www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Որոշ քաղաքական ուժեր փորձում են Ղարաբաղն օգտագործել որպես Կոսովոյի հականախադեպ


ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Որոշ քաղաքական ուժեր և պետություններ փորձում են Լեռնային Ղարաբաղի խնդիրն օգտագործել որպես Կոսովոյի հականախադեպ, կարծում է Հայաստանի Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը։

«Կոսովոն նախադեպ է, որքան էլ ասեն, թե այն բացառիկ և առանձնահատուկ հակամարտություն է, իսկ եթե համեմատենք այն ղարաբաղյան հակամարտության հետ, ապա վերջինս ավելի բացառիկ է», - ասաց Քոչարյանը երեքշաբթի՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Միաժամանակ ԱԺԿ առաջնորդը նշեց որոշ քաղաքական ուժերի և պետությունների առկայությունը, որոնք շահագրգռված են, որպեսզի Կոսովոյի ճանաչումից հետո ձևավորվի ինքնատիպ մի հականախադեպ՝ ի դեմս ԼՂՀ-ի, քանի որ Կոսովոն խառնեց նրանց բոլոր խաղաթղթերը։

«Եթե ղարաբաղյան հարցում փակվի ինքնորոշման և անկախության հարցը, ապա դա շատ լավ հականախադեպ կլինի աշխարհի համար, քանի որ միշտ կարելի կլինի հայտարարել, որ եթե անգամ Ղարաբաղը չկարողացավ հասնել անկախության, ապա էլ ու՞մ մասին կարող է խոսք լինել», - ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, որպես Կոսովոյի հականախադեպ Ղարաբաղի օգտագործման վտանգը միշտ եղել և մնում է, և դա պայմանավորված է երկրի ներքին իրավիճակով, քանի որ Հայաստանի վրա ճնշումներն ու ներքաղաքական լարվածությունը սնուցում են միմյանց։

Կոսովոյի սերբական երկրամասը, ԱՄՆ-ի և Եվրամիության առաջատար երկրների առաջակցությամբ, փետրվարի 17-ին միակողմանիորեն հռչակեց իր անկախությունը, որը ճանաչեցին ՄԱԿ-ի 192 անդամ-պետություններից միայն 43-ը։

Ընդ որում, Մոսկվան սատարում է Բելգրադի դիրքորոշմանը, որն իր տարածքի մի մասի անջատումը համարում է ՄԱԿ-ի կանոնակարգի և Անվտանգության խորհրդի՝ Սերբիայի տարածքային ամբողջականությունը հաստատող գործող 1244 բանաձևի խախտում։


Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
 
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-