www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Հայլուր» լրատվական ծրագրին


18 մայիս 2010թ.
 
Հարց. Ինչի՞ մասին կարող է լինել խոսքը: Ի՞նչ հանգրվանում է բանակցային գործընթացը: Մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, բարի երեկո, խնդրեմ:
 
Պատասխան. Քաջ հայտնի է, որ առ այսօր բանակցությունների սեղանին կա մեկ փաստաթուղթ, որը կողմերը ընդունել են որպես հիմք բանակցությունների համար: Դա 2007 թ. մադրիդյան սկզբունքներն են: Դրանից հետո համանախագահների կողմից եղել են տարբեր առաջարկություններ, որոնք հիմնականում մերժվել են հենց Ադրբեջանի կողմից: Վերջին օրինակը, դա դիպուկահարներին շփման գծից հետ քաշելն էր, որն Ադրբեջանը կտրականապես մերժեց: Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծված մասում շատ հստակ նշված է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք նորմերի հիման վրա. ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում: Այն ինչ հայտարարում է Ադրբեջանի միանշանակ հակասում է մադրիդյան սկզբունքներին:
Այնպիսի տպավորություն է, որ Բաքուն ինքն իր հետ բանակցում է, գալիս է իր համար ընդունելի ինչ-որ լուծումների եւ իր ցանկությունները փորձում է ներկայացնել որպես բանակցությունների արդյունք: Դա բանակցային գործընթացի միանշանակ խեղաթյուրում է:

 
Հարց. Ի դեպ, հայկական մեդիայի մի մասը կրկին ադրբեջանական ու թուրքական մամուլից ինչ-որ շրջաններ հանձնելու մասին լուր են արտատպել: Ալիևը կամ Էրդողանը ինչ-որ բան են ասում, նրանց մամուլն իր ուզածն է ավելացնում, մենք էլ մեր հերթին էլ ենք զարգացնում ու քննարկում այդ թեման, հետո Հայաստանի կամ Արցախի արտգործնախարարությունը հերքում է: Ինչ տրամաբանությամբ է Ադրբեջանն անընդհատ պնդում նույնը:
 
Պատասխան. Արեւելյան ոճով հալվա ասելուց իրենց բերանը չի քաղցրանում, հակառակը` դառնանում է: Ինչ-վերաբերում է, բուն հայտարարություններին, վերջիվերջո, խնդիրն ունի իր էությունը, հակամարտությունն ունի իր պատճառները եւ հետեւանքների համար կա պատասխանատու:
Խնդրի էությունը բոլորի համար ակնհայտ է. դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրականացված ինքնորոշումն է: Ո՞րն է հակամարտության պատճառը: Ի սկզբանե որդեգրած Ադրբեջանի ուժային քաղաքականությունը` հայկական ջարդեր, էթնիկական զտումներ, լայնածավալ ագրեսիա: Ո՞վ է պատասխանատուն հետեւանքների համար: Բնական է ագրեսոր Ադրբեջանը, որն ի սկզբանե որդեգրեց այդ ուժային մոտեցումը եւ ով, որ ռազմական ագրեսիա ծավալեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Սա է էությունը:
Ակնհայտ է. առանց խնդրի պատճառները լուծելու, փորձել խոսել հետեւանքների մասին, այն էլ այն հետեւանքների մասին, որոնք արդյունք են հենց ագրեսոր Ադրբեջանի գործողությունների, ուղղակի նույնիսկ անտրամաբանական է: Իսկ ի՞նչ է, Ադրբեջանը այսօր պատրա՞ստ է ընդունել ԼՂ ժողովրդի արտահայտված կամքը: Դատելով իրենց հայտարարություններից` ոչ: Ի՞նչ է, ինքը պատրա՞ստ է իր կողմից օկուպացված ԼՂՀ տարածքները վերադարձնել: Ակնհայտ է, որ` ոչ: Այնպես, որ Ադրբեջանը կլինի կառուցողական այն պահից, երբ հենց այն տրամաբանությամբ, որով գնում են բանակցությունները, նախեւառաջ լուծվեն այն սկզբունքային հարցերը, որոնք կապված են կարգավիճակի հետ: Քանի այդ ուղղությամբ Ադրբեջանը փորձում է խուսանավել` առաջընթաց չի լինի:
Եւ պատասխանելով Ձեր հարցին. ինչո՞ւ են իրենք անընդհատ պնդում դա: Մեկ պարզ պատճառով. այն պատասխանատվությունը, որ իրենք կրում են այդ հակամարտության հետեւանքների համար, իրենք անընդհատ այդ նույն սուտը, խեղաթյուրումը կրկնելով, փորձում են ոչ միայն այդ պատասխանատվությունից խուսափել, այլեւ գցել այն հայկական կողմի վրա:
 
Հարց. Արցախյան հարցով գրեթե ամեն օր հայտարարություններով հանդես են գալիս թուրք պաշտոնյաները, հատկապես վարչապետն ու արտգործնախարարը:  Որ իրենք այս կամ այն երկրի ղեկավարի հետ քննարկել են հարցը, ու ընդհանրապես, կարգավորման հարցում ինչ-որ դերակատարում ունեն: Ինչպե՞ս կարձագանքեք:
 
Պատասխան. Գիտեք, որ հանդիպում են, այո հանդիպում են: Բայց երբեք չեն ասում, իսկ ինչ են իրենց պատասխանում այդ երկրների ղեկավարները. Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրամիություն, համանախագահներ:
Չէ որ, դա նույնիսկ հրապարակային է հայտարարվել, որ հիմնախնդիրը լուծվում է Մինսկի խմբի շրջանակներում: Ըստ էության, Թուրքիային ասել են, որ ինքը այնտեղ անելիք չունի: Եվ Թուրքիայի վարչապետի կողմից անընդհատ այդ նույն հարցին անդրադառնալը, անընդհատ նույնը կրկնելը, վերջիվերջո բերեց նրան, որ հենց Թուրքիան դուրս մղվեց այս տարածաշրջանում քաղաքակիրթ հարաբերություններ կառուցողների շրջանակից:
Թուրքիայի, մասնավորապես վարչապետի կողմից այդ թեմայի անընդհատ արծարծման պատճառով էր, որ Հայաստանը դուռը շրխկացրեց եւ Թուրքիան մնաց մեկուսացված: Եվ այս իրավիճակում ուղղակի զարմանալի է, ինչքան կարելի է այդ մենախոսությամբ զբաղվել: Նույնը կրկնել, երբ որ լսող չկա: Ի վերջո, չ՞է որ դա դառնում է նույնիսկ ձանձրալի:
Իրականում Թուրքիան կարող էր անելիք ունենալ մի դեպքում, եթե նա դրդեր Ադրբեջանին կառուցողական լինել, այլ ոչ թե իր հայտարարություններով, ըստ էության, հրահրեր Ադրբեջանին ավելի կարծր դիրքորոշման: Ի դեպ, մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ Թուրքիային ձեռնտու չէ այդ հարցի կարգավորումը: Միգուցե այդ կրտսեր եղբոր կարգավիճակը ձեռք է տալիս Թուրքիային: Ինչու՞: Որովհետեւ, եթե հարցը լուծված է, ապա կախվածությունը էապես նվազում է: Իսկ որ երկու եղբայրների միջեւ հարաբերությունները, այնքան էլ եղբայրական չեն, մենք դրանում համոզվեցինք նախորդ տարվա մոտավորապես այս ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը բացահայտ նեղացած կեցվածքով սկսեց "հարձակում" Թուրքիայի նկատմամբ:
Ի դեպ նա դա անում է բոլոր երկրների նկատմամբ: Վերջերս թիրախ են դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգները: Սա մի բանի մասին է խոսում: Եթե երկիրը անընդհատ բոլորից նեղացած է. մեկ Ռուսաստանից, Մինսկի խմբից, Ամերիկայից, Թուրքիայից, ամբողջ աշխարհից: Դա խոսում է այն մասին, որ այն քաղաքականությունը, որ իրենք վարում են, որն ընդհամենը պրոպագանդա է, այլ ոչ թե իրական առաջընթացի ձգտում:

Դա ընդհամենը ձգտում է, որ այն մեղքը, այն պատասխանատվությունը, որ իրենցն է,  գցեն ուրիշի վրա: Իհարկե, այդպիսի մոտեցումով մենք առաջընթաց չենք արձանագրի: Եւ այդ ձանձրալի պնդումները, միայն մի բանի գնահատական են` Ադրբեջանի ձախողված քաղաքականության: