www.ajk.am
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ / ԱԺԿ վարչության հայտարարություններ`

ԱԺԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայրենակիցներ, մենք բոլորս երախտապարտ ենք Ֆրանսիային` պատմական արդարությանը հետամուտ լինելու համար: Ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքով Ֆրանսիան ազդեցիկ քայլ կատարեց նաև այսօրվա Թուրքիայի Եվրամիության անդամակցությունը կասկածի տակ դնելու հարցում:
Իսկ ո՞րն է Թուրքիայի Եվրաինտեգրացման հարցում Հայաստանի հիմնական անելիքը: Ապացուցե՞լ, որ Թուրքիան չի համապատասխանում եվրոպական արժեքային համակարգին: Սակայն դա կարող է անել այն երկիրը, որն ինքն է այդ համակարգի կրողը: Հայաստանը դեռևս չի բավարարում ոչ միայն Եվրամիության, այլ նույնիսկ Եվրոպայի Խորհրդի նվազագույն պահանջներին: Դրա ապացույցներից է մեր ընտրությունների որակը:
Մեր հիմնական խնդիրը պետք է լինի ժողովրդավարական, իրավական պետության կայացման հարցում Թուրքիայի հետ մրցակցելը, այլ ոչ թե եվրոպացիներն համոզելը, որ Թուրքիան ժողովրդավարական չէ:

Գնաց Եվրամիությանն անդամակցման առաջին գնացքը` տանելով բազմաթիվ հետկոմունիստական պետություններ: Այդ գնացքում թեկնածուի կարգավիճակով հայտնվեց նաև Թուրքիան, իսկ Հայաստանն ընդհանրապես դուրս մնաց: Մեր դուրս մնալու պատճառն ամենևին Ղարաբաղյան հակամարտությունը չէ: Չկարգավորած հակամարտությունները չխանգարեցին Կիպրոսին և նախկին Հարավսլավիայի Հանրապետություններին անդամ կամ թեկնածու դառնալ: Դուրս մնալու պատճառն այն է, որ Հայաստանը դարձավ անձնիշխանական պետություն:
Այսօր թե' Հայաստանի հզորացման, թե' ԼՂՀ ճանաչման, թե' պատերազմի սպառնալիքի կանխման գործում չկա այլ` ավելի ազգային խնդիր, քան ժողովրդավարական Հայաստանի կայացումը և մեր պետության անդամակցությունը Եվրամիությանը:
Միթե՞ ակնհայտ չէ, որ հայ ժողովուրդը շատ ավելի պատրաստ է ապրելու եվրոպական արժեքներով, քան Թուրքիայի ժողովուրդը: Դառը իրողությունն այն է, որ տասնամյակներ շարունակ Թուրքիայի իշխանությունները պարտադրում են իրենց ժողովրդին կրել Եվրոպական արժեքները, իսկ անկախ Հայաստանի իշխանությունները, ի հակառակ ժողովրդի կամքի, 15 տարի է ինչ պարտադրում են մեզ հեռանալ դրանցից: Այս կործանարար մոտեցումը պետք է հաղթահարվի: Հենց սա է մեր հիմնական անելիքը:


Ընթերցվել է Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին 2006թ. հոկտեմբերի 24-ին