ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման “մադրիդյան” սկզբունքների հրապարակումը ցույց տվեց Ադրբեջանի հայտարարությունների սնանկությունն այն հարցում, իբրեւ` տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է, եւ ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս:
Բանակցային սեղանին գտնվող փաստաթղթի գաղտնազերծված հատվածում առաջին անգամ հստակ երեւում է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը: Նման համոզմունք է հայտնել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` հուլիսի 24-ին Հանրային հեռուստաընկերության “Հայլուր-հարցազրույց” ծրագրում` ընդգծելով, որ Ադրբեջանը դարձել է ինքն իր քարոզչության պատանդ. այն փորձում է պարտադրել միջազգային հանրությանը եւ նույնիսկ համանախագահողներին իր տեսանկյունից նայել խնդրին:
Փաստաթղթի գաղտնազերծումը, սակայն, ցույց տվեց, որ այս երկիրը հաջողության չի հասել: Արդյունքի է հասել միայն իր հասարակության ներսում, որը Շ.Քոչարյանը չափազանց վտանգավոր է համարում: “Ադրբեջանը բացահայտումից հետո հայտնվել է շատ ծանր վիճակում` կամ պետք է հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ այն, ինչ քարոզում էր, մի կողմ պետք է դնել եւ իրատեսական մոտենալ բանակցային սեղանին, եւ ոչ թե միայն բանակցային սեղանի շուրջ խոսել այդ սկզբունքների մասին, իսկ հետո այլ բան, կամ գործընթացը կշարունակի դոփել տեղում”,-նկատեց Շ.Քոչարյանը: Գաղտնազերծումը, ըստ նրա, նպատակ ուներ կանխել բանակցողների կողմից բանակցային սեղանի վրա եղած մոտեցումների խեղաթյուրումը, քանի որ ակնհայտ էր` գաղտնազերծված սկզբունքների եւ ադրբեջանական կողմի հայտարարությունների տարբերությունը:
Փոխնախարարի խոսքերով` “մադրիդյան” սկզբունքները թվով ավելի շատ են, քան այն, ինչ հրապարակվել է համանախագահող երեք երկրների նախագահների հայտարարությանը կից: Գաղտնազերծված հատվածը նախ ընդամենը այն դրույթներն են, որոնց շուրջ միջնորդներն առաջարկում են բանակցել: Մի կողմից` դրանք արձանագրում են այն փուլը, որին հասել է բանակցային գործընթացը, մյուս կողմից` փորձում են ուղղորդել բանակցող կողմերին այդ ուղղությամբ:
“Մադրիդյան” սկզբունքներում միջնորդները փորձել են արտահայտել բոլոր կողմերի մտահոգությունները: Կարեւոր է, որ արտահայտված են նաեւ ԼՂՀ-ի մտահոգությունները` կապված ապագա եւ միջանկյալ կարգավիճակի, Հայաստանի հետ կապի եւ անվտանգության երաշխիքների հարցերի հետ: “Դրանք մոտեցումներն են, որոնց շուրջ պետք է տեղի ունենան բանակցությունները, խոսել ստորագրվելիք փաստաթղթի մասին, չափազանց վաղ է: Մինչեւ կողմերի դիրքորոշումները չմոտենան միմյանց, համենայն դեպս, այդ սկզբունքների շուրջ, շատ բարդ կլինի խոսել ինչ-որ փաստաթղթի ստորագրման մասին”,-պարզաբանեց փոխնախարարը:
Փաստաթղթում ամրագրվում է, որ ԼՂ ժողովուրդը պետք է հանրաքվեով որոշի իր ապագան: Շ.Քոչարյանը հետարքրքական համարեց, որ շահարկվում է “հանրաքվե” բառի բացակայությունը, սակայն կարեւորն ամրագրումն է, որ ժողովրդի ազատ կամարտահայտումը կունենա իրավական ուժ բոլոր կողմերի համար:
Գաղտնազերծված սկզբունքներում որեւէ նշում չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, ճիշտ այնպես ինչպես չկա ինքնորոշման իրավունքը, բայց կան առաջարկվող քայլեր, որոնք ուղղված են եւ մեկ սկզբունքին, եւ մյուսին: “Բոլորը քաջ գիտակցում են` ինչ գնով են ձեռք բերվել ներկայիս անվտանգության երաշխիքները: Այդ ամենին գնահատական տալով` հայկական կողմերը, միջազգային հանրությունը պետք է առաջնորդվեն մեկ հանգամանքով` ԼՂ անվտանգության երաշխիքների ապահովումը գերակա սկզբունքներից է: Ներկայումս գծված սահմանները հենց անվտանգության երաշխիքներ են: Եթե ապագայում որեւէ բան պետք է փոխվի, ակնհայտ է, որ անվտանգության երաշխիքները չպետք է նվազեն: Ունենալով այս ստատուս քվոն` անընդհատ կա ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք:
Այդ տեսանկյունից անվտանգության երաշխիքների ապահովումն իր մեջ կներառի նաեւ կարգավիճակ, կապ Հայաստանի հետ եւ այլ երաշխիքներ` դրա հետ մեկտեղ իրապես նվազեցնելով ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Հայկական կողմերը ձտգում են հենց դրան”,-ընդգծեց ԱԳ փոխնախարարը: Բնական է, որ եթե առաջարկողը նվազեցնի այն անվտանգության երաշխինքերը, որոնք արդեն կան, ոչ ՀՀ-ն, ոչ էլ ԼՂՀ-ն չեն գնա նման լուծման: Ցամաքային կապը պետք է լինի այնպիսին, որը անհնարար կլինի խափանել. այն պետք է լինի հայկական կողմերից մեկի իրավասության տակ:
Շ.Քոչարյանը նաեւ համոզված է, որ փաստաթղթի որեւէ հատված չի կարելի դիտարկել առանձին, համաձայնությունը լինելու է փաթեթին, որի մեջ ամեն ինչ ներառված է: Փաթեթային համաձայնեցումից հետո հնարավոր է արդեն փուլային իրականացումը:
Ըստ փոխարտգործնախարարի` հայկական կողմերը միշտ էլ պահանջել են ԼՂ մասնակցություն բանակցային գործընթացում: Գնալով հասունանում է ԼՂ մասնակցության հարցը: Սկզբունքների գաղտանզերծումը փաստեց, որ Ադրբեջանը չի հասնում այն արդյունքներին, որոնց ձգտում էր քարոզչությամբ: Ադրբեջանական հասարակությունը հայտնվել է տարօրինակ վիճակում. մինչ այսօր լսում էր մի բան, այժմ ասվում է մեկ այլ: Հայաստանի իշխանություններն ավելի զուսպ են եղել. հետեւողականորեն հայտարարված հարցերը համապատասխանում են հրապարակված սկզբունքներին: