www.ajk.am
ՆՅՈՒԹԵՐ / ԱԺԿ նախաձեռնած խորհրդարանական լսումներ`

"ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ"


ՀՀ ԱԺ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 23.05.02թ. "ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ" ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

1. Հայաստանի և սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակել հայոց լեզվի և հայագիտության դիրքերի ամրապնդման և զարգացման պետական ծրագիր և այդ ծրագրի շրջանակներում իրականացնել տվյալ ոլորտի նպատակային-ծրագրային և թեմատիկ ֆինանսավորում.

2. Կառավարության նախաձեռնությամբ և հովանավորությամբ ստեղծել հայոց լեզվի և հայագիտության դիրքերի ամրապնդման և զարգացման հատուկ հիմնադրամ` ծրագրի ֆինանսավորումը ոչ միայն բյուջեի հաշվին ապահովելու նպատակով.

3. Այդ ծրագրում, մասնավորապես, ընդգրկել հետևյալ միջոցառումները, որոնց իրականացումը սկսել ծրագրի մշակման հետ համընթաց.

3.1. Պետական հովանավորությամբ ստեղծել հայագիտական կենտրոն` հայոց ծագումնաբանության համակողմանի ուսումնասիրման, քաղաքական նպատակներով հայոց պատմության խեղաթյուրումների սրբագրման և կանխարգելման, հայագիտական ժառանգության հաշվառման և պահպանման աջակցության, ինչպես նաև` հայոց պատմության միասնական դպրոցական դասագրքի ստեղծման համար.

3.2. Համակարգչային ցանցում ստեղծել "Հայագիտություն" սայթ` ընդգրկելով հայագիտության բոլոր բնագավառները.

3.3. Կազմակերպել "Պատմա-բանասիրական հանդեսի" եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) էլեկտրոնային հրապարակումը.

3.4. "Հայոց պատմության" ոչ ակադեմիական գրքի ստեղծում և հրապարակում` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզունելով, ինչպես նաև ակադեմիական նոր հրատարակություն.

3.5. Ծրագրեր մշակել հայագիտական ֆակուլտետներում օտար և հին լեզուների ուսուցումը որակապես լավացնելու և ասպիրանտական տեղերի ցանկը մեծացնելու նպատակով.

3.6. Հատուկ միջոցառումներ իրագործել հայերենի համակարգչային կոդավորման աշխատանքներն ավարտելու, հայերենը մեքենայական թարգմանության տրվող լեզուների շարքում ընդգրկելու համար.

3.7. Սփյուռքի համար հայոց լեզվի, գրականության, պատմության, աշխարհագրության և այլ դասագրքերի և մեթոդական ձեռնարկների էլեկտրոնային տարբերակների ստեղծում և համակարգչային ցանցում տեղադրում.

3.8. Հայաստանի լեզվական բուհերում և ավագ դպրոցի հումանիտար թեքումի վարժարանային հոսքերում մտցնել արևմտահայերենի դասընթաց` միաժամանակ սովորեցնելով հին ուղղագրությունը.

3.9. Հանրակրթական դպրոցներում կազմակերպել գրաբարի ուսուցման դասընթաց` դասական ուղղագրության ուսուցմամբ.

3.10. Միասնական ուղղագրության անցնելու խնդիրները համակողմանի ուսումնասիրելու համար ստեղծել հայաստանաբնակ և սփյուռքահայ լեզվաբաններից բաղկացած միացյալ աշխատանքային խորհուրդ.

3.11. Հատուկ ուշադրություն դարձնել ուսուցման դիստանցիոն մեթոդի կիրառմամբ մանկավարժների վերապատրաստմանը թե’ Հայաստանում, թե’ սփյուռքում, ինչպես նաև հայերենին չտիրապետող հայազգի երիտասարդության կողմից մայրենի լեզվի ուսումնասիրմանը.

3.12. Հատուկ ուշադրություն դարձնել հայերենի` որպես պետական լեզվի կիրառմանը և ՀՀ "Լեզվի մասին" և "Գովազդի մասին" օրենքների կատարմանը.

3.13. Պետական աջակցություն ցուցաբերել հայ մատենագիտության թվայնացման և համակարգչային ցանցում տեղադրման աշխատանքներին.

3.14. Աջակցություն ցուցաբերել Հայաստանում, ԼՂՀ-ում և հարևան պետություններում գտնվող հայկական պատմական հուշարձանների ուսումնասիրմանը, լուսանկարների և այլ վավերագրական նյութերի թվայնացմանը և համակարգչային ցանցում տեղադրմանն ուղղված աշխատանքներին.

3.15. Նախաձեռնել "Ազգագրական գյուղեր" թանգարան-համալիրի ստեղծման ծրագիր` ներգրավելով հայրենակցական միությունների և սփյուռքի ներուժը:


ԱԺ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Շ.ՔՈՉԱՐՅԱՆ