|
|
ՆՅՈՒԹԵՐ / Ելույթներ և հարցապնդումներ`
|
Ազգային Ժողովում "ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու" և "ԱԺ կանոնակարգ օրենքի" նախագծերի քննարկման ժամանակ 13.09.2006թ. ԱԺԿ վարչության նախագահ Շ.Քոչարյանի ելույթը:
Շատ կարևոր նախագիծ է քննարկվում: Նախ` ես պետք է ողջունեմ այն հանգամանքը, որ որպես այլընտրանքային ներգրավված են 2 նախագծեր: Սա պետք է դառնա ավանդույթ, որովհետև երբ կան 2 նախագծեր, միշտ էլ հնարավորություններ կան համեմատելու և լավագույն նախագիծը կամ դրույթներն ընտրելու: Ցավալի է, որ այդ նույն մոտեցումը ժամանակին չկիրառվեց ԱԺԿ-ի կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի դեպքում` իմաստալից կլիներ, որպեսզի 2 նախագծերն էլ քննարկվեին որպես այլընտրանքային: Այնուամենայնիվ, անրադառնանք սույն նախագծին: Ինչո՞վ է այն կարևոր: Նրանով, որ բխում է նաև փոփոխված Սահմանադրությունից: Վերջիվերջո, հնարավորություն է ստևծվել, որ Հայաստանում իշխանությունը լինի հավասարակշռված: Այս 15 տարիներն անցել են մեկ ուղղությամբ` անընդհատ անհարկի կաշկանդել օրենսդիր մարմինը, որպեսզի գործադիրը լինի բացարձակ անվերահսկելի: Այդ ուղղությամբ է գնացել կանոնակարգի հետևողական փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը, և արդյունքում, այո, ԱԺ-ն դադարել է լինել հակակշիռ և գործադիրին վերահսկող:
Սահմանադրական փոփոխությունները իրական հնարավորություն են տվել, որպեսզի քաղաքական իշխանության կենտրոնը տևափոխվի դեպի ԱԺ: Դա նշանակում է, որ այն փոփոխությունները, որոնք կատարվելու են կանոնակարգում, պետք է այդ տևափոխությանը համահունչ լինեն: Չէ որ այսուհետ, համենայնդեպս, 2007թ-ից ԱԺ-ն է պատասխանատու լինելու կառավարության ձևավորման համար, նա է միայն ի վիճակի լինելու անվստահություն հայտնել կառավարությանը: Ըստ էության, ԱԺ մեծամասնությունն է կրելու պատասխանատվությունը երկրում վարվող քաղաքականության համար: Հանրապետության Նախագահը կունենա իր ազդեցությունը միայն այն պարագայում, եթե ԱԺ մեծամասնությունը սատարում է Նախագահին: Երկու նախագծերն էլ պետք է դիտարկել այս տեսանկյունից` ո՞րն է ավելի ուղղված ԱԺ-ն քաղաքական մարմին դարձնելու խնդրի լուծմանը, և որն է ուղղված օրենսդիր մարմնի նկատմամբ անհարկի կապանքների վերացմանը:
Իմ գնահատականն այն է, որ ՄԱԿի նախագիծն ավելի է համապատասխանում նշված խնդիրների լուծմանը, և ցանկալի կլիներ որպես հիմք այդ նախագծի ընդունումը: Դա չի նշանակում, որ մյուս նախագծում չկան այնպիսի դրույթներ, որոնք արժանի են ուշադրության և կարող են ընդգրկվել վերջնական նախագծում: Մեկ օրինակ բերեմ, որը շատ հստակ ցույց է տալիս, թե ինչքանով է նսեմացված ԱԺն` կապված հենց այս նախագծի քննարկման հետ: Տեսեք, կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, ավելին, հարկ չի համարում գալ և հիմնավորել իր տեսակետը` կապված կանոնակարգի փոփոխությունների հետ: Ավելին, հիշեցնեմ, որ համեմատաբար վերջերս կառավարությունն իր օրենսդրական նախաձեռնությամբ փոխեց ԱԺ կանոնակարգը: Իհարկե, փոխեց, որովհետև ԱԺ մեծամասնությունը դրա հետ համաձայնեց: Բայց խնդիրը կայանում է հետևյալում` օրենսդիր մարմնի կանոնակարգի փոփոխությունը ներկայացնում է գործադիրն այն ժամանակ, երբ ԱԺ-ն գործ չունի կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի, առավել ևս կանոնակարգի հետ: Ճիշտ է, 2008թ. արդեն կառավարության կառուցվածքը որոշվելու է ԱԺ կողմից` օրենքով:
Երևի ես չանդրադառնամ կոնկրետ հարցադրումներին, կապված նախագծերը բարելավելու հետ, այդ առաջարկությունները կարող են ներկայացվել ԱԺԿի կողմից 1ից 2րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարող չանդրադառնալ մի կարևորագույն խնդրի, որի մասին այստև խոսակցություն գնացել է: ԱԺ-ի կանոնակարգը առնվազն չպետք է հակասի Սահմանադրությանը: Օրինակ, եթե Սահմանադրությունը տալիս է իրավունք, այդ իրավունքը չպետք է պայմանավորված լինի նույնիսկ ԱԺ մեծամասնության քվեարկությամբ: Խոսքը գնում է, մասնավորապես, օրենսդրական նախաձեռնության մասին: Սահմանադրությունն իրավունք է տալիս իչպես պատգամավորին, այնես էլ կառավարությանը հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ: Դա ի՞նչ է նշանակում: Դա առնվազն նշանակում է, որ նապաձեռնությունը պետք է քննարկվի: Իհարկե, ոչ ոք չի կարող պարտադրել մեծամասնությանը քվեարկել ի օգուտ այն նախագծի, որը նա չի ընդունում, բայց քննարկումը պարտադիր է: Իսկ մեզանում ի՞նչ է ստացում: Ստացվում է , որ հաճախ պատգամավորի նախաձեռնությունը օրակարգ չի մտնում մի շատ պարզ պատճառով` մեծամասնությունն օրակարգում ընդգրկելուն դեմ է քվերկում: Դրանով իսկ պատգամավորի սահմանադրական իրավունքը խախտվում է: Չկա Սահմանադրությունում գրված, որ նախաձեռնության իրավունքը պայմանավորված է մեծամասնության կամքով` կախված այդ կամքից, կարող է իրականանալ, կարող է չիրականանալ: Ավելին, Սահմանադրության համապատասխան 75-րդ հոդվածը, որը օժտում է նախաձեռնության իրավունքով պատգամավորին և կառավարությանը, ունի հետևյալ շարունակությունը. «Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացված օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը»: Այսինքն` այստևից բխում է, որ կառավարության նախաձեռնության քննարկումը պարտադիր է, իսկ կառավարությունը կարող է սահմանել իր նախագծի քննարկամն հաջորդականությունը: Ինչո՞ւ ենք մենք կրկին այդ ասիմետրիկ մոտեցումը փորձում պահպանել կանոնակարգում` կառավարության նախաձեռնության քննարկումը պարտադիր է, նույնիսկ նա կարող է հաջորդականությունը որոշել, իսկ ԱԺ պատգամավորինը` կարելի է մերժել:
Երբ մենք խոսում ենք օրենքների որակի և ԱԺ-ում տիրող մթնոլորտի մասին, շատ անգամ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ տարիների ընթացքում պատգամավորի նախագիծը կարող է, մնալով օրակարգում, ընդհանրապես չքննարկվել կամ մերժվել: Ես ունեմ այդպիսի բազմաթիվ օրինակներ: Ո՞րն է պատճառը, որ անընդհատ հետաձգում ենք մեր ներկայացված նախագծերը: Իհարկե, մենք ձգտում ենք, որ քննարկվի, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ գլխադասային հանձնաժողովը ելնելով կառավարության դիրքորոշումից` տալու է բացասական եզրակացություն, իսկ ԱԺ-ում քվեարկության արդյունքում նույնիսկ քննարկումը մերժվելու է: Կան օրակարգում ընդգրկվելու առանձին բացառություններ, բայց ինչպե՞ս են դրանք կատարվել: Ներողություն արտահայտությանս համար, ֆոկուսով: Այսինքն` երբ նախագծի օրակարգ ընդգրկումը հետաձգելու քվեարկության ժամանակ չի լինում համապատասխան քվորում, մեկ էլ հանկարծ այդ նախագիծը հայտնվում է մեծ կամ քառօրյա նիստերի օրակարգում:
Այսպիսի բևեռացման պայմաններում, պատգամավորի սահմանադրական իրավունքն այսպիսի անտեսման պայմաններում, բնական է, խոսել, թե ինչպիսին պետք է լինի հայոց խորհրդարանը 2007թ. հետո, դառնում է անիմաստ:
Կրկին պետք է անդրադառնամ իմ գնահատականով ամենակարևորագույն հանգամանքին. այս փոփոխությունները կատարելիս 1-ին հերթին պետք է հաշվի առնենք ոչ թե մեր ներկա խորհրդարանը, այլ այն բացառիկ հնարավորության իրականացումը, որը ստևծվել է սահմանադրական մակարդակով, երևի 1-ին անգամ այս 15 տարվա ընթացքում, որպեսզի վերջապես օրենսդիր մարմինը դադարի լինել վերահսկելի գործադիրի կողմից, այլ կայանա ճիշտ հակառակը: Եվ որպեսզի այս օրենսդիրը իրականացնի իր այդ առաքելությունը, որպեսզի, վերջապես, ՀՀ-ում գործադիր իշխանությունը դառնա վերահսկելի, իսկ դա անհրաժեշտ պայման է ցանկացած ժողովրդավարության, նա պետք է այդ խնդիրների լուծմանը նպատակաուղղի կանոնադրական փոփոխությունները: Հակառակ դեպքում, երևի բոլորիս համար ակնհայտ է, որ անվերահսկելի մնալով գործադիր իշխանությունը շարունակվելու է այլասերվել: Խնդիրը նա չի, որ դա մեր հայկական մենթալիտետն է կամ դա բնորոշ է մեր ազգին: Ոչ, դա բնորոշ է ցանկացած անվերահսկելի իշխանությանը: Այստեղից են գալիս մնացած բոլոր ցավալի հետևանքները` ստվերային տնտեսություն, կլանային տնտեսություն, քրեական տարրերի ներխուժում կամ հայտ` լուրջ ներխուժելու և քաղաքական դաշտ, և իրենց առկայությունը պահպանելու տնտեսական դաշտում, կոռուպցիա և այլ ցավալի խնդիրներ: Այդ տեսակետից ինձ մնում է ևս մեկ անգամ կոչ անել` շատ լուրջ ուշադրություն դարձնել այս նախագծերին: Ես կրկին հայտնում եմ մեր կուսակցության տեսակետը, որ ավելի ցանկալի կլիներ, որպեսզի որպես հիմք ընդունվեր ՄԱԿի նախագիծը, բայց անկախ նրանից` ո՞րը կընդունվի, այն փոփոխությունները, որոնք կատարվելու են, պետք է ուղղված լինեն մեր առջև ծառացած հիմնարար խնդրի լուծմանը:
| | |
|
|
|