www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ»


www.Iravunk.am 
01 Ապրիլի  2008

Երկփեղկված հասարակություն։ Բևեռացված քաղաքական դաշտ։ Ելքերի փնտրտուք։ Օրախնդիր դարձած այս թեմաների շուրջ իրենց կարծիքներն են խաչաձևում ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ (ԱԺԿ նախագահ), ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ («Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ), ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (Հայաստանի միավորված կոմկուսի ղեկավար)։

ԹՂԹԱԿԻՑ —Հայ հանրութունն այսօր արհեստականորեն բաժանվել է «մերոնց» և «ձերոնց»՝ «Ովքեր մեզ հետ չեն՝ մեր դեմ են» վտանգավոր սկզբունքայնությամբ, ինչը մեկ անգամ չէ, որ ավերել է հայոց տունը։ Ինչո՞ւ հերթական անգամ հայտնվեցինք այս ջրբաժանում։

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ —Խոսելով պատճառների մասին և գնահատականներ տալուց առաջ մենք պետք է հիշենք ձայների այն թիվը, որն ստացել է Լևոն Տեր—Պետրոսյանը՝ 350 հազար։ Սա 3,5 հազար չէ, որի դեպքում գնահատականները կլինեին բոլորովին այլ։ Երեք հարյուր հիսուն հազարը բավականին պատկառելի թիվ է, որպեսզի ինքներս մեզ հարց տանք՝ ինչո՞ւ այդպես ստացվեց։ Ամեն ինչի հիմքում, այնուամենայնիվ, մեր ժողովուրդն է, 350 հազարը մեր հայրենակիցներն են, ավելին, ցավով պետք է նշեմ, որ նրանց մեջ կա շատ առողջ զանգված, որը ցանկանում է ապրել այլ Հայաստանում։ ՈՒրիշ խնդիր, որ այդ մարդկանց կարելի էր բնական հարց տալ՝ բայց չէ՞ որ այն բարքերը, որոնցից դուք դժգոհ եք, ստեղծվել են հենց Լևոն Տեր—Պետրոսյանի իշխանության օրոք։ Այստեղ կա խզվածություն, ինչը ևս ունի իր պատասխանը։ Ո՞րն է այդ պատասխանը. այն, որ մարդիկ այդքան միամիտ չեն, և շատերն են հասկանում, որ հենց Տեր—Պետրոսյանի օրոք ձևավորվեցին բոլոր այն արատավոր երևույթները՝ անարդար ընտրություններ, ուժով իշխանություն պահել, ալան—թալան, զանգվածային արտագաղթ և այլն, որոնց դեմ այսօր իրենք ընդվզում են։ Հիշելով այս ամենը՝ ինչո՞ւ 350 հազար մարդ իր ձայնը տվեց Տեր—Պետրոսյանին։ Որովհետև մեզանում առկա է խորացված մի մոտեցում, որն արտադրվում է նաև նախորդ ընտրություններով։ Այն է՝ ընտրությունները հարց չեն լուծում, և այն թեկնածուները, ում դու ձայն ես տալիս, ի վիճակի չեն տեր կանգնելու այդ ձայնին։ Այս ընտրություններից առաջ ստեղծվեց տպավորություն (և դա լայնորեն քարոզվում էր), որ Տեր—Պետրոսյանն է հենց այն թեկնածուն, ով տեր կկանգնի իրեն վստահված քվեներին։ Ավելին, համառորեն տարածվում էր, թե ուժային կառույցները, բանակը, ոստիկանությունը, երկրապահները, օլիգարխները, կառավարման ոլորտի բազմաթիվ պաշտոնյաներ Տեր—Պետրոսյանի կողքին են, ժողովրդին մնում է միայն քվեարկել նրա օգտին, և բոլոր պրոբլեմները կլուծվեն։ Երկրորդը. շատ լավ գիտակցելով, որ ինքը, որպես անձ, անընդունելի է, մեջտեղ բերեց երեք տարի նախագահելու և մեկընդմիշտ հեռանալու գաղափարը, որը շատերի մոտ այդպես էլ մնաց, այսինքն, նա գալիս է ժամանակավորապես, ընդամենը վիճակը բարելավելու։ Ամենակարևոր հետևությունը, որ պետք է արվի այս ամենի արդյունքում, հետևյալն է. Հայաստանն այլևս չի կարող մնալ այնպիսին, ինչպիսին կար նախկինում։ Սա առաջինը։ Երկրորդը՝ չի կարող նույն ուղեգիծը շարունակել, իբր, ոչինչ էլ չի պատահել։ Իհարկե, պետությունը միշտ էլ բավարար ուժ ունի՝ թույլ չտալու համար կատարվածի ցավալի կրկնությունը, բայց գործընթացը մղվելու է ընդհատակ, և պայթյունավտանգ իրավիճակը պահպանվելու է։ ՈՒրեմն, պետությունը, ի վերջո, պիտի կարողանա հանրության դժգոհ զանգվածի մոտ առաջացնել նախ սպասելիքներ, հետո՝ հույս։ Սպասելիքը ինչ—ինչ քայլերն են, իսկ հույսը՝ կոնկրետ արդյունքը։ Այ սա է մեր առջև դրված թիվ մեկ նպատակը։ Գնահատելով այս իրավիճակը՝ պետք է կատարվեն քայլեր, որոնք Հայաստանն իրոք կտանեն դեպի ժողովրդավարություն, միաժամանակ իշխանությունը պետք է կարողանա պահպանել կայունությունը՝ չանցնելով թույլատրելիի սահմանագիծը։


 ԹՂԹ. —Հետընտրական բարդ իրավիճակը, որ բնութագրվում է որպես հասարակական—քաղաքական ճգնաժամ, հնարավորինս անցնցում հաղթահարելու հրամայականի մասին բոլորն են խոսում։ Որպես առաջնային քայլ մատնանշվում է իշխանության և արմատական ընդդիմության լիդերների երկխոսությունը, ինչը, սակայն, դժվար թե կայանա, քանի դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչները մեկուսարաններում են, իսկ Հյուսիսային պողոտայում էլ շարունակում է գործել չհայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ Լարվածությունը լիցքաթափելու այլ ուղիներ տեսնո՞ւմ եք, պարոնայք։ 
Արդյո՞ք Լևոն Տեր—Պետրոսյանի ձերբակալությունը իրավիճակից դուրս գալու ամենակարճ և ուղիղ ճանապարհն է։

Շ. ՔՈՉԱՐՅԱՆ —Ստեղծված իրավիճակում Տեր—Պետրոսյանի ձերբակալությունն ամենախելամիտ քայլը չէ, որ կարելի է անել։ Համաձայն եմ պարոն Մանուկյանի հետ, որ մեզ պետք է ուժեղ պետություն, բայց պետությունն ուժեղ է ոչ միայն իր ատրիբուտներով՝ բանակ, ուժային կառույցներ, իրավապահ մարմիններ և այլն, այլև ամենից առաջ իր թիկունքում կանգնած քաղաքացիներով։ Երբ հակադրություն է առաջանում այդ քաղաքացիների կամ նրանց մի հատվածի ու պետության միջև, ստեղծվում է այնպիսի վիճակ, որում մենք հիմա հայտնվել ենք։ Շատ ցավալի է, երբ փորձում ես խոսել Լևոն Տեր—Պետրոսյանի կողմնակիցների հետ և հասկանում, որ խոսում եք տարբեր լեզուներով…

ԹՂԹ. — «Մերոնքականների» և «ձերոնքականների»։

Շ. ՔՈՉԱՐՅԱՆ —Ցավոք, այո։ Ինչո՞ւ այսպես ստացվեց՝ սա՛ պիտի հասկանանք։ Իմ գնահատմամբ՝ դեպքերի նման զարգացումը ուղղորդված նպատակ էր, ինչի մասին ես խոսել եմ դեռևս 2007—ի սեպտեմբերին։ Եկեք հասկանանք, թե ինչ իրավիճակում էր Տեր—Պետրոսյանը փորձում մտնել քաղաքական դաշտ։ Քննադատել ներկա իշխանություններին՝ դա ակնհայտ է, բացթողումները շատ են, և մենք դա միշտ էլ արել ենք։ Բա՛յց։ Ինքը չէր կարող ասել՝ ինչ է պետք անել։ Ի՞նչ պիտի ասեր։ Պիտի ասեր՝ արդար դատարաններ պետք է լինեն, ընտրությունները պետք է լինեն արդար, տնտեսության մեջ պետք է լինի արդար մրցակցություն, ալան—թալան չպիտի լինի, արտասահմանյան վարկերը չպետք է փոշիացվեն և այլն, և այլն։ Բայց ինչ էլ ասեր, մարդիկ հակադարձելու էին, չէ՞, ասելով՝ չհասկացանք, բա դո՞ւ։ Այսինքն, այն, ինչից մենք դժգոհ ենք այսօր, դրա սկիզբը 98—ին չի դրվել, այլ սկսվել է շատ ավելի վաղ՝ 95, 96 թվականներին ու դրանից էլ առաջ։ Այս իրավիճակում շատ պարզ է, թե ինչպիսին պետք է լիներ Տեր—Պետրոսյանի քարոզչական տեխնոլոգիան։ Միայն ատելություն։ Այնքան ատելի ներկայացնել ներկա իշխանություններին, որ իր սևությունն այդ ֆոնի վրա առնվազն գորշ դառնա՝ «Ես վատն եմ, նրանք՝ անտանելի» տրամաբանությամբ։ Սա՝ մեկ։ Երկրորդը։ Նա հրաշալի հասկանում էր, որ կա ժողովրդի մի հատված, որն իրեն երբեք ձայն չի տալու, և Հայաստանի նորօրյա պատմության մեջ առաջին անգամ մենք ունեցանք հետևյալ իրավիճակը. մի ստվար ընտրազանգված, ամենևին չընդունելով ներկա իշխանություններին, միայն այն վտանգի զգացողությունից, որ նախորդ իշխանությունն է գլուխ բարձրացրել, ձայն տվեցին իշխանության ներկայացուցչին։ Ներկա իշխանությունների նկատմամբ ատելություն բորբոքող Տեր—Պետրոսյանի հետևողական ու նպատակային քարոզչությունը չէր կարող «սև—սպիտակի» այս ցավալի իրավիճակը չստեղծել՝ իրար դեմ հանելով «մերոնքականներին» ու «ձերոնքականներին»։ Ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ կարողանան այդ բոլորը մարսել, հասկանալ և ճիշտ հետևություն անել, մինչդեռ այսպիսի զգացմունքային իրավիճակում շատ դժվար է սևը սպիտակից ջոկել։ Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, պետք է շատ հստակ հատ—հատ նայել։ Եթե կա ուղղակի առնչություն քրեական գործողությունների հետ, սա ուրիշ բան է: Նրանք, ովքեր ընդամենը իրենց քաղաքացիական իրավունքն են օգտագործել, իհարկե, պետք է ազատ արձակվեն։ Նման մարդկանց ձերբակալությունը ոչ միայն չի նպաստում իրավիճակի կայունացմանը, այլև լրացուցիչ լարվածություն է առաջացնում։
Մենք երկու ընտրություն ունենք. կամ գնալ դեպի ժողովրդավարություն, իսկ դա նշանակում է ուժեղ պետություն, կամ գնալ դեպի բռնապետության ամրապնդում։ Լևոն Տեր—Պետրոսյանի գլուխ բարձրացնելու վտանգներից մեկը հենց սա էր։ Իշխանության այն հատվածին, որն ավելի հակված է կառավարման կոշտ մեթոդների, Տեր—Պետրոսյանի վերադարձը դրդում է ավելի անվերահսկելի գործողությունների, այսինքն` բռնապետության։ Որովհետև կա վտանգ, հետևաբար անհրաժեշտ են արտակարգ քայլեր։ Սա ես համարում եմ շատ վտանգավոր մեր ապագայի համար, և խոսքն արդեն անձերի մասին չէ, այլ ուղղության, որով շարժվելու է պետությունը։ ՈՒժ, իմաստություն և համարձակություն պետք է ունենալ՝ թույլ չտալու համար, որ անկայունությունը շարունակվի երկրում, մյուս կողմից՝ գնալ հստակ բարեփոխումների ճանապարհով։