www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Բաքվին պետք չէ հարցի կարգավորում.այն Բաքվի ժառանգական ռեժիմի գաղափարական սնուցման աղբյուրն է


www.Panorama.am, 03 Դեկտեմբերի 2010

«Գիտեք, ինչն է հետաքրքիր, իրականում դա կարելի էր նաև չանել, բայց դա արվեց, որպեսզի ավելի ցցուն դարձվի, ևս մեկ անգամ ընդգծվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի աղավաղումը»,- «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում` խոսելով հնգակողմ հայատարարությունում վկայակոչված ՄԱԿ-ի կոնանադրության նշանակության մասին, ասել է արտաքին գործերի փոխնախարար Շավար Քոչարյանը:

Դիվանագետը նշել է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը միանշանակ հենվում և անընդհատ հղումներ է կատարում ՄԱԿ-ի կանոնադրությանը: «Այսպիսով, Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինքնին բավարար է, բայց անհրաժեշտություն առաջացավ նշել ՄԱԿ-ի կանոնադրությունը, որպեսզի չմնա շահարկումների տեղ»,-ասել է նա:

Քոչարյանը բացատրել է, որ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության առաջին գլխի ժողովուրդների իրավահավասարութունն ու ինքնորոշումը դա ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, չորս նպատակից մեկը: Երկրորդ գլխում թվարկվում են սկզբունքներ, որոնք ուղղված են այդ նպատակներին հասնելուն, և այդ սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն է: «Միջոցը երբեք չի կարող հակադրվել նպատակին, կամ այս դեպքում տարածքային ամբողջականությունը երբեք չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշմանը»,-ասել է նա:


Ի պատասխան հարցին, թե կան երաշխիքներ, որ Ադրբեջանն այդ հայատարարությունից հետո կփոխի իր ապակառուցողական դիրքորոշումը, Շ. Քոչարյանն ասել է` ամենայն հավանականությամբ` ոչ:

«Անմիջապես հնգակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո կրկին փորձ է կատարվում խոսել ուժի դիրքերից: Եթե խաղաղ գործընթացը չբերի իրենց համար ցանկալի արդյունքի, իրենք իրավունք ունեն ուժ կիրառել: Ստացվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարցի կարգավորում, ընդհանապես չի ցանկանում: Այն հարցադրումները, որ ինքը դրել է, միանշանակ է, որ հայկական կողմերի համար անընդունելի են: Չեն կարող լինել միակողմանի զիջումներ, փոխզիջում հնարավոր է, միակողմանի` ոչ: Երկրորդ ճանապարհը ռազմականն է, բայց Աստանայում բոլորի կողմից միանշանակ հայտարարվեց, որ դա անընդունելի է, մասնավորապես, դա հստակ հայտարարեց Ռուսաստանի Նախագահը և մեր Նախագահն էլ շատ հստակ հենց Աստանայում ձևակերպեց դա»,-ասել է նա, ապա ավելացրել, որ այսինքն, ռազմական լուծման գնալը բացառում են բոլոր միջնորդ երկրները և ուժային կենտրոնները, իսկ հայկական պետությունները պատրաստ են նմանատիպ արկածախնդրության դեպքում հակահարված տալ:

«Բա ինչի ՞ վրա է Ադրբեջանի հույսը: Մնում է մեկ բան ենթադրել. իրենց պետք չէ հարցի կարգավորում: Ինչո՞ւ, որովհետև այս հակամարտության չլուծվածությունը Բաքվի ժառանգական ռեժիմի գաղափարական սնուցման աղբյուրն է, այլ գաղափարական սնուցում նա չունի: Ավելին. ստացվում է, որ ադրբեջանցիների ինքնության հաստատման համար Բաքուն, ցավոք սրտի, առաջարկում է միայն մեկ եղանակ ` հակահայկականությունը, այլ ձև չկա: Կարելի է հիշատակել ինքնության հաստատման երկրորդ փորձը` այսպես կոչված, մեկ ազգ, երկու պետություն, բայց Wikileaks-ի վերջին բացահայտումներից հետո ևս մեկ հարված հասցվեց այդ գաղափարին: Այնպես որ, Բաքուն իր ժողովրդին ինքնության ինքնահաստատման փակուղային ճանապարհ է առաջարկում»,-հարցի պատասխանը եզրափակել է Քոչարյանը: