www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Թուրքիան փոխո՞ւմ է քաղաքականությունը


Հոկտեմբեր 29, 2009, 168 ժամ

- Պարոն Քոչարյան, Հայաստանում տեսակետ կա, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ՝ ինչ-որ չափով վատացել են հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Իսկապե՞ս կարելի է հավատալ, որ այդ երկու երկրների հարաբերությունների մեջ ինչ-որ բան վատացել է:

 - Թուրքիան եղել է, կա եւ կմնա Ադրբեջանի դաշնակիցը: Այլ բան է, որ ելնելով իր դաշնակցային հարաբերություններից՝ Թուրքիան վարում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու, Հայաստանին շրջափակելու եւ տարածաշրջանում մեկուսացնելու քաղաքականություն: Ստորագրված արձանագրություններն ուղղված են այդ քաղաքականության փոփոխությանը: Դա չէր կարող չհարուցել Ադրբեջանի դժգոհությունը եւ չառաջացնել որոշակի լարվածություն երկու դաշնակիցների հարաբերություններում: Կարծում եմ՝ Թուրքիան հասկացել է, որ շրջափակման եւ մեկուսացման միջոցով երկու հայկական պետություններին` Հայաստանի Հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ծնկաչոք անելու փորձերը չեն բերել իրենց կողմից սպասելիք արդյունքի: Մնում է նույն եզրակացության գա նաեւ Ադրբեջանը:

- Հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման արդյունքում բաց սահմաններ ունենալուց զատ՝ Հայաստանն ակնկալում է, որ իր տարածքով անցնեն նաեւ միջազգային տարանցիկ ծրագրերը: Օրինակ, ակնկալիք կա, որ պետք է վերագործարկվի Կարս-Գյումրի երկաթգիծը: Բայց դրան զուգահեռ՝ կառուցվում է Կարս-Ախալքալաքը: Արդյո՞ք Թուրքիան ու Ադրբեջանը թույլ կտան, որ Հայաստանը մասնակցի նման ծրագրերին, չէ՞ որ այդպիսով նրանց ազդեցությունը տարածաշրջանում ու այդ ծրագրերի վրա կթուլանա: Հատկապես, երբ, ինչպես ասում եք, նրանք դաշնակից են նաեւ ընդդեմ Հայաստանի:

- Ակնհայտ է, որ Կարս-Ախալքալաք երկաթգիծը տնտեսապես շահավետ չէ եւ հետապնդում է քաղաքական նպատակներ: Իհարկե, հնարավոր է տնտեսապես ոչ շահավետ երկաթգծի կամ ճանապարհի կառուցում՝ ելնելով դիվերսիֆիկացիայի նպատակներից: Մյուս կողմից, եթե Թուրքիան սահմանը բացելուց հետո շարունակի մասնակցությունը Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման ծրագրին առանց Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման, դա կնշանակի՝ ՀՀ մեկուսացմանն ուղղված քաղաքականության շարունակություն: Բեռնափոխադրողը կորոշի՝ որքանով է իրեն ձեռնտու Հայաստանի տարածքով փոխադրումները: Ավելացնեմ նաեւ, որ Իրան-Հայաստան երկաթգիծ կառուցելու ծրագիրը ոչ միայն ուժի մեջ է, այլ պետք է նոր թափ ստանա:

- ՀՀ իշխանություններն անընդհատ ասում են, թե բանակցությունների այս փուլում քննարկվում է միայն ԼՂՀ կարգավիճակի հարցը, որից հետո նոր պետք է համաձայնեցնեն մյուս հարցերը: Բայց արդեն հրապարակված` բանակցությունների հիմքում ընկած Մադրիդյան սկզբունքներում կարգավիճակի հարցը սահմանված է չորրորդ կետում: Առաջինը ԼՂՀ հարակից տարածքների վերադարձի հարցն է:

- Մեկ բան է հերթականությունը Մադրիդյան սկզբունքներում, այլ բան է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությանը կից ԵԱՀԿ կայքում հրապարակված դրույթներում: Անկախ այս կամ այն հերթականությունից, համաձայնությունը հիմնարար հարցերի շուրջ հնարավոր է միայն փաթեթային, որից հետո կարելի է խոսել համաձայնեցված մոտեցումների փուլային իրականացման մասին: Գործում է հետեւյալ սկզբունքը` ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ: Հայկական կողմերը ամենաբարձր մակարդակով հնչեցրել են, որ բանակցությունները ընթանում են ԼՂՀ կարգավիճակի շուրջ, որից հետո միայն հնարավոր է անդրադառնալ մնացյալ խնդիրներին: Հայկական կողմերի համար անընդունելի են միակողմիանի զիջումներ, իսկ փոխզիջումները հնարավոր են, եթե ապահովվում են երկու պայման` ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխիքները չպետք է լինեն ավելի ցածր, քան այսօր կան, եւ ԼՂՀ ինքնիշխանության աստիճանը չպետք է լինի առնվազն ավելի նվազ, քան այսօրվանը: Կարգավիճակն անվտանգության երաշխիքների անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է:

- ԼՂՀ-ի անվտանգության լավագույն երաշխիք են ազատագրված շրջանները, իսկ ինքնիշխանության աստիճանն այսօր բավականին բարձր է: Բայց փոխզիջումների` ազատագրված տարածքների վերադարձն ընդունում են նաեւ ՀՀ իշխանությունները: Այդ դեպքում Ձեր ասածը, թե անվտանգության երաշխիքները չպետք է ցածր լինեն այսօր գոյություն ունեցող մակարդակից, հակասում է մեր իշխանությունների ընդունած փոխզիջման տարբերակին:

- Այո՛ ազատագրված տարածքները այսօր առկա անվտանգության երաշխիքների կարեւոր բաղկացուցիչ մասն են: Անվտանգության որեւէ երաշխիքի նվազում պետք է փոխհատուցվի այլ անվտանգության երաշխիքի ամրագրումով: Գումարային առումով առկա անվտանգության երաշխիքը չի կարող նվազել: Մեկ անգամ էլ կրկնեմ. քանի դեռ կարգավիճակի հարցում չկա հստակեցում, այլ հարցերի մասին խոսելն ավելորդ է:

- ԼՂՀ տարածքների 15 տոկոսն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ երկիրն անընդհատ բարձրաձայնում է, թե ՀՀ-ն օկուպացրել է իր տարածքների 20 տոկոսը: Ինչո՞ւ ՀՀ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այդ տարածքների հարցը չի դարձնում բանակցության առարկա:

- Ադրբեջանը շարունակում է նենգափոխել ղարաբաղյան խնդրի էությունը եւ հակամարտության ծավալման պատճառները, փորձելով իր իսկ կողմից իրականացրած էթնիկական զտումների եւ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները բարդել Հայաստանի վրա: Նա անհաջող փորձում է ներկայացնել խնդրի էությունը, որպես տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հայկական կողմերը բազմիցս հայտարարել են եւ ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տարբեր միջազգային ատյաններին այն մասին, որ հակամարտության հիմքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կայացած ինքնորոշումն է, իսկ հակամարտության հիմնական կողմերը ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է եւ ԼՂՀ-ի դեմ ուժային քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը: Հայաստանը հակամարտության մեջ ներքաշված կողմ է, քանի որ չէր կարող թույլ տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ էթնիկական զտումների քաղաքականության իրականացումը: Այդ համատեքստում են հայկական կողմերը դիտարկում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքները, իսկ Հայաստանը օգտագործում է այդ հարցադրումը բանակցային գործընթացում:

- Իսկ ինչո՞ւ քայլեր չեն արվում, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցային գործընթաց: Բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցության մասին ՀՀ-ում խոսում են բոլորը, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահները, բայց այդ ուղղությամբ քայլ կարծես թե չի արվում:

- ՀՀ-ն միշտ հայտարարել եւ հայտարարում է այն, ինչ որ ցույց է տվել տարիների փորձը` ԼՂՀ բացակայությունը բանակցությունների սեղանի շուրջ որպես լիիրավ կողմ խոչընդոտում է գործընթացի արդյունավետությունը: Ադրբեջանը համառորեն դիմադրում է ԼՂՀ ներգրավմանը բանակցային գործընթացին, քանի որ դրանով փլուզվում է իրենց իրականությունը նենգափոխող մոտեցումը հակամարտության էության եւ պատճառների մասին: Սակայն որեւէ թղթային համաձայնություն անհնարին է՝ առանց ԼՂՀ մասնակցության: Եվ պատահական չէ, որ միջնորդները ԼՂՀ մասնակցության մասին բարձրաձայն հայտարարում են: Գնալով բոլորի համար ակնհայտ է դառնում, որ քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնվում ԼՂՀ մասնակցությանը, նա չի ցանկանում կարգավորել հարցը եւ օգտագործում է բանակցային գործընթացը սեփական աղավաղված պատկերացումները քարոզելու համար:

- Այո, բայց ասում են, թե սկզբունքները համաձայնեցնելուց հետո նոր մասնակցություն կունենա: Համաձայնությունից հետո արդեն ի՞նչ իմաստ կունենա:

- Դեռ ոչ մի բան չի համաձայնեցվել: Ցանկացած արձանագրված համաձայնություն (նախնական, միջանկյալ, վերջնական... ) անհնարին է առանց ԼՂՀ անմիջական մասնակցության: Ճիշտ այնպես, ինչպես անհնարին կլիներ առանց ԼՂՀ մասնակցության 1994 թվականի հրադադարը եւ դրա համապատասխան ձեւակերպումը:

- Անցած տարի Մայնդորֆում ստորագրվեց ԼՂՀ կարգավորման հետ կապված հռչակագիր, որի տակ ստորագրել էին ՀՀ-ն, ՌԴ-ն եւ Ադրբեջանը: Սա արդեն չի՞ նշանակում, որ ՀՀ-ն էլ առայժմ չի ցանկանում ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային գործընթաց:

- Մայնդորֆյան փաստաթղթի նպատակը երկու հիմնարար մոտեցումների ամրագրումն է. խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, այսինքն` առանց ուժի կիրառման եւ ժողովուրդների միջեւ վստահության աստիճանի բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտություն: Նրանք, ովքեր պնդում են, թե ԼՂՀ ստորագրության բացակայությունը նշանակում է, որ նա հակամարտության կողմ չէ, մի՞թե չեն տեսնում, որ փաստաթղթի տակ առկա է ՌԴ-ի ստորագրությունը: ՌԴ-ն ստորագրել է ոչ թե որպես հակամարտության կամ բանակցային կողմ, այլ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների երաշխավոր:

- «Ժառանգությունե խմբակցությունը ԼՂՀ անկախությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել ԱԺ: Իշխանությունը դեմ է նման քայլին: Այս պահին ինչո՞ւ նպատակահարմար չէ ճանաչել ԼՂՀ անկախությունը:

- Իրականում ցանկալի էր, որ անկախությունը ճանաչվեր դեռեւս 1991-92 թթ.-ին: Այս պահին ԼՂՀ ճանաչումը նպատակահարմար չէ՝ ելնելով երկու հանգամանքից` ՀՀ-ն դեռեւս գտնվում է միջնորդ բանակցողի դերում, եւ ցանկալի է, որ Հայաստանը ճանաչելով չմնա միայնակ, այսինքն՝ նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: Թեեւ ԼՂՀ ճանաչումը ՀՀ կողմից ցանկացած պահի, ելնելով իրադարձությունների զարգացումից, չի բացառվում:

- Թուրքիայում Անվտանգության խորհրդի նիստից հետո արվել է հետեւյալ հայտարարությունը. «Իրավիճակի զարգացումը Հարավային Կովկասում հանդիպման օրակարգում էր: Այս տարվա հոկտեմբերի 10-ին ստորագրված թուրք-հայկական արձանագրությունների լույսի ներքո քննարկվել են Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման փորձերը, հատկապես Լեռնային Ղարաբաղինըե: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Թուրքիան արդեն ներգրավվում է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին:

- Տվյալ հայտարարությունը, ինչպես նաեւ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններ արտահայտում են Թուրքիայի ցանկությունը՝ փորձել ազդեցություն ունենալ ԼՂ բանակցային գործընթացի վրա եւ ներկայացնել, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ կարգավորման գործընթացների միջեւ գոյություն ունի կապ: Արդեն նշեցի, որ Թուրքիայի կողմից դիվանագիտական հարաբերությունների չհաստատումը եւ սահմանի փակումը կապված է ԼՂՀ հակամարտության հետ: Արձանագրությունները ուղղված են հենց այդ կապի վերացմանը: Ոչ այնքան կարեւոր է, թե ինչ է ասվում, որքան կարեւոր է, թե ինչ է արվում: