|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ / ԱԺԿ վարչության հայտարարություններ`
ԱԺԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Հ ա յ ր ե ն ա կ ի ց ն ե ր
Սահմանադրական փոփոխությունները աննախադեպ հնարավորություն են ստեղծել` իշխանության կենտրոնը նախագահական նստավայրից տեղափոխելու դեպի Ազգային ժողով և ձերբազատվելու երկրի զարգացման հիմնական խոչընդոտ հանդիսացող անձնիշխանական համակարգից:
Այդ կարևորագույն խնդրի իրականացումը կախված է ապագա Խորհրդարանի մեծամասնությունից:
Ընդդիմությունը մեծամասնություն դառնալու հայտ դեռևս չի ներկայացրել` ի տարբերություն վերադասավորվող իշխանական թևի:
Ի՞նչն է մտահոգիչ: Մի կողմից` իրենց դիրքերը պահպանելու և ավելին` քաղաքական իշխանություն դառնալու ցանկություն, իսկ մյուս կողմից` հին իներցիան. ամեն ինչ լուծվում և լուծվելու է Խորհրդարանից դուրս. նպատակը` ԱԺ-ում ամեն գնով առավելագույն տեղեր զբաղեցնելն է, այլ ոչ թե երկրում որակական փոփոխություններ իրականացնելը:
Սրա ապացույցներից են.
Մի կողմից` գաղափարների և ծրագրերի շուրջ բանավեճի բացակայությունը, մյուս կողմից` մրցակցությունը անդամների մեծ թվեր հայտարարելու, ստվերային ռեսուրսները և իշխանության լծակները կենտրոնացնելու գործում:
Չի արձանագրվում` ինչն է այսօրվա իրականությունում անընդունելի, որոնք են պատճառները և հաղթահարման ուղիները:
Միթե՞ անընդունելի չեն
- սոցիալական ծայրահեղ բևեռացումը և աշխատատեղերի պահանջվող թվի բացակայությունը
- ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան
- ժողովրդի գոյատևումը և տնտեսության դրական աճն ի հաշիվ բյուջեն գերազանցող հարազատների կողմից արտերկրներից ուղարկվող գումարների
- տնտեսության և քաղաքականության քրեականացումը, չբացահայտվող սպանությունները և լրագրողներին բռնությունների ենթարկելը
- ժողովրդագրական փոսը` ծնելիության աննախադեպ անկումը և բնակչության ծերացումը
- միջազգային հանրության հակվելը ադրբեջանական այն տեսակետին, թե ԼՂՀ հարցը դա տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուստի Հայաստանն ագրեսոր է և օկուպանտ
- ընդհանուր առմամբ ռեֆլեկտորային (պաշտպանողական) արտաքին քաղաքականությունը.
Վերջին օրինակը. Ադրբեջանն իր կողմից արհեստականորեն ստեղծած հրդեհների խնդիրը հասցնում է ՄԱԿ-ի ամբիոն (այն էլ հարցի անվանման մեջ ներգրավելով "Ադրբեջանի օկուպացված տարածքներ" բառակապակցությունը), իսկ մենք որևէ արդյունքի չենք հասել Ջուղայի խաչքարերը ոչնչացումից փրկելու գործում:
Ազգային ժողովրդավարական կուսակցությունը գտնում է, որ հասունացել է սթափվելու պահը` բոլորի համար:
Ընթերցվել է ԱԺ 12.09.06. նիստի հայտարարությունների ժամին
| | |
|
|
|