www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Վերսկսելով պատերազմը՝ Ադրբեջանը կլուծի Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը, ՀՀ ԱԳՆ


www.tert.am, 24.08.2009

Ղարաբաղյան հակամարտությունում կա երկու հիմնական կողմ. դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է և Ադրբեջանը, որը փորձում էր ուժային ճանապարհով լուծել ինքնորոշված ժողովրդի խնդիրը: Երրորդ կողմը, որին ներքաշել են այս հակամարտության մեջ, Հայաստանի Հանրապետությունն է: Այս մասին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա նաև նշել է, որ պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում է ներկայացնել այս հակամարտությունը որպես հակամարտություն Ադրբեջանի ու Հայաստանի միջև:

«Սակայն հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը, իսկ հակամարտությունն առաջացել է Ադրբեջանի ուժային քաղաքականության պատճառով: Ի սկզբանե` ուժային: Կարելի է հիշել հայկական բնակչության ջարդերն ամբողջ Ադրբեջանի տարածքում՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ: Դրանք էթնիկական զտումներն են Լեռնային Ղարաբաղի մերձակայքում գտնվող հայաբնակ կետերում: Եվ հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում էլ: Վերջապես, դա լայնածավալ պատերազմն է, որ արձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այստեղ ներգրավված էին նաև գրոհայիններ, Թալիբանի մոջահեդներ, և, հավանաբար, բոլորին է հայտնի, այնտեղ իր մարտական մկրտությունն է ստացել Շամիլ Բասաևը», – ասել է Շավարշ Քոչարյանը:


Խոսելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին՝ Քոչարյանը նշեց, որ «զենքով անընդհատ Ադրբեջանն է վախեցնում»:

«Նրանք հարցը հետևյալ կերպ են ձևակերպում՝ կամ մենք ստանում ենք ամեն ինչ, կամ տարածաշրջանը պատերազմ է ստանում»:

ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը նաև նշել է.

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությանը խելամտություն չի հերիքում` չկրկնել այն սխալները, որոնք նրանք արդեն մեկ անգամ թույլ են տվել: Հակամարտության ռազմական փուլը հենց այդ հաշվարկի վրա է կառուցված: Իսկ հաշվարկն այսպիսինն էր՝ նյութական, տեխնիկական ու զուտ մարդկային ռեսուրսների գերակշռումը Ադրբեջանի կողմն էր: Եվ ամեն անգամ, երբ նրանք սկսում էին ռազմական գործողությունների նոր փուլը, նրանք պարտություն էին կրում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին պատերազմի վերսկսման պարագայում, ապա, Քոչարյանի խոսքերով, նրանք կլինեն նույնը, «ինչ եղան 90-ականների սկզբին»:

Ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք փոխնախարարին չի թվում, որ «եթե Հայաստանն այսչափ երկար համառի հարցի խաղաղ կարգավորման գործում, Ադրբեջանը շատ արագ կլուծի խնդիրը ռազմական ճանապարհով», Քոչարյանը նշեց.

«Նախ՝ այդ դեպքում Ադրբեջանը շատ արագ կլուծի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը: Դա միանշանակ է: Երկրորդը` ինչ վերաբերում է հարցի արագ կարգավորմանը, ապա ինձ մնում է միայն հիշեցնել, որ մինչև 1994 թվականը նրանք ամեն անգամ մտածում էին, որ խնդիրը արագ կլուծվի: Մինչ այն պահը, երբ հենց իրենք խաղաղություն խնդրեցին: Եվ եռակողմ խաղաղության համաձայնագիրը, որը կնքված է Ռուսաստանի աջակցությամբ, մինչ օրս գործում է: Կարծում եմ՝ սա ի շահ է բոլոր ժողովուրդներին», - եզրափակել է Քոչարյանը:

 

Գերտերությունները կպարտադրեն ղարաբաղյան հակամարտության լուծումը, եթե հոգնեն Բաքվի քմայքներից


Եթե նախկինում կարելի էր խոսել միջնորդների շրջանում առկա տարաձայնությունների մասին, ապա այսօր այնպիսի տպավորություն է, որ նրանք բավական համահունչ են: Այս մասին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով` նման համաձայնեցվածության մասին է խոսում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը:

«Ֆրանսիան այս պարագայում կարող է ընկալվել որպես Եվրախորհուրդ»:

Միջնորդների տեսակետը փոխարտգործնախարարը այսպես է նկարագրել.

«Դուք պայմանավորվեք, իսկ մենք երաշխավորը կլինենք»:

Շավարշ Քոչարյանը նաև նշեց, որ հակամարտության չկարգավորման պատճառները պետք է փնտրել ոչ թե միջնորդների, այլ հենց հակամարտող կողմերի մեջ.

«Եթե ավելի կոնկրետ, ապա դա Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է»: Հակամարտության կարգավորման պարտադրման մասին խոսելով՝ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ միջնորդներն առայժմ խուսափում են դիմել այդ քայլին:

Ռադիոկայանի լրագրողներն առաջարկել են տարբերակ դիտարկել, որի դեպքում Հայաստանն ընդունում է Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, իսկ Մոսկվան վերանայում է իր դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ:

Քոչարյանը պատասխանեց, որ մոտ ապագայում հակամարտության նման լուծման տարբերակ նա չի տեսնում:

«Այս դեպքում, երբ խոսքը գնում է պարտադրման մասին, ապա պետք է լինեն ընդհանուր տեսակետներ: Ընդհանուր տեսակետ, միգուցե, կարող է լինել այն դեպքում, երբ վերջապես միջազգային հանրությունը հոգնի Ադրբեջանի քմայքներից»:

Բաքվում բնակվող մենեջերի այն հարցին, թե երբ է Հայաստանը` համապատասխան ՄԱԿ-ի բանաձևի, դուրս բերելու զորքերը Ադրբեջանի տարածքից, փոխարտգործնախարարը պատասխանեց, որ նման պահանջներ ՄԱԿ-ի բանաձևերում չկան:

«Չկան ՄԱԿ-ի պահանջներ, որոնք Հայաստանին պարտադրում են դուրս բերել զորքերը: Կա բանաձև, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունեցած ազդեցության կիրառման մասին: Երկրորդը` եթե խոսքը գնում է Ադրբեջանի տարածքների մասին, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ, ապա միանշանական կարելի է խոսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»:

Պատասխանելով Ստեփանակերտից ուսանողի՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության չճանաչման մասին հարցին՝ Շավարշ Քոչարյանն իր անձնական կարծիքը հայտնեց՝ նշելով, որ ԼՂՀ անկախությունը պետք էր ճանաչել ամենասկզբում։

«ԼՂՀ անկախության չճանաչումը պայմանավորված էր նրանով, որ ամեն անգամ Հայաստանը մտածում էր, որ քանի դեռ կան միջնորդներ, կա գործընթաց, պետք է այդ բանակցային գործընթացը շարունակվի, և հարկ չկա խստորեն ուրվագծել սեփական դիրքորոշումը։ Երկրորդը՝ իհարկե, մեր խնդիրն այն չէ, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այլ այն է, որ միջազգային հանրությունը ճանաչի այն։ Իսկ իդեալական կլիներ, եթե ԼՀՂ անկախությունը ճանաչեր հենց Ադրբեջանը», – ավելացրել է նա։

«Պետք է համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, իսկ հետո արդեն խոսել դրանց մանրամասների իրագործման մասին։ Դրա հիմքում երկու հայկական պետությունների համար՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ընկած է մեկ սկզբունք՝ դա ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխիքների առկայությունն է», – ասել է Շավարշ Քոչարյանը։

 

Ղարաբաղի ադրբեջանցիները կարող են վերադառնալ ԼՂՀ, ՀՀ փոխարտգործնախարար


Լեռնային Ղարաբաղը լքած ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը հնարավորություն է ընձեռում վերջիններիս վերադառնալ Ղարաբաղ, Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Դեռ ավելին` երբ միջնորդներն առաջարկում են որպես փոխզիջում կրկնակի հանրաքվե անցկացնել, ապա բնական է, որ նրանք նկատի ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր բնակիչներին, ովքեր այնտեղ էին բնակվում հակամարտության սկսվելու պահին», - ավելացրել է նա:

Ընդ որում՝ Քոչարյանը նշել է, որ նշված հնարավոր հանրաքվեին ադրբեջանցիները պետք է մասնակցեն այն վայրում, որտեղ գտնվում են.

«Դրանից հետո նրանք պետք է որոշեն՝ արդյո՞ք իրենք անտարբեր չեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նկատմամբ: Վերջապես, մենք կարծում ենք, որ անվստահության ու փոխթշնամանքի այն մակարդակը, որ կա այսօր, չպետք է լինի հավերժ»:

 

Թուրքիան ղարաբաղյան հարցում Ադրբեջանից խելամիտ էր, Քոչարյան


Թուրքիայի դիրքրորոշումը Ղարաբաղի հարցում արտահայտվում է նրանում, որ այդ երկիրը մինչ այժմ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել։ Այս մասին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Անկարայի այս քայլերը, դիվանագետի խոսքերով, ուղղված էին դաշնակից Ադրբեջանի աջակցությանը, որպեսզի Հայաստանը մնա շրջափակման մեջ և որպեսզի հետագայում հնարավոր լինի ուժային լուծման տարբերակը:

«Այսօր այն փաստը, որ Թուրքիայում պատրաստ են քննարկել նման մոտեցումներից հրաժարվելու հարցը, ամենայն հավանականությամբ, խոսում է այն մասին, որ Թուրքիայում` ավելի վաղ, քան Ադրբեջանում հասկացան, որ Հայաստանի նման շրջափակումը չի հանգեցնում այն արդյունքներին, որոնք նրանք ակնկալում էին: Այսօր Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի առումով», - եզրափակել է Շավարշ Քոչարյանը: