www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Բանակցությունների հայեցակարգի վերանայման անհրաժեշտություն կարող է ծագել


ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում Ադրբեջանի ապակառուցողական գծի շարունակման դեպքում կարող է բանակցությունների հայեցակարգի վերանայման անհրաժեշտություն ծագել:

«Մադրիդյան սկզբունքները կարող են լավ հիմք լինել փոխզիջումների հիման վրա կարգավորման հասնելու համար: Սակայն բանակցային բործընթացը, իմ գնահատմամբ, փակուղի է մտնում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Բաքուն չի հանդուրժում փոխզիջումներ եւ ելնում է «ամեն ինչ կամ ոչինչ», իսկ ավելի ստույգ` «ամեն ինչ կամ պատերազմ» սկզբունքից,- ասաց Շ.Քոչարյանը: Ընդ որում, պաշտոնական Բաքուն, ըստ նրա, մշտապես քայլեր է անում, որոնք ուժեղացնում են լարվածությունը տարածաշրջանում:

Փոխնախարարի կարծիքով, Ադրբեջանի այդ քաղաքականությունը դեպի փակուղի է տանում գործը, եւ դրանից ելք կարող է դառնալ բանակցային գործընթացի հայեցակարգի փոփոխումը, ինչն էլ կհանգեցնի նրա ձեւաչափի փոփոխման: «Ադրբեջանը ավելի քան մեկ տարի ժխտում էր անգամ Մադրիդյան սկզբունքների գոյությունը, թեեւ դրանք հիմք էր ընդունել բանակցությունների համար: Եթե նա շարունակի իր ապակառուցողական գիծը, ապա ներկայիս հայեցակարգի հնարավորությունների պատուհանը կարող է փակվել»:


Շ.Քոչարյանը համարում է, որ բանակցությունների ներկայիս ձեւաչափը, որից բացակայում է հակամարտության հիմնական կողմը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ադրբեջանի կոշտ դիրքորոշման հետեւանք է, որը ոչ մի կերպ չի համաձայնում նրա մասնակցությանը, թեեւ տարիներ շարունակ բանակցություններ էր վարում եւ հրադադար է կնքել անմիջականորեն Ղարաբաղի հետ: Բաքվի կողմից ապակառուցողական քաղաքականության շարունակումը բանակցային գործընթացը կմտցնի փակուղի, եւ անհրաժեշտություն կառաջանա բանակցային գործընթացի հայեցակարգի այնպիսի փոփոխության, որ կբխի այն իրողությունից, որ խնդրի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրականացված իրավունքը, իսկ հակամարտության եւ նրա ծավալման հիմքում` Ադրբեջանի կողմից իրականացված հայ բնակչության ջարդերի ու էթնիկ զտումների քաղաքականությունը եւ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

«Բանակցային գործընթացի այդպիսի հայեցակարգի դեպքում Լեռնային Ղարաբաղի չմասնակցելը դրան արդեն լրիվ անբնական կլինի»,- նշեց Շ.Քոչարյանը:

Միժամանակ Շ.Քոչարյանը նշեց, որ հուլիսին «գաղտնազերծված» մադրիդյան սկզբունքների մի մասը հնարավորություն է ստեղծում ԼՂ-ի սուբյեկտության եւ բանակցություններին նրա մասնակցության համար: Սակայն պաշտոնական Բաքուն շարունակում է մերժել նման հնարավորությունը, դրանով իսկ աղճատելով խնդրի էությունը:

Եթե Ադրբեջանը իր հայտարարություններով չփորձի կանխորոշել բանակցությունների ընթացքն ու արդյունքը «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով, ապա մադրիդյան սկզբունքները կարող են հանգեցնել հակամարտության բոլոր երեք կողմերի համար ընդունելի փոխզիջման, ամփոփեց Շավարշ Քոչարյանը: