www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Ադրբեջանում ձեւավորվում է գիշերը գաղտագողի, արյունոտ կացինը ձեռքին մարդասպանի կերպար


22 Հուլիս 2010թ, www.news.am

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի այն պնդումը, թե Սանկտ Պետերբուրգում ներկայացված աշխատանքային առաջարկները արվել են միայն Ռուսաստանի կողմից եւ դրանով խախտվել է Մինսկի խմբի ձեւաչափը, ամնեզիայի` մոռացության տիպիկ դրսեւորում է: Այսօր` հուլիսի 22-ին «Հայլուր» ծրագրին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Մենք գործ ունենք տիպիկ ամնեզիայի հետ: Վերջիվերջո, ինքը` Ադրբեջանի նախագահը, Սանկտ Պետերբուրգում, եռակողմ հանդիպման ժամանակ տվել է համաձայնություն` այդ փաստաթղթի հիման վրա առաջ գնալ: Երկրորդ. Պնդում են, որ դա եռանախագահող երկրներից միայն մեկի առաջարկն է, սակայն եռանախագահներն այցելել են տարածաշրջան եւ քննարկել են առաջընթացը հիմնված հենց այս փաստաթղթի վրա, որին մենք աջակցություն ենք հայտնել Սանկտ Պետերբուրգում: Ալմաթիում դրա վրա հղում է կատարվել եւ այդ փաստաթղթի մասին հրապարակային ասել են նույն համանախագահները»,- ասել է Քոչարյանն ու հավելել. «Ադրբեջանը միշտ նույն վարքագիծն է դրսեւորում, այն ինչ ձեռնտու չէ` չի տեսնում: Արդյունքում չի տեսնում այն, ինչ բոլորի համար ակնհայտ է: Թե այդպես փակ աչքերով ուր է հասնելու Ադրբեջանը, դա իր խնդիրն է»:


Այնուհետեւ անդրադառնալով նրան, որ այսօր Ադրբեջանի նախագահ Ալիեւը հետմահու պարգեւատրել է այն ադրբեջանցի զինվորին, որը Չայլու գյուղի մոտ դիվերսիոն հարձակման ժամանակ սպանել է 4 հայ զինվորների, ՀՀ ԱԳ փոխնախարարն ասել է. «Նա ով պարգեւատրել է Իբրահիմովին, նա էլ հենց կազմակերպել է այդ սադրանքը եւ պարգեւատրել է իր հանձնարարականը կատարելու համար: Ցավալի է, որ մեր հարեւան ժողովուրդը ձեռք է բերում այդպիսի  կերպար. Սումգայիթի ջարդերից հետո հերոսացրեցին ջարդարարներին, որոնք  խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ էին կիրառում: Ռամիլ Սաֆարովին են հերոսացնում, որը նենգաբար գիշերը կացնով սպանում է քնած հայ սպային: Հարջորդը այս դեպքն է. Նույն  ձեռագրով գիշերը մտել եւ փորձել հնարավորինս շատ մարդ սպանել: Վերջիվերջո, ձեւավորվում է գիշերը գաղտագողի, արյունոտ կացինը ձեռքին մարդասպանի կերպար: Սա՞ է ցանկանում Ադրբեջանի ղեկավարությունը»:

Նրա խոսքով, այսպիսի ձեռագրով Ադրբեջանում դաստիարակում են մարդասպաններ, այլ ոչ թե կռվողներ եւ իրենց ամենօրյա ռազմատենչ հայտարարությունները միայն վկայում են իրենց թուլության մասին: «Այսօր գործը հասել է այն եզրին, որ կամ պետք է Բաքվի ղեկավարությունը ուշքի գա եւ իրականում նստի բանակցությունների սեղանի շուրջ, կամ իր այդ  գործելակերպը միայն ու միայն նորանոր խնդիրներ է առաջացնելու հենց Ադրբեջանի համար»,- իր խոսքն ամփոփեց Շ. Քոչարյանը: