|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «News.am» լրատվական կայքի հարցին |
15 մարտ 2010թ., www.news.am
Հարց: Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այսօրվա հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Պատասխան: Ադրբեջանը չի հրաժարվում հիմնախնդրի էությունը, հակամարտության բուն պատճառները եւ բանակցային գործընթացը աղավաղելու փորձերից: Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ այսօր գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որը կողմերը ընդունել են որպես հիմք բանակցությունների համար: Դա 2007 թվականի մադրիդյան փաստաթուղթն է: Միջնորդների կողմից պարբերաբար ներկայացվում են աշխատանքային առաջարկներ, որոնք քանի դեռ համաձայնեցված չեն կողմերի հետ չեն կարող փոխարինել մադրիդյան փաստաթուղթը: Եթե Ադրբեջանը հերթական անգամ փորձ է կատարում հրաժարվելու մադրիդյան փաստաթղթից, ինչը նա անում էր մեկ տարուց ավելի փաստաթուղթը ընդունելուց հետո, ապա թող հայտարարի դրա մասին:
Կարգավորման համաձայնեցված սկզբունքներն են` ժողովուրդների ինքնորոշումը, տարածաքային ամբողջականությունը եւ ուժի չկիրառումը: Մինչեւ ձեռք չբերվի համաձայնություն ԼՂ կարգավիճակի հարցում, անհնարին է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետեւանքների վերացումը: Եթե Ադրբեջանը իրոք ցանկանում է վերացնել իր իսկ ագրեսիայի հետեւանքները, ապա նա պետք է պատրաստ լինի դուրս բերել զորքերը իր կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներից եւ ապահովել փախստականների վերադարձը:
Ադրբեջանը շարունակում է աղավաղել միջազգային իրավունքը` հայտարարելով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ԼՂ ժողովրդի ինքնորոշման մասին: Իրականում, խնդիրը ԼՂ ժողովրդի ինքնորոշման եւ դրա դեմ ուժ կիրառած Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի 4 նպատակներից մեկն է ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման հարգումը, իսկ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի սկզբունքներից մեկն է այդ նպատակին հասնելու համար: Ադրբեջանը շարունակում է գործել, թե ՄԱԿ-ի նպատակների, թե ինքնորոշված ԼՂՀ-ի տարածքային ամբողջականության դեմ, ինչը հանդիսանում է հիմնական խոչընդոտը բանակցություններում առաջընթաց ապահովելու հարցում: | | |
|
|
|