www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Հայկական ընդդիմությունը պետք է դադարեցնի ստորագրահավաքը նախկին նախագահ Քոչարյանի դեմ


ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունն անհապաղ պետք է դադարեցնի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի դատարան հայց ներկայացնելու ստորագրահավաքը, ասաց Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը։

«Համաժողովրդական շարժում» ընդդիմադիր կենտրոնը ստորագրահավաք է նախաձեռնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ մարտի 1-ի դեպքերի և անկարգությունների օրը իրավապահ մարմինների գործողությունների համար Հաագայի  միջազգային դատարանի առջև նրան պատասխանատվության ենթարկելու նպատակով։ 

«Հաագայի միջազգային դատարանի համար կատարվող ստորագրահավաքը ոչ մի կերպ ուղղված չէ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ և վտանգավոր հետևանքներ կունենա, որոնք, սակայն, անտեսվում և չեն գնահատվում ստորագրահավաքի կազմակերպիչների կողմից»,- ասաց Քոչարյանը երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, խնդիրը նրանում է, որ Հաագայի դատարանը քրեական գործեր է հարուցում մարդկության դեմ իրականացված հանցանքների համար՝ հիմնվելով ոչ թե ստորագրահավաքների, այլ պետությունների կամ միջազգային կառույցների հայտարարությունների վրա։

Ավելին, ինչպես նշեց քաղաքական գործիչը, դեպք չի եղել, երբ Հաագայի դատարանը որևէ  դիկտատորի դատի նրա ախոյանների հայտարարության հիման վրա, նրան կործանելու նպատակով։
Հաագայի դատարանը դատում է երեք հիմնական չափորոշիչներով՝ ցեղասպանություն, էթնիկ ջարդեր, ռազմական հանցագործություններ։


Նրա խոսքերով, դրա ամենաթարմ ապացույցը տասն օր առաջ Հաագայի միջազգային դատարանի վճիռն է Սուդանի նախագահի դեմ, որտեղ հստակ նշվում են ցեղասպանության և էթնիկ ջարդերի գործոնները։ 

«Այս տեսակետից, և հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ իրենք հայկական իշխանությունների դեմ փաստաթղթեր են պատրաստում Հաագայի դատարանին ներկայացնելու համար, ստորագրահավաքը հրաշալի փոխանցում է նրանց, որը նրանք անպայման կօգտագործեն»,- կարծում է Քոչարյանը։ 

Նա նշեց, որ եթե մինչ օրս Ադրբեջանը հապաղում էր այս հարցում, ապա միայն սեփական դիրքորոշման թուլության գիտակցումից, իսկ հիմա լրացուցիչ հիմք են ստանում, որն անպայման կօգտագործեն Քոչարյանի և Հայաստանի դեմ իրենց մեղադրանքներում։

«Հուսով եմ, որ ստորագրահավաքի կազմակերպիչները սա կանխամտածված կերպով չեն արել, այլ պարզապես տարվելով ներքաղաքական պայքարով, չեն մտածել հնարավոր հետևանքների մասին»,- կարծում է Քոչարյանը՝ նշելով, որ եթե դա այդպես է, ապա ընդդիմությունը պետք է դադարեցնի գործընթացն ու հրապարակային հայտարարություն անի։  

«Խնդիրը հավաքված ստորագրությունների թվաքանակը չէ, պարզապես ոչ ոք չի կարողանա հետո վերահսկել Ադրբեջանի կողմից տվյալների չարաշահումը։ Եթե կազմակերպիչները չհրաժարվեն այս նախաձեռնությունից, ապա դա որպես կանխամտածված գործողություն կդիտվի»,- ասաց Քոչարյանը։