երազանքներից մեկն այս կերպ կարծես թե իրականացվեց։ Պատահական չէ նաեւ, որ այս ամենը տեղի է ունենում Կոսովոյի նախադեպից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը առավել հնարավոր է դարձել։

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ