www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Ադրբեջանի քաղաքականությունը կարագացնի ԼՂ միջազգային ճանաչումը


16 ապրիլ 2010թ.

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆՆ  «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին։

-Պարոն Քոչարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով երկրի կառավարության ընդլայնված նիստում, հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վճռորոշ փուլ է մտել։ Ձեր կարծիքով՝ դա արդյոք այդպես է։

-Բաքուն իր խեղաթյուրված մոտեցումները որպես բանակցությունների վճռորոշ փուլ ընդունելու պատրանքն ունի։ Մինչդեռ, որպեսզի իրապես վճռորոշ փուլ սկսվի, պետք է լինի փոխզիջումների գնալու կողմերի պատրաստակամությունը։ Ադրբեջանը բնավ պատրաստ չէ դրան։ Այսօր բանակցությունների սեղանին կա մի փաստաթուղթ, որը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ընդունվել է որպես բանակցությունների հիմք. դա 2007 թվականի մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն է։ Եթե Ադրբեջանը առաջընթաց է ցանկանում, ապա դրա համար պետք է բանակցություններ լինեն վիճահարույց հարցերի շուրջ, այլ ոչ թե հրաժարում փաստաթղթի սկզբունքներից՝ դրա էությունը խեղաթյուրելու ճանապարհով։
Համաձայնությունը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանը կդադարի հիմնախնդրի էության, զինված հակամարտության պատճառների եւ բանակցային գործընթացի անընդհատ խեղաթյուրումներով այդ գործընթացը փակուղի մտցնել։


-Իր ելույթում Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ինչից հետո նա ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության լուծման իր տեսլականը։ Որքանո՞վ է Իլհամ Ալիեւի կողմից ներկայացված դիրքորոշումը համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին։

-Այն տեսլականը, որ ներկայացրել է Ալիեւը, միջազգային իրավունքի հիմնարար նորմերը բացարձակապես չհասկանալու եւ դրանց աղաղակող խեղաթյուրման ակնառու վկայությունն է։ Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, ՄԱԿ-ի անդամ է եւ պետք է գործի ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ ՄԱԿ-ի նպատակներից մեկը, նրա կանոնադրության համաձայն՝ ժողովուրդների իրավահավասարությունն է եւ ինքնորոշման իրավունքը։ Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին եւ ավելին՝ կոչված է պաշտպանելու ինքնորոշված պետության տարածքային ամբողջականությունը։ Հելսինկյան եզրափակիչ ակտի համաձայն՝ բոլոր ժողովուրդները միշտ էլ իրավունք ունեն լիակատար հավասարության պայմաններում որոշել (երբ եւ ինչպես իրենք ցանկանում են) իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը՝ առանց արտաքին միջամտության... Բացի այդ, ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ մյուս հիմնարար միջազգային փաստաթղթերը պահանջում են վեճերը լուծել խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման։ Ադրբեջանը սկզբնապես ուժ կիրառեց ինքնորոշված ժողովրդի դեմ՝ իրականացնելով էթնիկական զտումների եւ հայ բնակչության ջարդերի քաղաքականություն եւ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա միջազգային ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ Շամիլ Բասաեւի զինյալների ներգրավմամբ։ Մինչ այժմ Ադրբեջանի կողմից բռնազավթված են մնում ԼՂՀ-ի Շահումյանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների տարածքները։

-Բաքուն իր հայտարարություններում միջնորդ երկրներին եւ միջազգային հանրությանը մեղադրում է այն բանում, որ նրանք հաշվի չեն առնում Ադրբեջանի շահերը, մասնավորապես, շահագրգռություն են դրսեւորում հայ-թուրքական սահմանի բացման հարցում։

-Բաքուն այն պատրանքներով է սնվում, որ միջազգային իրավունքն ստեղծված է իր շահերը սպասարկելու համար։ Բայց քանի որ դա այդպես չէ, նրանք հիստերիկայի մեջ են ընկնում եւ մեղադրում անխտիր բոլորին՝ Հայաստանին, Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նաեւ համաշխարհային ողջ հանրությանը, ներառյալ՝ իր դաշնակից Թուրքիային։ Միջազգային իրավունքը միանշանակ որպես ագրեսիայի գործողություն է որակում պետության շրջափակումը։ Ադրբեջանը ոչ միայն երկու հայկական պետությունների՝ ԼՂՀ-ի եւ Հայաստանի շրջափակում է իրականացնում, այլեւ պահանջում է, որ Թուրքիան շարունակի աջակցել այդ քաղաքականությանը։
Շրջափակման քաղաքականությանն օժանդակելու վերաբերյալ մյուս երկրներին, այդ թվում՝ բանակցային գործընթացի միջնորդներին ուղղված կոչերը ոչ այլ ինչ են, քան շրջափակման՝ որպես ագրեսիայի ակտի, անթույլատրելիության մասին միջազգային իրավունքի եւս մեկ հիմնարար նորմի՝ Բաքվի յուրօրինակ տարբերակ։

-Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, որ իր երկիրը Ղարաբաղի ոչ մի կարգավիճակի չի համաձայնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներից դուրս։ Կապ կա՞, արդյոք, «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունե եւ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակե հասկացությունների միջեւ։

-Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Ի դեպ, դա նախատեսված է նաեւ մադրիդյան փաստաթղթով։ Հնչեցնելով տարածքային ամբողջականության սկզբունքի իր մեկնաբանման վերաբերյալ հմայախոսքը՝ Ադրբեջանը պետք է հիշի, որ 1991 թվականին միջազգային իրավունքի նորմերին եւ այն երկրի գործող օրենսդրության նորմերին լիովին համապատասխան, որի կազմում այն ժամանակ գտնվում էին եւ Լեռնային Ղարաբաղը, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, հանրաքվե անցկացվեց Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ։ Հանրաքվեի համաձայն՝ նախկին ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում կազմավորվեցին երկու միանգամայն իրավահավասար սուբյեկտներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը։
ԼՂՀ-ն ճանաչված չէ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը եւ համաշխարհային հանրությունը Ադրբեջանի կառուցողականությունն են ակնկալում բանակցային գործընթացում։ Ադրբեջանի կողմից ապակառուցողական քաղաքականության շարունակումը միայն կարագացնի ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը։ Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե առանց իրենց համաձայնության ոչ ոք չի ճանաչի ԼՂՀ-ն, հերթական անհարգալից վերաբերմունքն է թե միջազգային իրավունքի նորմերի, թե մյուս պետությունների ինքնիշխանության նկատմամբ։

-Իլհամ Ալիեւի ելույթում նաեւ հայտարարություն հնչեց այն մասին, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը խտրական քաղաքականություն չի վարել մյուս ազգերի նկատմամբ։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահը «ծիծաղելիե որակեց Հայաստանի այն հայտարարությունները, որ եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին, ապա այնտեղ հայեր չեն մնա։ Դրա հետ մեկտեղ Ալիեւը աշխարհում ինքնավարության ամենաբարձր կարգավիճակն է խոստացել Լեռնային Ղարաբաղին։ Ձեր մեկնաբանությունները։

-Մեկնաբանությունները փաստերն իրենք են։ Իսկ նորագույն պատմության, 21-րդ դարի նախաշեմի փաստերն են՝ հայ բնակչության կոտորածները Սումգայիթում, Բաքում, Շամխորում, Կիրովաբադում, Ադրբեջանի բոլոր բնակավայրերում, Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկական զտումները Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներում եւ բուն Լեռնային Ղարաբաղում։ Բանը հասավ սեփական ժողովրդի բնաջնջման գործողություններին, հիշենք Խոջալուի բնակիչների ողբերգությունը։
Բաքվից բացի, ո՞ւմ հասկանալի չէ, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ինչու բացարձակապես ընդունելի չէ ինքնավարության, այսպես կոչված, աշխարհում ամենաբարձր կարգավիճակը, որը Բաքուն մեծահոգաբար խոստանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Կա Նախիջեւանի դառը փորձը, որտեղ հայեր չեն մնացել, եւ որտեղ շարունակում են ոչնչացնել այդ երկրամասի հայկական պատմությունը վկայող բոլոր հուշարձանները։
Բարձր աստիճանի ինքնավարության այդ կարգավիճակը Ղարաբաղի ժողովուրդն այսօր էլ գործողության մեջ տեսնում է ԼՂՀ-ի բռնազավթված եւ էթնիկ զտման ենթարկված տարածքներում։ Ադրբեջանը ծպտուն էլ չի հանում այն մասին, որ ինքը պարտավոր է այդ բռնազավթված տարածքները վերադարձնել Լեռնային Ղարաբաղին, եւ որ այնտեղ պետք է վերադառնան փախստականները։

-Ադրբեջանի նախագահն, ըստ էության, նշեց, որ Բաքուն, ի տարբերություն Երեւանի, իր դիրքորոշումն է շարադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

-Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միանգամայն հստակ ու միանշանակ դիրքորոշում է շարադրել այն սուբյեկտը, որը դա անելու իրավունքն ունի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Նրա դիրքորոշումը շարադրված է անկախության շուրջ հանրաքվեով։ Նրա դիրքորոշումը շարադրված էր Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում, որտեղ Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանեց իր անկախությունը։ Հայաստանը, միջազգային իրավունքին համապատասխան, պաշտպանել է ու կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը։ Ի դեպ, նույնը պարտավոր են անել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ եւ Ադրբեջանը։ Ադրբեջանին, եթե իրոք կարգավորում է ցանկանում, հարկավոր է բանակցություններ վարել ԼՂՀ-ի հետ։

-Ձեր կարծիքով՝ այսօր կա՞, արդյոք, ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման սպառնալիք։

-Ադրբեջանը ջանք է թափում իր հիստերիկ հայտարարություններով համաշխարհային հանրուությանը շանտաժի ենթարկել նոր պատերազմի սպառնալիքով։ Նա կեղծավորաբար կոչ է անում համաշխարհային հանրուությանը եւ միջնորդներին՝ ուշադիր ուսումնասիրել հակամարտության պատմությունը։ Բոլորն էլ լավ հիշում են այդ պատմությունը. սկզբնապես Ադրբեջանի կողմից որդեգրված ուժային մոտեցումը բերեց ծանրագույն հետեւանքների, անդառնալի մարդկային զոհերի եւ կողմերի նյութական կորուստների։ Հակամարտության մեղավորն ու հետեւանքների համար պատասխանատուն՝ Ադրբեջանը, այսօր էլ ճգնում է հանդես գալ ուժի դիրքերից։ Ագրեսորին ցանկացած զիջում կարող է միայն գրգռել նրա ախորժակը, եւ դա շատ լավ են հասկանում թե հայկական կողմերը, թե համաշխարհային հանրուությունը։ Ինչպես երեւում է, Ադրբեջանի ղեկավարությունը չի կարողանում ապաքինվել խրոնիկական ինքնասպանի համախտանիշից։
Կարելի է պատրանքներ ունենալ եւ սեփական պատրանքների զոհը լինել, բայց հանցագործություն է պատրանքների զոհ դարձնել ժողովուրդներին։ Բաքուն ապացուցեց եւ ապացուցում է, որ իր համար մարդկային կյանքը, այդ թվում՝ եւ Ադրբեջանի քաղաքացիների կյանքը, ոչինչ չարժե։ Հերթական ապացույցը՝ մարդկային նոր զոհերից խուսափելու համար դիպուկահարներին առաջավոր դիրքերից հետ քաշելու միջնորդների կոչին անսալուց Բաքվի հրաժարվելն է։

-Եվ վերջին հարցը։ Մեկնաբանեք, խնդրում եմ, Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որի համաձայն՝ ներկայիս Հայաստանը կազմավորվել է բնիկ ադրբեջանական հողերի վրա...

-Դա կատարյալ զառանցանքն է մի մարդու, ով այդպես էլ չհասկացավ, որ ինքը ժառանգաբար ստացել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը, այլ ոչ թե հայկական պատմական տարածքները, որոնք տարբեր պատճառներով ժամանակավորապես գտնվում էին պարսիկ շահերի կամ նրանց կողմից նշանակվող խաների իշխանության ներքո։