www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Մենք դե ֆակտո ճանաչել ենք ԼՂՀ-ն վաղուց


www.Panorama.am, 03 Դեկտեմբերի 2010

Դե յուրե ճանաչման հիշատակումը պարունակում է երկրորդ երանգը, որ մենք դե ֆակտո ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց: «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Աստանայում արած այն հայտարարության մասին, թե Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի փորձի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նման գնահատական է հնչեցրել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

 «Առաջին հերթին կառանձնացնեի այդ նույն պատասխանի երկրորդ մասը. որ Հայաստանն իր բոլոր հնարավորությունները կներդնի Արցախի ժողովրդի պաշտպանության համար: Այդ տեսակետից, այո, շատ հստակ, միանշանակ էր ձևակերպումը, իսկ դե յուրե ճանաչման հիշատակումը պարունակում է երկրորդ երանգը, որ մենք դե ֆակտո ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց, իսկ մեր հարաբերությունները Արցախի հետ կառուցված են որպես իրավահավասար սուբյեկտների միջև հարաբերություններ»,-ասել է Շ. Քոչարյանը:

Նրա գնահտմամբ, ավելին. Նախագահի ամբողջ ելույթը նաև ուղղված էր, հարցը միայն քաղաքականից տեղափոխելու նաև դեպի իրավական դաշտ, որտեղ անընդհատ շահարկումներ է կատարում Ադրբեջանը:


«Ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս գագաթաժողովը, ևս մեկ անգամ բացահայտելով Ադրբեջանի մեկուսացումը, ևս մեկ անգամ Բաքվին շատ լուրջ ազդանշան տվեց, Բաքուն եթե իրոք ցանկանում է հարցի կարգավորում, այլ ոչ` ստատուսքվոյի պահպանում, ապա պետք է վերջ դնի իր դեստրուկտիվ քաղաքականությանը»,-ասել է փոխնախարարը, ապա ընդգծել, որ անկախ ամեն ինչից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է անկախ պետության կերտման իր ճանապարհը և ապացուցել է, որ արժանի է և ունակ աշխարհի քարտեզի վրա զբաղեցնելու իր տեղը, որպես անկախ ժողովրդավար պետություն: