|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ՏՐԻՎԻԱԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ |
 "Հայոց աշխարհ", 08.12.2006
Ընթացիկ նախընտրական փուլի առանձնահատկությունները, "Հայոց Աշխարհ”-ի հարցերին ի պատասխան՝ արձանագրում է ԱԺԿ նախագահ, պատգամավոր ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ
- Իշխանական դաշտի ակտիվությունը բնական եւ օրինաչափ եմ համարում: Դա պայմանավորված է մի շարք գործոններով: Նախ` բոլորը գիտակցում են, որ երկրի նախագահը երրորդ ժամկետի չի գնալու: Այս հանգամանքն ինքնին ստեղծում է նոր իրավիճակ քաղաքական դաշտում, առաջին հերթին՝ նույն իշխանական ճամբարում:
Երկրորդ՝ փոփոխված սահմանադրությունն իր հերթին խաղի նոր կանոններ է պարտադրում՝ հնարավորություն է ընձեռում, որ գործադիր իշխանության փաստացի ղեկավարը դառնա վարչապետը: Իհարկե՝ դա կախված է նաեւ նախագահ-ԱԺ մեծամասնություն ուժերի հարաբերակցությունից: Եթե նախագահը ԱԺ-ում ունենա մեծամասնություն, ապա կարող է ի՛նքը դառնալ իրավիճակի “տերը”, իսկ վարչապետը կմնա մոտավորապես ներկայիս կարգավիճակում:
Բնականաբար սա չի կարող չանդրադառնալ նախընտրական գործընթացների տրամաբանության վրա եւ մրցակցություն չառաջացնել հենց իշխանության ճամբարում: Իհարկե, ընդհանուր նպատակը, այն է՝ պահպանել իշխանությունը, մնում է, ինչը, կարծում եմ, նույնպես օրինաչափ է:
Բայց որ իրավիճակը սկզբունքորեն փոխվել է, եւ ընտրություններից հետո ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը նույնը չի լինելու՝ ակնհայտ է: Ընդ որում, իշխանական ճամբարում սա շատ շուտ հասկացան, ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության, որը, ամեն կերպ հակադրվելով սահմանադրական փոփոխություններին, այդպես էլ չգիտակցեց այդ փոփոխությունների էությունը: Այսինքն՝ դրական ազդակները, որ ընդդիմությանը թույլ են տալիս իշխանության կենտրոնը նախագահական նստավայրից տեղափոխել Ազգային ժողով: Այսինքն՝ այն, ինչի մասին ընդդիմադիր ուժերը տարիներ շարունակ խոսում էին:
- Մինչ գործող կամ, ինչպես ասում են, “ավանդական” ընդդիմությունը տեղապտույտի մեջ է, հհշական շրջանակները, ի դեմս “Այլընտրանքի” եւ “Քաղաքացիական անհնազանդության շարժման” նախաձեռնողների հավակնում են ներկայանալ որպես գաղափարական այլընտրանք՝ գործող իշխանություններին եւ հանդես գալ առաջատարի դիրքերից: Այդ հավակնությունները արդարացվա՞ծ են:
- Նախկին իշխանությունները ներկայացնող ուժերը միշտ էլ ձգտել են այս իրավիճակին. երբ ժողովուրդը ընդդիմության նկատմամբ հավատը կորցրել է, եւ իրենք այդ ֆոնի վրա կարող են ակտիվություն դրսեւորե: Բայց, ըստ իս, շատ քիչ հավանական է, որ մինչեւ ընտրություններ նրանք կարողանան ձեռք բերել այն հեղինակությունը, որին ձգտում են: Ավելին՝ ինչքան հասարակության մեջ ամրապնդվի մտայնությունը, թե ներքաղաքական պայքարը իրականում պայքար է ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ, այնքան գործող իշխանությունների դիրքերը կամրապնդվեն:
- Այսինքն՝ դուք է՞լ եք այն կարծիքին, թե հհշական-հհշամերձ ուժերի ակտիվացումը իշխանության ձեռքի գործն է. իբր՝ սրանց որպես հիմնական մրցակից եւ իրական այլընտրանք ներկայացնելով, իշխանություն ունեցողները այդ համապատկերում շահեկան լույսի տակ երեւալու խնդիր են լուծում:
- Դա մակերեսային մոտեցում է: Ամեն ինչ շատ ավելի բազմաշերտ ու բազմաֆունկցիոնալ է, քան առաջին հայացքից թվում է: Գուցե նախկին իշխանությունը ներկայացնող ուժերի ակտիվացումն իսկապես ձեռնտու է իշխանություններին: Բայց ասել, թե մի հոգի, երկու հոգի, երեք հոգի նստած՝ ինչ-որ սցենարներ են մշակում, ավելին՝ բոլոր թելերն իրենց ձեռքն են վերցրել եւ ուղղորդում են քաղաքական դաշտում ընթացող բոլոր պրոցեսները, կարծում եմ, չափազանցություն կլիներ:
- 41 մեծամասնական տարածքներում թեկնածուներ առաջադրելու գաղափարը այս օրերին դարձյալ արդիական է դարձել: “Հանրապետություն” կուսակցության ակտիվիստներն այնքան են ոգեւորվել, որ մարտահրավեր են նետում իշխանության առաջին դեմքերին՝ հրավիրելով մրցասպարեզ. մեծամասնական տեղերի համար պայքարում ուժերը չափելու ընդդիմության լիդերների հետ: Այս սցենարը, կարո՞ղ է եղանակ ստեղծել առաջիկա ընտրություններում:
- Ինձ համար տարօրինակ է, երբ տրիվիալ ճշմարտությունները ներկայացվում են որպես ընտրական նոր տեխնոլոգիաներ: Ստիպված եմ հիշեցնել, որ, լինելով համամասնական ցուցակի առաջին տեղերում, ես մշտապես իմ թեկնածությունը դրել եմ նաեւ մեծամասնական ընտրատարածքներում: Ավելին՝ 2003թ. ընտրություններից առաջ իմ նախաձեռնությամբ նույնիսկ որոշում կայացվեց, որ ոչ միայն կուսակցությունների ղեկավարները, այլեւ ցուցակի առաջին երկու տասնյակում գտնվող թեկնածուները պետք է առաջադրվեն նաեւ մեծամասնական ընտրակարգով։ Բայց, եթե հիշում եք, միայն ես եւ Արշակ Սադոյանը դրեցինք մեր թեկնածությունը:
Հիմա չեմ հասկանում, երբ դա փորձում են ներկայացնել որպես դեղամիջոց առաջիկա ընտրություններում հաղթելու համար: Պետք է ոչ թե հռչակագրային հայտարարություններ անել, այլ աշխատել:
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
| | |
|
|
|