|
|
ՆՅՈՒԹԵՐ / ԱԺԿ նախաձեռնած խորհրդարանական լսումներ`
"ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՄ" |
"ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՄ" ԹԵՄԱՅՈՎ 28.07.2000թ.
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ինֆորմացիոն տեխնոլոգիաները կամ ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը (այսուհետ` ԻՏ) – տեխնոլոգիաներ են տեղեկատվության հետ աշխատելու համար.
1. սարքավորումներ (hardware),
2. ծրագրային ապահովում (software),
3. տեղեկատվության հավաքում, մշակում, հաղորդում և ներկայացում,
4. ինտերնետի վրա հիմնված էլեկտրոնային բիզնես (e-business):
Լսումների արդյունքում հանձնաժողովի սույն եզրահանգումներն առաջին հերթին վերաբերում են ԻՏ ոլորտի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված ուղղություններին:
1. ԻՏ ԴԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
1.1. ԻՏ զարգանում են պայթունային արագությամբ, և նույնիսկ զարգացած երկրները համաշխարհային մրցակցությունում կարող են հետ մղվել, եթե անտեսեն այդ ոլորտը:
1.2. ԻՏ համաշխարհային շուկան արդեն հասել է հարյուրավոր միլիարդ ԱՄՆ դոլարի, և առկա է այդ շուկայի տեսակարար կշռի կայուն աճի միտում:
1.3. Զարգացած երկրներում կա ԻՏ ոլորտի մասնագետների մեծացող պահանջարկ, որի արտահայտություններից են`
- ոլորտի մասնագետների աշխատավարձի կայուն աճ.
- այլ երկրների մասնագետների ներմուծում (օրինակ` ԱՄՆ Կոնգրեսի 2000 թվականի որոշմամբ այդպիսի մասնագետների ներմուծման համար քվոտան դարձել է տարեկան 200.000, իսկ երմանիայում 30.000).
- պատվերների տեղադրում զարգացող երկրներում.
1.4. Սրընթաց աճում է ինտերնետային ցանցը և նրա վրա հիմնված էլեկտրոնային բիզնեսը, որը միավորում է գնորդին, մատակարարողին, ծառայություն մատուցողին և այլ շահագրգիռ մասնակիցներին այնպիսի եղանակով և արագությամբ, որն անհնարին էր նախկինում:
1.5. Զարգացող երկրները` Հնդկաստան, Մալազիա, Էստոնիա, Լեհաստան, Կոստա-Ռիկա, որոնց քաղաքականությունն ուղղվել է ԻՏ ոլորտի խթանմանը, արձանագրում են զգալի հաջողություններ (օրինակէ Հնդկաստանը 1999թ. ԻՏ արտադրանքի արտահանումից ստացել է ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ 2000թ. սպասվում է մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար):
1.6. Աշխարհի գլոբալիզացիայի և ինֆորմացիոն տնտեսության պայմաններում վերելք կարող են ապրել միայն այն երկրները, որոնց տնտեսական զարգացումը հիմնված է ոչ թե բնական պաշարների և աշխարհագրական դիրքի համեմատական առավելությունների վրա, այլ մտավոր ներուժի, գիտելիքների, տեղեկատվության և բոլոր համակարգերի արդյունավետ կազմակերպման և ինքնակազմակերպման գործոնների մրցակցության առավելության վրա, իսկ այդ ուղիով տնտեսական զարգացումն անհնարին է առանց ԻՏ զարգացման:
2. ԻՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2.1. ԻՏ ոլորտի զարգացումն անհրաժեշտ պայման է տնտեսության ընդհանուր զարգացման համար և դրական ազդեցություն կունենա մյուս ոլորտների զարգացման վրա:
2.2. Ոլորտին բնորոշ է շահույթի բարձր մակարդակ այն պահից, երբ կկարգավորվի արտահանումը, իսկ համաշխարհային շուկայում պահանջարկը գերազանցում է առաջարկին:
2.3. Չի պահանջում խոշոր ֆինանսական ներդրումներ, մեծ տարածքներ և էներգետիկ ծախսեր:
2.4. Որակյալ մասնագետների արտահոսքի կրճատում:
2.5. Կնպաստի կառավարման մարմինների ավելի արդյունավետ և թափանցիկ գործունեությանը:
2.6. Ոլորտը կարող է զարգանալ ոչ միայն Երևանում, այլև շրջաններոււմ, դա կնպաստի շրջաններում բարձրորակ կադրերի պահպանմանն ու պատրաստմանը:
2.7. Պաշտպանության, ազգային անվտանգության և իրավապահ մարմինների ԻՏ լայնածավալ կիրառման ուշացումը կարող է վտանգել երկրիա անվտանգությունը:
2.8. Կխթանի երկրի կրթական և գիտական մակարդակի աճը:
2.9. ԻՏ ոլորտի մի մասի էլեկտրոնային առևտրի զարգացումը կբերի ուրիշ ոլորտների արտադրանքի արտահանման խթանմանը:
3. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3.1. Ոլորտը զարգացած է եղել Հայաստանում, և այսօր էլ կան ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի ոլորտի մասնագետներ:
3.2. 90-ական թվականներին ձևավորվել և գործում են նաև տասնյակ ԻՏ մասնավոր ընկերություններ (ՓԲԸ, ՍՊԸ) և օտարերկրյա սեփականության (ԱՄՆ) ընկերություններ:
3.3. Երիտասարդության համեմատաբար մեծ հատվածի հակվածությունը դեպի ճշգրիտ գիտություններ և անգլերեն լեզուն:
3.4. ԻՏ արդյունաբերությունը նյութատար չէ և կախված չէ հումքի հայթայթման ու բեռնափոխադրումների իրագործման պրոբլեմներից, ինչը նվազագույնի է հասցնում կախվածությունը շրջափակումից:
3.5. Էժան աշխատուժն օտարերկրյա պատվիրատուների համար:
3.6. Հայ սփյուռքի առկայությունը զարգացած երկրների ԻՏ ընկերություններիում:
4. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
4.1. Չնայած մասնագետների մեծ քանակին, անհրաժեշտ է թե’ մասնագետների, թե’ դասախոսների զգալի մասի վերապատրաստում:
4.2. Իրացման և շուկայի ուսումնասիրման ոլորտում թույլ պատրաստվածություն:
4.3. Պետական աջակցության բացակայություն:
4.4. ԻՆՏԵՐՆԵՏ կապի ոչ բավարար որակի` ցածր արագությունը և տասնյակ անգամ ավելի բարձր bit/վրկ կապի գինը վերջնական սպառողի համար, քան համաշխարհային գները:
4.5. Հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ, որոնք չեն նպաստում ԻՏ ոլորտի առաջնային զարգացմանը:
5. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐ ԻՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
5.1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
- ընդունել ԻՏ զարգացման հայեցակարգ. հայեցակարգի մշակման գործում ընդգրկելով շահագրգիռ կազմակերպություններին և մասնագետներին.
- քննարկել կառավարման ոլորտում, բյուջետային հիմնարկներում ԻՏ ներդրման հանրապետական խորհրդի ստեղծման հարցը:
5.2. Կրթության համակարգում առաջարկել, որ`
- մշակվեն և իրականացվեն ծրագրեր` ուղղված հանրակրթական դպրոցներում ԻՏ նյութատեխնիկական բազայի հարստացմանը և գիտելիքների խորացմանը.
- բուհերում ուսանողությանը տրվեն ոլորտի վերջին նվաճումների մասին գիտելիքներ, ավելացվեն համապատասխան մասնագիտությունների ընդունելության քվոտաներ, կազմակերպվի դասախոսների վերապատրաստում, բոլոր բուհերում քննարկվի ԻՏ ամբիոնների կազմավորման հարցը.
- կազմակերպվեն դասընթացներ բարձրագույն կրթություն ունեցող, բայց այդ բնագավառում բավարար փորձ չունեցող ԻՏ ոլորտի մասնագետների կրթական մակարդակը ժամանակակից պահանջներին հասցնելու համար (ԻՏ ոլորտի մասնագետների վերապատրաստման կենտրոն):
5.3. Հեռահաղորդակցության խնդիրներ`
- առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն "Արմենտել"-ի հետ բանակցություններում արագացնել բարձր հզորության և որակի կապի ներդրումը, որը հնարավորին չափ կօգտագործի օպտիկական գծերի եղանակը, ինչպես նաև գտնել մրցակից ընկերությունների հայկական շուկա թափանցելու խնդրի լուծում:
5.4. Օրենսդրական դաշտում մշակել ոլորտի զարգացումը խթանող փաթեթ, մասնավորապես.
- հարկային արտոնություններ սահմանել տվյալ որոլտի համար օտարերկրյա ներդրողի 150 մլն դրամ և ավելւ ներդրումների համար (գործող 500 մլն դրամի փոխարեն).
- ԻՏ սկսնակ ընկերություններին և հիմնարկներին ազատել շահութահարկի վճարումից շահույթ ստանալու պահից 2-5 տարի ժամանակով (կամ մինչև ինքնածախսածածկումը).
- ԻՏ ընկերություններին, հիմնարկներին և մասնաճյուղերին ազատել ներմուծման մաքսատուրքից իրենց արտադրական կարիքների համար օգտագործվող սարքավորումների, ինֆորմացիոն կրիչների և ծրագրային միջոցների ներկրման համար.
- միջազգային փորձին և չափորոշիչներին համապատասխան ԻՏ ոլորտի համար բարձրացնել օրենքով նախատեսված շրջանառության 0,5% թիվը, որը մինչև հարկերի վճարումը կարող է ծախսվել շուկայի ուսումնասիրման, իրացման, գովազդի վրա, ինչպես նաև մեղմացնել այլ նմանատիպ սահմանափակումներ.
- ուսումնասիրել ԻՏ ոլորտի և մասնավորապես էլեկտրոնային բիզնեսի հետ առնչվող խնդիրները և դրանց օրենսդրական կարգավորման հարցը.
- օրենսդրորեն ամրագրել պայմանագրերի և ֆինանսական փաստաթղթերի վավերացումը էլեկտրոնային ստորագրության միջոցով:
5.5. Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարություններում`
- խթանել ԻՏ կիրառման և զարգացման ծրագրեր` հաշվի առնելով այդ ծառայությունների առանձնահատկությունները.
- որպես սպաներ ներգրավել որակյալ ծրագրավորող-մասնագետների.
- բանակ զորակոչված ԻՏ մասնագետների գիտելիքները և փորձն օգտագործել բանակի համակարգչային ծառայություններում:
5.6. Քննարկել ԻՏ համար հատուկ տնտեսական գոտիների ստեղծման ձևերի և նպատակահարմարության հարցեր:
5.7. Առաջարկել մշակել և սահմանված կարգով ընդունել ազգային ստանդարտ «ԻՏ կոդավորումների և տեղեկատվական կառույցների ստանդարտների ձևաչափերի» վերաբերյալ:
ԱԺ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Շ.ՔՈՉԱՐՅԱՆ
| | |
|
|
|