www.ajk.am
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ / ԱԺԿ վարչության հայտարարություններ`

ԱԺԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


      Ներքաղաքական պայքարում չի կարելի անցնել այն շեմը, որից հետո վտանգվում են մեր ազգային շահերը, թուլացվում են երկու հայկական պետության` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում: Այդ շեմը անցնում է Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նախաձեռնած ստորագրահավաքը:
 
     Ինչու՞: Քաղաքացիների նախաձեռնությամբ չէ, որ Հաագայի դատարանը սկսում է մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեղադրանքով գործընթացը: Դատական գործընթացը հնարավոր է, եթե դիմի պետություն կամ միջազգային կառույց` ցեղասպանություն, էթնիկական զտումներ կամ ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով: Դրա վերջին ապացույցն է, օրերս կայացված Սուդանի նախագահի դեմ վճիռը` ցեղասպանություն և էթնիկական զտումներ իրականացնելու մեղադրանքով:
 
     Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ նախապատրաստում է «գործերի փաթեթ» ադրբեջանցիների դեմ հայ պաշտոնյաների կողմից էթնիկական զտումներ, ցեղասպանություն և ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով հենց Հաագայի դատարան դիմելու համար: Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նախաձեռնած ստորագրահավաքը չի կարող չօգտագործվել Ադրբեջանի կողմից և արագացնել նրանց դատարան դիմելը` հղում կատարելով ստորագրահավաքին որպես ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայ ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու հիմնավորում:

     Արդյունքում կա վտանգ, որ միջազգային դատարանը կքննի ոչ թե նախորդ դարասկզբին իրականում ցեղասպանություն իրականացրած և դարավերջին Ադրբեջանի և Ղարաբաղի տարածքներում էթնիկական զտումներ կատարած Թուրքիաին և Ադրբեջանին, այլ Հայաստանին ի դեմս Ռոբերտ Քոչարյանի` դատավարության ընթացքում այլ ազատագրական պայքարի ներկայացուցիչների որպես մեղադրյալների աստիճանաբար ներգրավմամբ:
 
     Այսպիսով, ստորագրահավաքը ուղղված է առաջին հերթին ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ մեր բոլորի, այդ թվում վտանգը չգիտակցող ստորագրողների դեմ, երկու հայկական պետությունների դեմ և խնդիրը ամենևին նախորդ նախագահին պաշտպանելու-չպաշտպանելու մեջ չէ:
 
     Դեռևս ուշ չէ, որպեսզի նախաձեռնողները կասեցնեն ստորագրահավաքը` այդ մասին հանդես գալով հրապարակային հայտարարությամբ: Հակառակ դեպքում մնում է ենթադրել, որ նրանց նախաձեռնությունը կանխամտածված օժանդակություն և հորդոր է տարբեր միջազգային կազմակերպություններում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին կեղծ մեղադրանքներ ներկայացնող Ադրբեջանին արագացնելու Հաագայի դատարանին դիմելը:
20 Հուլիսի 2008թ.
 
ԱԺԿ վարչություն