Երկրորդ փոփոխությունը վերաբերում է հետևյալ դրույթին` Ռուսաստանի ռազմակայանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ, ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանով: Փոփոխությամբ հանվեց “նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանով” բառակապակցությունը: Այսինքն` Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ` Ռուսաստանի ռազմակայանը ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:
Երրորդ փոփոխությունն այն է, որ ռուսական կողմը պարտավորություն է վերցրել աջակցել Հայաստանի զինված ուժերի` ժամանակակից համատեղելի զինտեխնիկայով հագեցվածությունը:
Սրանք են փոփոխությունները,որոնք վկայում են, որ ռազմավարական գործընկերներ և դաշնակցային հարաբերություններ ունեցող երկու պետություններ իրենց շահերի համընկնումը դիտարկում են երկարատև ժամանակահատվածում:
Ընդհանուր առմամբ, այս պայմանագիրն ուղղված է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:
-Ո՞ր դրույթներն են նույնը մնացել:
-Պայմանագրի մնացած դրույթները, օրինակ, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, այն ինքնաբերաբար ևս 5 տարով երկարաձգվում է, եթե կողմերից մեկը չի ծանուցում պայմանագրի ժամկետը չերկարացնելու իր ցանկության մասին: Մեկ այլ դրույթ. կողմերից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ցանկացած պահի սկսել պայմանագիրը դադարեցնելու գործընթացը: Այդ դրույթի հետ կապված հաճախ հարց է առաջանում` ի՞նչ նշանակություն ունի պայմանագրի գործունեության ժամկետը, եթե կողմերից յուրաքանչյուրը միշտ էլ կարող է ընդհատել պայմանագիրը:Իմաստը կայանում է նրանում, որ կողմերը իրենց համագործակցությունը, շահերի համընկնումը դիտարկում են երկարատև, ինչը թույլ է տալիս նաև ավելի երկարատև պլանավորել իրենց համագործակցությունը:
-Ինչո՞ւ հիմա առաջացավ պայմանագիրը երկարաձգելու անհրաժշետությունը:
-Խնդիրն այն է, որ այսօր, ունենալով այդ հարաբերությունները, երկու սուբյեկտներն արձանագրում են, որ իրենք տեսնում են այդ հարաբերությունները ապագայում պահպանելու հեռանկարը: Կողմերը տեսնում են նաև, որ տարածաշրջանում խնդիր կա կայունության, խաղաղության ու անվտանգության երկարատև ապահովման:
-Ի՞նչ եք կարծում, պայմանագիրը կարո՞ղ է սրել իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նշում են ադրբեջանցի փորձագետները:
- Ճիշտ հակառակը. իսկ անհանգստացած են նրանք ովքեր կցանկանային տարածաշրջանի ապակայունացումը:
-Այսինքն` վստահություն կա, որ լարվարություն չի առաջացնի:
- Պայմանագրի փոփոխությամբ ավելացան տարածաշրջանում կայունություն ապահովելու լծակները:
-Ըստ Ձեզ` ո՞րն է Ռուսաստանի` պայմանագիրը կնքելու շահագրգռվածությունը:
-Թե որն է Ռուսաստանի շահագրգռվածությունը, այդ մասին Ռուսաստանի նախագահը շատ պարզ ասել է թե՛ Հայաստանում, թե՛ Բաքվում: Ըստ նրա պայմանագիրը նպատակ է հետապնդում պահպանել տարածաշրջանում խաղաղությունը,
անվտանգությունը և կայունությունը: Ռուսաստանը շահագրգռված է այս հարցում բայց շատ ավելի շահագրգռված պետք է լինեն տարածաշրջանի երկրները: Ժամանակակից աշխարհում զարգացման ձգտողները ձգտում են նաև կայունության:
-Հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները կապ ունե՞ն այս պայմանագրի կնքման անհրաժեշտության հետ:
- Այդ պայմանագիրը գործում էր մինչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախաձեռնությունը:
-Ի՞նչ եք կարծում, ռազմաբազաների ժամկետի երկարաձգումը կարո՞ղ է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը:
-Ժամանակակից աշխարհում ցանկացած պետություն իր ինքնիշխանությունը պահպանելու և ամրապնդելու համար կամ ընտրում է չեզոքության ուղին կամ ապահովում իր համագործակցությունը այլ պետությունների և դաշինքների հետ:
Հայաստանում ռուսական զորքերի կարգավիճակի մասին պայմանագիրը գործում է 1992 թվականից, այսինքն անկախության առաջին տարիներից սկսած: Դրան հաջորդեցին ռազմակայանի մասին պայմանագիրը և այլ, այդ թվում Հավաքական
անվտանգության կազմակերպության շրջանակներում կնքված պայմանագրերը: Այդ պայմանագրերի նպատակը միանշանակ արձանագրված է և բովանդակում է ոչ թե ներքին, այլ արտաքին անվտանգության և պաշտպանվածության խնդիրներ:
-Կա՞ պատերազմի վտանգ և հնարավո՞ր է, որ նաև այդ վտանգով է պայմանավորված հայ-ռուսական պայմանագրի երկարաձգումը:
-Պատերազմի սուրը անընդհատ ճոճում է մեր հարևան Ադրբեջանը: Իհարկե, հասկանալի է, որ նա, ով իրականում ցանկանում է դա անել, դրա մասին չի բարձրաձայնում: Անընդհատ նման հայտարարություններ հնչեցնելը թուլության
մասին է խոսում: Եթե 90-ականների սկզբի փորձը դաս չեղավ Ադրբեջանի ղեկավարների համար և նրանք փորձեն դիմել նոր արկածախնդրության, պատասխանը ԼՂՀ և ՀՀ բանակների կողմից կլինի համարժեք: Մենք ապավինում ենք առաջին հերթին սեփական ուժերին: Պայմանագրի փոփոխությունը կարող է լրացուցիչ զսպող գործոն հանդիսանալ հենց Ադրբեջանին իր ղեկավարության արկածախնդրությունից զերծ պահելու համար:
-Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ պետդեպարտամենտի, միջազգային կառույցների դրական գնահատականը այս պայմանագրի վերաբերյալ:
-Ոչ ոք շահագրգռված չէ, որ տարածաշրջանում անկայունություն լինի` ո՛չ հզոր պետությունները, ո՛չ այն ընկերությունները, որոնք գումարներ են ներդրել էներգակիրները արտահանելու համար, և ո՛չ էլ այն երկրները, որոնց տարածքով անցնում է Էներգակիրներն ու բնականաբար, ո՛չ էլ նրանք, ովքեր ստանալու են այդ էներգակիրները: Այդ տեսակետից տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու հարցում շահագրգիռ են և՛ Եվրոպան, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը: Եվ հենց այդ ենթատեքստով էլ վեջիններս քննարկում են Ղարաբաղի հարցը: Այդ տեսակետից Ադրբեջանը գնալով հակադրվում է ամբողջ համաշխարհային հանրությանը: Պատահական չէ, որ նա նեղացած է բոլորից, ու իր նեղացածի կեցվածքը պարբերաբար արտահայտվում է` սկսում են պետական քարոզչություն ուղղված մեկ ԱՄՆ-ի դեմ, մեկ Ռուսաստանի, մեկ Ֆրանսիայի: Նույնիսկ սկսեցին այրել Թուրքիայի դրոշը: Հնարավոր չէ, որ մի երկիր բոլորից նեղացած լինի: Դա նշանակում է, որ նա սխալներն իր մեջ պետք է փնտրի: Ինչպես ժողովուրդը կասեր. եթե նեղացել ես բոլորից, ապա առաջին հերթին պետք է հայելու մեջ նայել:
-Ո՞րն էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգում Ադրբեջանի կողմից հերթական բանաձևի նախագծի ներկայացման նպատակը:
-Նախ այդ բանաձևի ներկայացումը Ադրբեջանի հերթական փորձն էր տապալելու բանակցային գործընթացը: Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են միջնորդների ջանքերի դեմ: Կարելի է թվարկել ուղղակի` առաջարկում են ամրապնդել կրակի
դադարեցման ռեժիմը, իսկ Ադրբեջանը հակառակ քայլերն է անում, առաջարկում են դիպուկահարներին հետ քաշել շփման գծից, Ղարաբաղը համաձայնվեց, Ադրբեջանը` ոչ: Բազմաթիվ առաջարկություններ են եղել և բացահայտ կոչեր, որպեսզի հարցի կարգավորումը դիտարկվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների ներքո, չփորձել տարանջատել, վերցնել սկզբունքներից մեկը և ներկայացնել աղավաղված ձևով:
Ալմաաթայում դա շատ բացահայտ ասվեց, բայց, ըստ էության, Ադրբեջանը շարունակում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը երկու ուղղությամբ վարկաբեկելու փորձերը:
-Որո՞նք են այդ երկու ուղղությունները:
-Մինսկի խումբն ունի երկու գործառույթ: Առաջին` նպաստել խնդրի կարգավորմանը` նպաստել որպեսզի կողմերը գան համաձայնության և իրենք դառնան այդ համաձայնության իրականացման երաշխավորը: Երկրորդ գործառույթը նպաստելն է, որ կրակի դադարեցման ռեժիմը, որը հաստատված է 1994թ. եռակողմ համաձայնագրով պահպանվի: Ինքնին դա գործնականում բացառիկ դեպք է, երբ, առանց խաղաղապահ ուժերի, կողմերը պահպանում են զինադադար արդեն 16 տարի: Այստեղ իր ներդրումն ունեն նաև Մինսկի խմբի համանախագահները: Վերը նշված երկու գործառույթների իրականացումը Մինսկի խմբի համանախագահների կողմից Ադրբեջանը փորձում է վարկաբեկել: Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են ցույց տալու, որ առաջին` կրակի դադարեցման ռեժիմն արդյունավետ չէ, և երկրորդ` Մինսկի խմբի շրջանակներում խնդիրը չի լուծվում և միայն ձգձգվում է: Դրանով իսկ Ադրբեջանը անպտուղ ճիգեր է գործադրում մի կողմից` շփման գծում սադրանքների կազմակերպման և բանակցությունների անարդյունավետության իր իսկ մեղքը բարդելու Մինսկի խմբի համանախագահների վրա և մյուս կողմից` ԼՂՀ դեմ սանձազերծած ագրեսիայի և նրա հետևանքների համար Ադրբեջանի պատասխանատվությունը բարդելու հայկական կողմերի վրա
-Ինչու՞ Ադրբեջանը քննարկումից և քվեարկությունից հանեց իր ներկայացված բանաձևը:
-Պատճառները երկուսն են: Առաջինը, չհանելու դեպքում մենք ունեինք մեր համարժեք պատասխանը` ընդ որում անկախ քվերակության արդյունքներից, որի մասին հստակ հայտարարեց Ստեփանակերտում ՀՀ Նախագահը: Երկրորդ պատճառը
բազմաթիվ երկրների և առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից բացասական մոտեցումներն էին Ադրբեջանի հերթական դեստրուկտիվ քայլի նկատմամբ: Այդպիսի մոտեցումների ձևավորմանը նպաստեց ՀՀ արտաքին
գործերի նախարարության ծավալած աշխատանքը:
-Կարող ե՞ք մանրամասնել այդ աշխատանքը:
- Սկսած օգոստոսի 25-ից ընդամենը 12 օրվա ընթացքում ԱԳՆ ներկայացուցչություններն արտերկրում 600-ից ավելի հանդիպումներ են ունեցել տարբեր երկրների դիվանագետների հետ` Ադրբեջանի ապակառուցողական քայլի բնույթը
պարզաբանելու, ղարաբաղյան խնդրի էությունը, հակամարտության ծավալման պատճառները, բանակցային գործընթացի իրական պատկերը ներկայացնելու համար: ՀՀ արտգործնախարարի 200-ից ավելի նամակներ են հանձնվել իր
օտարերկրյա գործընկերներին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին: ՀՀ արտգործնախարարը հարյուրավոր հեռախոսազրույցներ է ունեցել այդ թվում բանաձևը քննարկումից հանելու ժամեր և րոպեներ առաջ: Այդ աշխատանքի արդյունքը ևս մեկ ապացույց է, որ արդյունավետ դիվանագիտությունը պետք է կառուցված լինի ոչ թե աղմկահարելու, այլ իրական աշխատանք կատարելու վրա:
-Պարո՛ն Քոչարյան, սեպտեմբերի 21-ին տոնում ենք ՀՀ անկախության 19-ամյակը: Ձեր շնորհավորանքը այդ առիթով:
Ոչ բոլոր ժողովուրդներն են, որ ունեցել կամ ունեն իրենց անկախ պետությունը: Բազմաթիվ ազգեր այսօր դադարել են գոյություն ունենալ և հիմնականում նրանք, ովքեր չեն ունեցել իրենց պետությունը: Դարերի ընթացքում պարբերաբար և երկարատև ապրելով օտար լծի տակ մեր նախնիները երազել են սեփական անկախ պետության մասին: Այդ երազանքը դարձել է իրականություն և մենք ունենք երկու հայկական պետություն. Հայաստանի Հանրապետություն` իր անկախությունն ամրապնդելու, տնտեսապես հզորանալու, քաղաքացիների բարգավաճ կյանքն ապահովելու ու միջազգային հեղինակությունն բարձրացնելու խնդիրներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` նշված խնդիրներին ավելացրած միջազգային ճանաչման արդար և անխզելի գործընթացով: Ցանկանում եմ բոլորիս միասնականություն այդ խնդիրների ևնպատակների իրականացման գործում:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի