www.ajk.am
ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ / ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ (պառլամենտական համակարգ)


Ներկայացվել է ԱԺԿ-ի կողմից 2001թ-ին:


Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:


ԳԼՈՒԽ 1.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ


Հոդված 1.
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2.
1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։
3. Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3.
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են:
2. Պետության գլխավոր առաքելությունը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է և դրանց իրականացման ապահովումը:
3. Մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները կանխորոշում են օրենքների իմաստը և բովանդակությունը, գործադիր իշխանության ու տեղական ինքնակառավարման գործունեությունը և ապահովված են արդարադատությամբ:

Հոդված 4.
Խորհրդարանի և համայնքների ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ազատ, ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 5.
1. Պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման, դրանց փոխադարձ հակակշիռների ու զսպումների հիման վրա:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։

Հոդված 6.
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է քաղաքական ու գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը։
2. Որևէ գաղափարախոսություն չի կարող պետական կամ պարտադիր ճանաչվել։
3. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում քաղաքական ուժերի ազատ մրցակցության համար, որը երաշխավորված է քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների օրենսդրական ճանաչմամբ, ամրագրմամբ և պաշտպանությամբ:
4. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն։ Նրանք նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանը, արտահայտմանը և իրականացմանը:
5. Կուսակցությունների համար երաշխավորվում են ազատ գործունեության հավասար պայմաններ։
6. Կուսակցությունների նպատակները և գործունեությունը չեն կարող հակասել սահմանադրական կարգի հիմունքներին, իսկ կառուցվածքը և գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին։
7. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց միջոցների աղբյուրների և ծախսերի մասին:

Հոդված 7.
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է իրավական օրենքի գերակայությունը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն։ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաև Սահմանադրությանը և օրենքներին հակասող ճանաչված այլ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն։
3. Օրենքները և մարդու իրավունքները, ազատություններն ու պարտականությունները շոշափող այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում միայն պաշտոնական հրապարակումից հետո։
4. Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Դրանք գերապատվություն ունեն օրենքների նկատմամբ:
5. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։
6. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո։
7. Սահմանադրությանը չհակասող, սակայն օրենքներին հակասող նորմեր պարունակող միջազգային պայմանագրերը վավերացման են ներկայացվում այն օրենքների նախագծերի հետ մեկ միասնական փաթեթով, որոնք նախատեսում են գործող օրենքներում կատարել վավերացվող պայմանագրի նորմերին համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
8. Օրենքը կարող է լիազորել կառավարությանը և նախարարություններին ընդունելու ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեությանը վերաբերող նորմատիվ ակտեր` սահմանելով այդ մարմինների լիազորության բովանդակությունը, նպատակը և ծավալը:

Հոդված 8.
Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքն ազատ տնտեսական մրցակցության, սոցիալական գործընկերների համերաշխության, երկխոսության և համագործակցության վրա հիմնված սոցիալական շուկայական տնտեսությունն է:

Հոդված 9.
Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը:

Հոդված 10.
1. Հայաստանի Հանրապետությունը վարում է սփյուռքի հետ կապերի համակողմանի զարգացման և ամրապնդման հայապահպան քաղաքականություն։
2. Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայրենադարձությանը:
3. Հայազգի յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու պահից, իր դիմումին համաձայն, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Հոդված 11.
Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական ու մշակութային արժեքների պահպանմանը, աջակցում հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։

Հոդված 12.
1. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։
2. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ հորիզոնական հավասար շերտերով։
3. Հայաստանի Հանրապետության զինանշանը և օրհներգը սահմանվում են օրենքով:
4. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է։



ԳԼՈՒԽ 2.
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հոդված 13.
Մարդու արժանապատվությունը, որպես նրա իրավունքների և ազատությունների աղբյուր, անխախտելի է։ Պետությունը պարտավոր է հարգել և պաշտպանել այն։

Հոդված 14.
1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։
2. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Հոդված 15.
1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք։
2. Ոչ ոք իր կամքին հակառակ և առանց իր գրավոր համաձայնության չի կարող ենթարկվել գիտական, ներառյալ` բժշկական, փորձերի։

Հոդված 16.
Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Մարմնական պատիժների կիրառումն արգելվում է:

Հոդված 17.
1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։
2. Անձի ազատությունը կարող է սահմանափակվել միայն հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով, եթե`
1) նա դատապարտվել է ազատազրկման իրավասու դատարանի կողմից.
2) նպատակ է հետապնդում, որպեսզի հանցագործության կատարման մեջ հիմնավոր կասկածվող մարդը կանգնի իրավասու դատարանի առջև կամ` հիմնավոր հիմքեր կան ենթադրելու, որ դա անհրաժեշտ է տվյալ մարդու կողմից հանցագործության կատարումը կանխելու կամ այն կատարելուց հետո նրա թաքնվելուն խոչընդոտելու համար.
3) անչափահասի ձերբակալումը դատարանի օրինական որոշման հիման վրա անհրաժեշտ է նրա դաստիարակության վրա հսկողության կամ իրավասու դատարանի առջև ներկայանալու համար.
4) դա անհրաժեշտ է ապահովելու սոցիալական վտանգ ներկայացնող հիվանդների հարկադիր հիվանդանոցային բուժումը.
5) դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետություն մարդու անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու համար:
3. Ձերբակալվածն անհապաղ իրեն հասկանալի լեզվով տեղեկացվում է ձերբակալման պատճառների մասին, իսկ առնվազն 24 ժամից հետո նրան տրվում է նաև ձերբակալման գրավոր հիմնավորումը: Ձերբակալման մասին անհապաղ տեղեկացվում են ձերբակալվածի ընտանիքը կամ նրա կողմից նշված անձը: Յուրաքանչյուր ոք ձերբակալման պահից պաշտպան ունենալու իրավունք ունի: Ձերբակալվածը պարտավոր չէ առանց իր պաշտպանի մասնակցության որևէ ցուցմունք տալ:
4. Ձերբակալումից հետո ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում ձերբակալման օրինականության հարցը որոշում է դատարանը: Ձերբակալվածն իրավունք ունի բողոքարկել այդ որոշումը: Նախնական կալանքը, որի ժամկետը չի կարող վեց ամսից ավելի լինել, թույլատրվում է միայն դատական կարգով հավաստված օրինական հիմքերի առկայությամբ:

Հոդված 18.
1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։
2. Պետությունը մարդու մասնավոր և ընտանեկան կյանքին կարող է միջամտել միայն հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Դատարանը ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում որոշում է նման միջամտության հիմնավորվածությունը:

Հոդված 19.
1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձին վերաբերող տեղեկությունների պաշտպանության իրավունք:
2. Առանց մարդու համաձայնության նրա մասին տեղեկությունների հավաքումը, պահպանումը, օգտագործումը և տարածումն արգելվում է: Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության ու հասարակական կարգի պաշտպանության համար։ Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումը դրանց հավաքման շարժառիթին հակասող նպատակներով:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծանոթանալ իրեն վերաբերող տեղեկությունների հետ, պահանջել իր մասին ոչ հավաստի տեղեկությունների վերացում և դրանց տարածմամբ պատճառված վնասի հատուցում:

Հոդված 20.
1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք։
2. Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել կամ խուզարկել նրա բնակարանը, աշխատատեղը կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցը, բացի օրենքով նախատեսված դեպքերից և դատարանի որոշմամբ:
3. Բնակիչներն իրավունք ունեն ներկա գտնվել իրենց բնակարանի խուզարկության ժամանակ, որն անց է կացվում առնվազն երկու ընթերավկայի ներկայությամբ:
4. Օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում և օրենքով սահմանված կարգով իրավասու մարմիններն առանց դատարանի որոշման կարող են բնակիչների կամքին հակառակ, առանց ընթերավկաների, մուտք գործել բնակարան և խուզարկություն կատարել, եթե դա անհրաժեշտ է հանցագործին բռնելու, ինչպես նաև այլ անձանց կամ նրանց գույքի պաշտպանության համար։ Դատարանը ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում որոշում է բնակարան մուտք գործելու կամ այն խուզարկելու հիմնավորվածությունը:

Հոդված 21.
1. Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունն անձեռնմխելի է։
2. Սույն իրավունքի սահմանափակումներ թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով նախատեսված դեպքերում, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության կամ ծանր հանցագործությունների կանխման ու բացահայտման համար։

Հոդված 22.
1. Կանայք և տղամարդիկ օրենքով սահմանված կարգով ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն:
2. Ընտանիքը գտնվում է պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո։
3. Երեխաների դաստիարակությունը ծնողների իրավունքը և պարտականությունն է։ Ծնողներն այն իրականացնում են իրենց համոզմունքներին համաձայն` հաշվի առնելով երեխայի հասունության աստիճանը, ինչպես նաև նրա խղճի, դավանանքի և համոզմունքների ազատությունը:
4 Երեխաներն իրավունք ունեն ազատ արտահայտելու իրենց կարծիքը, որը հաշվի է առնվում նրանց առնչվող գործերում` տարիքի և հասունության աստիճանի հաշվառմամբ:
5. Ծնողական իրավունքները կարող են սահմանափակվել կամ մարդը դրանցից կարող է զրկվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատարանի որոշմամբ:

Հոդված 23.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Յուրաքանչյուր ոք, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրել է մինչև չափահաս դառնալը, ունի քաղաքացիության վերականգնման իրավունք։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից իր համոզմունքների պատճառով կամ այլ հիմքերով:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող արտաքսվել Հանրապետությունից կամ հանձնվել օտարերկրյա պետությանը։
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման, վերականգնման ու դադարման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի նաև այլ պետության քաղաքացիություն ունեցող, սակայն Հայաստանի հանրապետությունում մշտապես բնակություն չունեցող անձը անձը չի կարող ընտրել և ընտրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, պետական պաշտոններ զբաղեցնել ու անդամագրվել քաղաքական կուսակցությանը:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի նաև այլ պետության քաղաքացիություն ունեցող, սակայն Հայաստանի հանրապետությունում մշտապես բնակվող անձը չի կարող ություն ընտրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմում և պետական պաշտոններ զբաղեցնել:

Հոդված 24.
Յուրաքանչյուր ոք միջազգային իրավունքին համապատասխան ունի Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով ապաստան ստանալու իրավունք:

Հոդված 25.
1. Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ և նրան համապատասխանող օրենքներով։
2. Մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը չպետք է խախտի այլ անձանց իրավունքներն ու ազատությունները։

Հոդված 26.
1. Հանրապետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու ու հանրապետությունից դուրս գալու իրավունք։
2. Յուրաքանչյուր քաղաքացի ունի հանրապետություն վերադառնալու իրավունք։
3. Սույն հոդվածում ամրագրված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է քրեական պատասխանատվության և պատժի իրականացման, պետական անվտանգության ու հասարակական կարգի պաշտպանության, ինչպես նաև համաճարակների կանխարգելման նպատակով:
4. Այն տարածքները, որոնց մուտքը արգելված կամ սահմանափակված է, նախատեսվում են օրենքով:

Հոդված 27.
1. Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, որը ներառում է իր կարծիքի ազատությունը, ինչպես նաև՝ անկախ պետական սահմաններից տեղեկատվության ցանկացած միջոցով տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը:
2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և զանգվածային լրատվության մյուս միջոցների ազատությունը ու հասարակությունում առկա կարծիքների արտացոլումը հանրային զանգվածային լրատվության միջոցներում երաշխավորվում է։
3. Խոսքի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Հոդված 28.
1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք։
2. Սույն իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական հանգստության, հասարակական կարգի, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
3. Հայաստանի Հանրապետությունում պետությունը և եկեղեցին անջատ են միմյանցից:

Հոդված 29.
1. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորվելու, ներառյալ նաև աշխատանքային և տնտեսական պայմանների պահպանման ու բարելավման նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք։
2. Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ միավորման։
3. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով արգելվում են այն միավորումները, որոնց նպատակները և գործունեությունը հակասում են Սահմանադրությանը:

Հոդված 30.
1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ և առանց զենքի ժողովների, հանրահավաքների, երթերի ու ցույցերի մասնակցելու և դրանք անցկացնելու իրավունք:
2. Խաղաղ, առանց զենքի ժողովները, հանրահավաքները, երթերը և ցույցերը անց են կացվում ողջամիտ ժամկետում ներկայացված հայտի հիման վրա:
3. Սույն իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ՝ եթե դա անհրաժեշտ է այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
4. Շենքերում խաղաղ, առանց զենքի ժողովների և հանրահավաքների անցկացումն ազատ է:

Հոդված 31.
Բոլորը հավասար են օրենքի առջև:

Հոդված 32.
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային պատկանելությունից, ծնունդից, տարիքից, գույքային կամ այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 33.
Տղամարդիկ և կանայք իրավահավասար են:

Հոդված 34.
Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

Հոդված 35.
1. Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք։
2. Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված ու պատիժը կրող քաղաքացիները։ Նրանք իրավունք չունեն նաև մասնակցելու քաղաքացիական նախաձեռնություններին և հանրաքվեներին։

Հոդված 36.
Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու կամ որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք։

Հոդված 37.
1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր ունակություններին և մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան պետական ծառայության անցնելու իրավունք։ Քաղաքացիները պետական ծառայության են անցնում մրցութային հիմունքներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
2. Պետական ծառայողները ծառայում են ամբողջ ժողովրդին։ Նրանք պարտավոր են իրենց պարտականությունները կատարել անաչառ և քաղաքականապես չեզոք՝ ելնելով բացառապես մասնագիտական նկատառումներից։

Հոդված 38.
1. Քաղաքացիներն օրենքով սահմանված կարգով ունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկատվություն ստանալու իրավունք, որը ներառում է փաստաթղթերի հետ ծանոթանալու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների նիստերին ներկա գտնվելու, գրառումներ ու տեսագրումներ կատարելու նրանց իրավունքը:
2. Սույն իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է այլ անձանց իրավունքների և ազատությունների, հասարակական կարգի, անվտանգության ու պետության շահերի պահպանման համար:

Հոդված 39.
1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրեն առնչվող գործերի անկողմնակալ և արդարացի ու պատշաճ ժամկետում քննության իրավունք:
2. Սույն իրավունքը, մասնավորապես, ներառում է մարդու իրավունքը՝ ծանոթանալու իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև պարտադրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, մինչև մարդու համար անբարենպաստ անհատական ակտն ընդունելը լսել նրան և հիմնավորել ընդունված ակտը:

Հոդված 40.
1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց անձամբ կամ խմբերով դիմելու իրավունք։
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով և պատշաճ ժամկետում պարտավոր են փաստարկված պատասխան տալ այդ խնդրանքներին կամ գանգատներին ու համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք բավարարելու կամ իրագործելու համար։

Հոդված 41.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների խախտման դեպքում դիմելու Մարդու իրավունքների պաշտպանին։
2. Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։
3. Իր լիազորություններն իրականացնելիս Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է: Մարդու իրավունքների պաշտպանը Խորհրդարանին տարեկան զեկույց է ներկայացնում իր գործունեության, ինչպես նաև մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վիճակի մասին։
4. Գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորություններն իրականացնելիս։ Նրանք, մասնավորապես, պարտավոր են Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել քաղաքացիների խնդրանքների ու գանգատների քննության համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկանքներ, ապահովել նրա ազատ մուտքն իրենց հաստատությունները։
5. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով։

Հոդված 42.
1. Սեփականությունը և ժառանգման իրավունքը երաշխավորվում է։ Սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը։
2. Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս հասցնի այլ անձանց և հանրության շահերին։
3. Սեփականությունը կարող է օտարվել միայն հանրության կարիքների համար, բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ դատարանի որոշմամբ և նախնական համարժեք փոխհատուցմամբ։
4. Օրենքը կարող է սահմանափակել օտարերկրացիների և քաղաքացիության չուենցող անձանց հողի նկատմամբ սեփականության իրավունքը:

Հոդված 43.
1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք։
2. Հարկադիր աշխատանքն արգելվում է: Այն կարող է կիրառվել բացառապես ազատազրկման դատապարտված մարդկանց նկատմամբ:
3. Տասնութ տարին չլրացած անչափահասներն ունեն իրենց տարիքին համապատասխանող, նրանց անվտանգությանը, առողջությանը, ֆիզիկական, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացմանն ու դաստիարակությանը չխոչընդոտող աշխատանքային պայմանների իրավունք:

Հոդված 44.
1. Յուրաքանչյուր ոք ունի ձեռնարկատիրական և օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունք։
2. Ձեռնարկատիրական գործունեության ոլորտում պետությունն ապահովում է հավասար մրցակցությունը: Շուկայում մենաշնորհ դիրքի չարաշահումը, մրցակցության ապօրինի սահմանափակումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:
3. Մենաշնորհների ձևերը և շրջանակները սահմանվում են օրենքով:

Հոդված 45.
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի համար oրենքով սահմանված կարգով իր և իր ընտանիքի ապրուստն ապահովող աշխատավարձ ստանալու իրավունք։ Նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։
2. Յուրաքանչյուր ոք ունի անվտանգ և հիգիենիկ աշխատանքային պայմանների իրավունք։

Հոդված 46.
Աշխատավորներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք։ Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով։

Հոդված 47.
1. Յուրաքանչյուր աշխատող ունի հանգստի իրավունք։
2. Առավելագույն աշխատաժամանակը, ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը, հանգստյան և տոնական օրերը, ինչպես նաև սույն իրավունքի իրականացման այլ պայմանները սահմանվում են օրենքով։


Հոդված 48.
1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի հիվանդության կամ հաշմանդամության պատճառով անաշխատունակության, ինչպես նաև կենսաթոշակային տարիքին հասնելու դեպքերում սոցիալական ապահովության իրավունք։
2. Սոցիալական ապահովության իրավունք ունեն նաև այն քաղաքացիները, որոնք իրենցից անկախ պատճառներով դարձել են գործազուրկ և չունեն իրենց ապրուստն ապահովելու այլ միջոցներ։ Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով։
3. Օրենքը կարող է սույն հոդվածում սահմանված իրավունքները տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց:

Հոդված 49.
1. Պետությունն օրենքով սահմանված կարգով երաշխավորում է հիմնական բժշկական ծառայությունների անվճար մատուցումը:
2. Օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիների առանձին խմբերի բժշկական օգնություն է ցույց տրվում պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 50.
Յուրաքանչյուր ոք ունի բնության ու շրջակա միջավայրի վիճակի, սննդամթերքների և կենցաղի առարկաների որակի մասին տեղեկատվության հետ ծանոթանալու իրավունք, որն ազատորեն տարածվում է ու չի կարող գաղտնիք ճանաչվել:

Հոդված 51.
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։
2. Միջնակարգ կրթությունը պարտադիր է, իսկ հանրային ուսումնական հաստատություններում նաև անվճար։
3. Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք։
4. Օրենքը կարող է սույն հոդվածի 3 – րդ մասում սահմանված իրավունքը տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց:
5. Ոչ պետական ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով։
6. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակում ունեն ինքնակառավարման իրավունք:

Հոդված 52.
Գիտության, արվեստի և դասավանդման ազատությունը երաշխավորվում է:

Հոդված 53.
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։

Հոդված 54.
1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք։
2. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի սահմանված կարգով դիմել իր իրավունքների միջազգային պաշտպանությանը:

Հոդված 55.
1. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք։
2. Կողմերի անձնական կյանքի, պետական անվտանգության կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով՝ լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ նրա մի մասում կարող է արգելվել օրենքով` դատարանի որոշմամբ։
3. Դատարանի վճիռները և դատավճիռները հրապարակվում են դռնբաց նիստում, եթե դա չի հակասում անչափահասի շահերին կամ գործը չի վերաբերում ամուսնական կամ երեխաների խնամակալության մասին վեճերին:

Հոդված 56.
1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զուրկ մեղադրյալն ունի պետության կողմից անվճար փաստաբանական օգնություն ստանալու իրավունք։
2. Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք։ Յուրաքանչյուր ոք ունի իր պաշտպանի բացակայությամբ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք։

Հոդված 57.
1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
2. Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։ Չապացուցված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի։

Հոդված 58.
1. Մարդը կարող է դատապարտվել միայն հանցագործություն կատարելու պահին գործող օրենքով։
2. Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ, որոնց ցանկը սահմանվում է օրենքով: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատելու այլ դեպքեր:
3. Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումն արգելվում է:
4. Պատիժներ սահմանող կամ խստացնող օրենքները հետադարձ ուժ չունեն։
5. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ պատժվել հանցագործության համար, որի համար նա օրենքին համապատասխան դատապարտվել կամ արդարացվել է։

Հոդված 59.
Յուրաքանչյուր դատապարտյալ ունի օրենքով սահմանված կարգով իր նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավունք։

Հոդված 60.
Յուրաքանչյուր դատապարտյալ օրենքով սահմանված կարգով ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք։

Հոդված 61.
Պետությունը կամ համայնքը փոխհատուցում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով պատճառված վնասները։

Հոդված 62.
Յուրաքանչյուր ոք, որի կարծիքով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից խախտվել են Սահմանադրությունում ամրագրված իր հիմնական իրավունքները, իրավունք ունի դիմելու Սահմանադրական դատարան, եթե սպառվել են դրանք պաշտպանելու մյուս բոլոր դատական միջոցները և եթե նա գտնում է, որ իր իրավունքները սահմանափակող դատական ակտի հիմքում ընկած օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Սահմանադրությանը:

Հոդված 63.
Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները սպառիչ չեն ու չեն բացառում Սահմանադրության իմաստից բխող` մարդու արժանապատվության, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետության սկզբունքներին համապատասխանող այլ իրավունքների և ազատությունների առկայությունը։

Հոդված 64.
Հիմնական իրավունքները վերապահվում են նաև իրավաբանական անձանց` նրանց իրավական վիճակի առանձնահատկությունների հաշվառմամբ:

Հոդված 65.
Պետությունը հոգ է տանում, որ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները ու ազատությունները կիրառվեն ոչ միայն պետության հետ մարդու և քաղաքացու հարաբերություններում, այլ նաև մասնավոր իրավունքի ոլորտում` այդ ոլորտի առանձնահատկությունների հաշվառմամբ:

Հոդված 66.
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ու միայն օրենքով, որը վկայակոչում է Սահմանադրության համապատասխան հոդվածը:

Հոդված 67.
Մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ, բացառությամբ Սահմանադրության 13 – 19, 22, 23, 25, 27, 28, 31 - 34, 39 - 42, 52 – 62 հոդվածներում և 44 հոդվածի 1 – ին մասում նշվածների, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող են ժամանակավորապես սահմանափակվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ:

Հոդված 68.
Օրենքը կարող է նախատեսել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք հետապնդում են Սահմանադրությանը համապատասխանող նպատակ և պիտանի, անհրաժեշտ ու պատշաճ են այդ նպատակին հասնելու համար։

Հոդված 69.
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների մասին սույն գլխում ամրագրված դրույթների իմաստը և էությունն անխախտելի են։



ԳԼՈՒԽ 3.
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ


Հոդված 70.
1. Պետությունը նպատակ ունի աջակցել`
1) բնակչության զբաղվածության ապահովմանը և աշխատանքի պայմանների բարելավմանը.
2) բնակարանային շինարարությանը.
3) բնակչության առողջության պահպանմանը, բոլոր քաղաքացիների համար արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը.
4) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը.
5) անվճար բարձրագույն կրթության զարգացմանը.
6) գիտության և մշակույթի զարգացմանը, մշակութային հաստատություններից օգտվելու հավասար հնարավորությունների ապահովմանը, pատմության և մշակույթի հուշարձանների ու մշակութային այլ արժեքների պաշտպանությանը.
7) մարդկանց կյանքի և առողջության համար անվտանգ շրջակա միջավայրի պահպանությանը և վերարտադրությանը, բնությունը և շրջակա միջավայրը վնասակար ազդեցությունից պահպանելու միջոցառումների իրականացմանը, բնական պաշարների բանական օգտագործման ապահովմանը:
2. Պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակում ձգտել սույն հոդվածում ամրագրված նպատակներին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանց իրականացման համար:
3. Կառավարությունը և համայնքների ղեկավարները Խորհրդարանին և համայնքների ավագանիներին ամենամյա հաշվետվություն են ներկայացնում սույն հոդվածի առաջին մասում թվարկված միջոցառումների իրականացման մասին:

Հոդված 71.
Սահմանադրության հիմունքների դասավանդումը միջնակարգ ուսումնական հաստատություններում պարտադիր է:



ԳԼՈՒԽ 4.
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հոդված 72.
Յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել Սահմանադրությունը և օրենքները, այլոց իրավունքները, ազատությունները ու արժանապատվությունը։

Հոդված 73.
Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր և կատարել այլ պարտադիր վճարումներ։

Հոդված 74.
Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայրենիքի պաշտպանությանը։

Հոդված 75.
Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգալ շրջակա միջավայրի պաշտպանության համար և օրենքով սահմանված կարգով պատասխանատու է դրան հասցված վնասի համար։



ԳԼՈՒԽ 5.
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ


Հոդված 76.
1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Խորհրդարանը:
2. Խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ և ընդունում է պետական բյուջեն:
3. Խորհրդարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:

Հոդված 77.
1. Խորհրդարանը կազմված է հարյուր մեկ պատգամավորից։
2. Պատգամավորներն ընտրվում են համամասնական ընտրական համակարգով: Պատգամավորական մանդատ են ստանում այն կուսակցությունները, որոնց օգտին տրվել է վավեր ձայների առնվազն հինգ տոկոսը, կամ այն կուսակցությունների դաշինքները, որոնց օգտին տրվել է վավեր ձայների առնվազն ութ տոկոսը։
3. Կուսակցությունները պատգամավորության թեկնածուներ են առաջադրում օրենքով սահմանված կարգով, կուսակցության համագումարի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ։
4. Խորհրդարանի ընտրության կարգը սահմանվում է օրենքով։

Հոդված 78.
1. Խորհրդարանն ընտրվում է չորս տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը սկսվում է Խորհրդարանի առաջին նիստի գումարման օրից: Խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Խորհրդարանի առաջին նիստին նախորդող օրը։
2. Խորհրդարանի առաջին նիստը գումարում է Հանրապետության նախագահը՝ քվեարկության արդյունքների պաշտոնական հրապարակումից տասնհինգ օր հետո:
3. Հանրապետության նախագահը Խորհրդարանի հերթական ընտրությունների նշանակման մասին հրամանագիրը հրապարակում է Խորհրդարանի լիազորությունների ավարտից 60 օր առաջ՝ քվեարկության օր նշանակելով Խորհրդարանի լիազորությունների ավարտին նախորդող քսաներորդ օրվան հաջորդող առաջին ոչ աշխատանքային օրը:

Հոդված 79.
Խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով կարող է որոշում ընդունել ինքնալուծարման մասին: Խորհրդարանը չի կարող ինքնալուծարվել իր լիազորությունների առաջին և վերջին տարիների ընթացքում:

Հոդված 80.
1. Խորհրդարանը Հանրապետության նախագահի կողմից հայտարարվում է լուծարված Սահմանադրության 81 hոդվածի 3 – րդ, 101 հոդվածի 5 - րդ, 122 հոդվածի 2 - րդ մասով, 124 հոդվածի 3 – րդ և 129 հոդվածի 4 – րդ մասերով նախատեսված դեպքերում։ Լուծարված Խորհրդարանը շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր Խորհրդարանի առաջին նիստը:
2. Խորհրդարանը չի կարող լուծարվել արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում։
3. Խորհրդարանի ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում Խորհրդարանը կարող է լուծարվել միայն Սահմանադրության 122 հոդվածի 2 - րդ և 124 հոդվածի 3 – րդ մասերով նախատեսված դեպքերում:
4. Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին` քվեարկության օր սահմանելով Խորհրդարանի լուծարմանը հաջորդող երեսուներորդ օրվան հաջորդող առաջին ոչ աշխատանքային օրը:

Հոդված 81.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացիներ իրավունք ունեն նախաձեռնել Խորհրդարանի լուծարումը։
2. Եթե նախաձեռնության պաշտոնական հայտարարումից հետո քառասուն օրվա ընթացքում Խորհրդարանի լուծարման նախաձեռնության համար ստորագրում է Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող ևս առնվազն հարյուր հիսուն հազար քաղաքացի, ապա Հանրապետության նախագահը քառասուն օրվա ընթացքում նշանակում է հանրաքվե՝ Խորհրդարանի լուծարման մասին։
3. Խորհրդարանը համարվում է լուծարված, եթե հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին քվեարկել է Խորհրդարանի լուծարման օգտին։
4. Սույն հոդվածով նախատեսված հիմքով և կարգով Խորհրդարանի լուծարման հարցը հանրաքվեի կարող է դրվել միայն մեկ անգամ:
5. Խորհրդարանի լուծարման մասին հանրաքվե չի կարող անցկացվել Խորհրդարանի ընտրություններից հետո մեկ տարվա և նրա լիազորությունների ավարտին նախորդող մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում։
6. Սույն հոդվածով նախատեսված հիմքով Խորհրդարանի լուծարման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 82.
Խորհրդարանի պատգամավոր կարող է ընտրվել քսանմեկ տարին լրացած, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։

Հոդված 83.
1. Պատգամավորը չի կարող զբաղեցնել ցանկացած այլ
վճարովի կամ անվճար պաշտոն, լինել տեղական ինքնակառավարման մարմնի անդամ:
2. Պատգամավորի կարգավիճակի հետ անհամատեղելի է ձեռնարկատիրական գործունեությունը:
3. Պատգամավորը կարող է զբաղվել միայն անհատական ստեղծագործական աշխատանքով, պայմանով, որ դա չխոչընդոտի նրա պատգամավորական պարտականությունների կատարմանը։
4. Սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցվում են:
5. Սույն հոդվածի պահանջների կատարմանը հետևում է Խորհրդարանի Էթիկայի մշտական հանձնաժողովը, որը կազմավորվում է խմբակցությունների հավասար թվով ներկայացուցիչներից:

Հոդված 84.
Խորհրդարանի Էթիկայի մշտական հանձնաժողովը, Հաշվիչ պալատի միջոցով, ստուգում է Սահմանադրության 85 հոդվածի 3 – րդ մասում և 126 հոդվածի 4 – րդ մասում նախատեսված հայտարարագրերի իսկությունը և այդ մասին զեկույց է ներկայացնում Խորհրդարանին:

Հոդված 85.
1. Պատգամավորն իր պարտականությունները կատարելու համար ստանում է աշխատավարձ։ Պետությունը փոխհատուցում է նրա պատգամավորական գործունեության հետ կապված բոլոր ծախսերը։
2. Պատգամավորի վարձատրությունը և գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով։
3. Պատգամավորը օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի հայտարարագիր է ներկայացնում իր և իր ընտանիքի անդամների գույքային վիճակի մասին, որը հրապարակվում է Պաշտոնական տեղեկագրում:

Հոդված 86.
1. Պատգամավորները ներկայացնում են ամբողջ ժողովրդին։ Նրանք կաշկանդված չեն հրամայական մանդատով և առաջնորդվում են միայն իրենց համոզմունքներով։
2. Խմբակցությունից կամ խմբակցության կազմի մեջ մտնող կուսակցությունից ինքնակամ դուրս գալու դեպքում պատգամավորը կորցնում է իր մանդատը: Խմբակցության կազմից իր կամքին հակառակ դուրս մնացած պատգամավորը իրավունք չունի մտնել այլ խմբակցության մեջ:
3. Պատգամավորները պարտավոր են մշտական կապ պահպանել ընտրողների հետ:

Հոդված 87.
1. Պատգամավորը չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ քվեարկության, ինչպես նաև Խորհրդարանում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
2. Պատգամավորն առանց Խորհրդարանի համաձայնության չի կարող ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել ազատության այլ սահմանափակման, բացի հանցագործության կատարման պահին բռնվելու դեպքից։ Խորհրդարանը հիմնավորված որոշում է ընդունում նման համաձայնություն տալու կամ չտալու մասին։

Հոդված 88.
1. Խորհրդարանն ընտրում է նախագահ և նրա երկու տեղակալ։ Խորհրդարանի նախագահը վարում է Խորհրդարանի նիստերը և ապահովում նրա բնականոն գործունեությունը։
2. Խորհրդարանի աշխատանքների կազմակերպման նպատակով ձևավորվում է Խորհրդարանի նախագահություն, որը կազմված է Խորհրդարանի նախագահից, նրա երկու տեղակալից և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից։
3. Խորհրդարանն ընդունում է իր աշխատակարգը, որն ունի օրենքի ուժ։

Հոդված 89.
Խորհրդարանական խմբակցությունների իրավունքների ու պարտականությունների իրականացման համար ապահովվում են անհրաժեշտ պայմաններ:

Հոդված 90.
1. Խորհրդարանի հերթական նստաշրջանները գումարվում են հունվարի երկրորդ երկուշաբթի օրից մինչև հուլիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրից մինչև դեկտեմբերի երկրորդ հինգշաբթին:
2. Խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրում է Խորհրդարանի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ վարչապետի պահանջով։

Հոդված 91.
1. Խորհրդարանի նիստերը դռնբաց են։
2. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ վարչապետի պահանջով Խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի համաձայնությամբ անցկացնում է դռնփակ նիստ։

Հոդված 92.
Օրենքները, Խորհրդարանի որոշումները, ուղերձները և Խորհրդարանի այլ ակտերն ընդունվում են նիստին ներկա պատգամավորների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, բացի Սահմանադրությամբ նախատեսված դեպքերից։

Հոդված 93.
1. Խորհրդարանում գործում են մշտական հանձնաժողովներ, որոնց թիվը սահմանվում է Խորհրդարանի աշխատակարգով:
2. Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում պատգամավորական խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ։
3. Խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխվում են պատգամավորական խմբակցությունների միջև՝ նրանց թվաքանակի համամասնությամբ:
4. Գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ և ապահովել հանձնաժողովի անդամների ազատ մուտքն իրենց հաստատությունները։
5. Մշտական հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ իրավունք ունի պահանջել hարցին առնչվող նախարարների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությունն իր նիստին։
6. Առանձին օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Խորհրդարանին եզրակացություններ կամ տեղեկանքներ ներկայացնելու համար պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Խորհրդարանում ստեղծվում են ժամանակավոր հանձնաժողովներ։

Հոդված 94.
1. Խորհրդարանն իրավունք ունի, իսկ իր անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով պարտավոր է հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստերի պարզաբանման նպատակով ստեղծել Հետաքննող հանձնաժողով։
2. Հետաքննող հանձնաժողովը բաղկացած է խմբակցությունների և պահանջը ներկայացնող կողմի առնվազն մեկական ներկայացուցիչներից։ Հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի Խորհրդարանի խմբակցությունների թվական հարաբերակցությունը։
3. Հետաքննող հանձնաժողովը բաց նիստերում պահանջը ներկայացնող կողմի կամ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի պահանջով հավաքում է անհրաժեշտ տեղեկություններ։
4. Գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք պահանջը ներկայացնող կողմի կամ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստերին և հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկանքներ։
5. Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով Հետաքննող հանձնաժողովի գործառույթները իրականացնում է Խորհրդարանի Պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովը։
6. Հետաքննող հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է օրենքով։

Հոդված 95.
1. Oրենքներն ընդունվում են Խորհրդարանի կողմից, ինչպես նաև հանրաքվեի միջոցով։
2. Խորհրդարանում օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորները և կառավարությունը, ինչպես նաև ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության առնվազն տաս հազար քաղաքացիներ՝ ժողովրդական նախաձեռնության կարգով։
3. Արդարադատության հարցերով օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի նաև Արդարադատության խորհուրդը:

Հոդված 96.
1. Եթե Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող տաս հազար քաղաքացիների կողմից ժողովրդական նախաձեռնության կարգով Խորհրդարան ներկայացված օրինագիծը վաթսուն օրվա ընթացքում չի ընդունվում Խորհրդարանի կողմից, ապա այն՝ ընտրական իրավունք ունեցող ևս իննսուն հազար քաղաքացիների պահանջով դրվում է հանրաքվեի, եթե անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են Խորհրդարանի կողմից օրինագիծը մերժվելուց ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում։ Հանրաքվեն անցկացվում է ստորագրություններ ներկայացվելուց հետո ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասուն օր հետո։
2. Խորհրդարանն իրավունք ունի նույն հարցի վերաբերյալ հանրաքվեի ներկայացնել նաև իր օրինագիծը։
3. Պետական բյուջեի, հարկերի, ինչպես նաև համաներման վերաբերյալ օրենքների նախագծերը չեն կարող ներկայացվել ժողովրդական նախաձեռնության կարգով:
4. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։
5. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:
6. Սույն հոդվածով սահմանված կարգով երկրորդ անգամ ժողովրդական նախաձեռնությամբ օրենք ընդունվելու դեպքում Խորհրդարանը համարվում է լուծարված:

Հոդված 97.
1. Խորհրդարանը պետական բյուջեն ընդունում է կառավարության ներկայացմամբ։
2. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը Խորհրդարանի քննարկմանն է ներկայացնում նոր բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ և կարող է պահանջել, որ այն երրորդ ընթերցման ժամանակ իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը։
3. Եթե պետական բյուջեն չի ընդունվում, ապա մինչև տվյալ տարվա պետական բյուջեի հաստատումը, նոր բյուջետային տարվա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով։
4. Հարկերի դրույքաչափերը կարող են բարձրացվել կամ նոր հարկատեսակներ սահմանվել միայն տարեկան պետական բյուջեի շրջանակներում` այն հաստատվելու հետ միաժամանակ:

Հոդված 98.
1. Պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության պահանջով վարչապետը պարտավոր է մասնակցել Խորհրդարանի նիստերին։ Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ hինգերորդի պահանջով՝ hարցին առնչվող նախարարները պարտավոր են մասնակցել Խորհրդարանի նիստերին։
2. Կառավարության հրավիրված անդամը պարտավոր է պատասխանել պատգամավորների հարցերին։
3. Կառավարության անդամները և նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն մասնակցել Խորհրդարանի նիստերին և արտահերթ ելույթ ունենալ։

Հոդված 99.
1. Խորհրդարանի յուրաքանչյուր շաբաթվա առնվազն մեկ նիստում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։
2. Պատգամավորներն իրավունք ունեն գրավոր հարցեր ուղղել կառավարության անդամներին։ Կառավարության անդամները այդ հարցերին պատասխանում են տասնչորս օրվա ընթացքում։

Հոդված 100.
Խորհրդարանի յուրաքանչյուր նիստում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ։

Հոդված 101.
1. Խորհրդարանն իր կողմից ընտրված վարչապետին կարող է անվստահություն հայտնել միայն միաժամանակ նոր վարչապետ ընտրելու պայմանով։
2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։
3. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում։
4. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ։
5. Եթե Խորհրդարանն իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ անվստահություն է հայտնում վարչապետին, ապա Խորհրդարանը հայտարարվում է լուծարված:
6. Վարչապետին անվստահություն հայտնելու իրավունքից Խորհրդարանը չի կարող օգտվել արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում:

Հոդված 102.
1. Խորհրդարանն Արդարադատության խորհրդի առաջարկով` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նշանակում է դատարանի, ինչպես նաև վարչական, տնտեսական ու օրենքով նախատեսված այլ մասնագիտացված դատարանների նախագահներին: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների նախագահները օրենքով սահմանված կարգով ընտրվում են այդ դատարանների դատավորների կողմից:
2. Խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նշանակում է Սահմանադրական դատարանի 5 անդամներին:
3. Խորհրդարանն Արդարադատության խորհրդի ներկայացրած որոշումների հիման վրա միջոցներ է ձեռնարկում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից դատարանների գործունեությանը միջամտությունը կանխելու համար:

Հոդված 103.
Խորհրդարանը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով ընտրում է Մարդու իրավունքների պաշտպան։ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է օրենքով սահմանված հիմքերով պաշտոնանկ արվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայներով։ Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։

Հոդված 104.
1. Խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայներով վեց տարի ժամկետով ընտրում է Զանգվածային լրատվության միջոցների հանրային խորհրդի ինն անդամ, որից չորսը` Խորհրդարանի, հինգը` Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուներից: Խորհրդի անդամները կարող են օրենքով սահմանված դեպքերում պաշտոնանկ արվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայներով։
2. Զանգվածային լրատվության միջոցների հանրային խորհուրդը հետևում է զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվության ազատության պահպանմանը և երաշխավորում է զանգվածային լրատվության հանրային միջոցների կողմից հասարակությունում առկա տարբեր կարծիքների արտահայտումը։
3. Իր լիազորություններն իրականացնելիս Զանգվածային լրատվության միջոցների հանրային խորհուրդն անկախ է: Այն Խորհրդարանին տարեկան զեկույց է ներկայացնում իր գործունեության, ինչպես նաև տեղեկատվության ազատության վիճակի մասին։
4. Զանգվածային լրատվության միջոցների հանրային խորհրդի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով։

Հոդված 105.
1. Խորհրդարանը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով ընտրում է Հաշվիչ պալատի անդամներին։
2. Հաշվիչ պալատը վերահսկում է պետական բյուջեի կատարումը, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այն իրավաբանական անձանց ֆինանսական գործունեությունը, որոնք միջոցներ են ստանում պետական բյուջեից։
3. Հաշվիչ պալատը վերահսկում է oտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների ու վարկերի օգտագործումը, ինչպես նաև այլ պետություններին փոխառություններ կամ վարկեր տրամադրելու հիմնավորվածությունը։
4. Խորհրդարանի Էթիկայի մշտական հանձնաժողովի առաջարկով ստուգում է Սահմանադրության 85 հոդվածի 3 – րդ մասում և 126 հոդվածի 4 – րդ մասում նախատեսված հայտարարագրերի իսկությունը և տեղեկանք է ներկայացնում այդ հանձնաժողովին:
5. Իր լիազորություններն իրականացնելիս Հաշվիչ պալատն անկախ է։ Հաշվիչ պալատը Խորհրդարանին տարեկան զեկույց է ներկայացնում իր գործունեության մասին։
6. Առանձին ուսումնասիրությունների վերաբերյալ Հաշվիչ պալատը կարող է զեկույց ներկայացնել Խորհրդարանին:
7. Հաշվիչ պալատի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով։

Հոդված 106.
Խորհրդարանը Հանրապետության նախագահի առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում և ազատում է Կենտրոնական բանկի նախագահին և նրա տեղակալին։

Հոդված 107.
Կառավարության առաջարկությամբ Խորհրդարանն օրենք է ընդունում Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին։ Վարչատարածքային միավորներն են` համայնքը և շրջանը:

Հոդված 108.
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Խորհրդարանը վավերացնում կամ չեղյալ է հայտարարում օրենք ընդունելու միջոցով:
2. Խորհրդարանի պարտադիր վավերացմանը ենթակա են քաղաքական ու ռազմական բնույթի, ինչպես նաև այն միջազգային պայմանագրերը, որոնք առնչվում են երկրի տարածքային ամբողջականության կամ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու պարտականությունների հետ:
3. Խորհրդարանի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով։

Հոդված 109.
1. Պատերազմ հայտարարելու և ռազմական դրություն մտցնելու իրավունքը պատկանում է Խորհրդարանին։
2. Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով:

Հոդված 110.
1. Խորհրդարանն իր նախաձեռնությամբ կամ կառավարության առաջարկությամբ հայտարարում է արտակարգ դրություն և աշխատում է անընդմեջ:
2. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, եթե Խորհրդարանն ի վիճակի չէ անմիջապես նիստ անցկացնել, կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն։ Խորհրդարանը ցանկացած ժամանակ իրավասու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը։
3. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով:

Հոդված 111.
1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ չեն անցկացվում հանրաքվեներ, Խորհրդարանի, Հանրապետության նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, չեն կարող վաղաժամկետ դադարեցվել այդ մարմինների լիազորությունները:
2. Խորհրդարանի, Հանրապետության նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները երկարաձգվում են, եթե նրանց լիազորությունների ժամկետն ավարտվում է ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: Այդ դեպքերում ընտրություններն անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության վերացման օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում:
3. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելուց հետո Սահմանադրության 124 հոդվածը կիրառվում է միայն ռազմական կամ արտակարգ դրության վերացման օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում:
4. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետի պաշտոնը թափուր լինելու դեպքում Հանրապետության նախագահը նախարարներից մեկին նշանակում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:



ԳԼՈՒԽ 6.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ


Հոդված 112.
Հանրապետության նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է հայ ժողովրդի ազգային միասնությունը։

Հոդված 113.
1. Հանրապետության նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, որը կազմված է Խորհրդարանի պատգանավորներից և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից` համաձայն օրենքով սահմանված ներկայացուցչական քվոտայի:
2. Ընտրիչների ժողովը գումարվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ ուշ քան 30 օր առաջ, իսկ դրանց վաղաժամկետ դադարման դեպքում` դադարման պահից ոչ ուշ 30 օր հետո:
3. Ընտրված է համարվում ընտրիչների ժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդը ստացած թեկնածուն: Եթե որևէ թեկնածու նման մեծամասնություն չի ստանում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած թեկնածուն կամ թեկնածուներից երկուսը: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:
4. Հանրապետության նախագահի ընտրության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 114.
1. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը վեց տարի է։ Նա իր լիազորություններն իրականացնում է մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը:
2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։
3. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահ։
4. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել ցանկացած այլ վճարովի կամ անվճար պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել Խորհրդարանի կամ որևէ տեղական ինքնակառավարման մարմնի անդամ:
5. Հանրապետության նախագահը կարող է զբաղվել միայն անհատական ստեղծագործական աշխատանքով, պայմանով, որ դա չխոչընդոտի նրա պարտականությունների կատարմանը։

Հոդված 115.
Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Խորհրդարանի հատուկ նիստում ժողովրդին տրված հետևյալ երդմամբ՝
"Երդվում եմ հավատարմորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով ու իմ բոլոր ուժերը ներդնել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ազգային միասնության ամրապնդման գործին":

Հոդված 116.
Հանրապետության նախագահը՝
1) կարող է ուղերձներ հղել Խորհրդարանին.
2) Խորհրդարանի ընդունած օրենքն ստանալուց հետո տասնչորսօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն։
Այդ ժամկետում նա կարող է օրենքն իր առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել Խորհրդարան։ Խորհրդարանի կողմից օրենքը նոր քվեարկությամբ ընդունվելուց հետո Հանրապետության նախագահը յոթնօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն:
3) Սահմանադրության 81 հոդվածի 3-րդ, 96 հոդվածի 6-րդ, 101 հոդվածի 5-րդ, 122 հոդվածի 2-րդ, 124 հոդվածի 3-րդ և 129 հոդվածի 5-րդ մասերով նախատեսված դեպքերում լուծարում է Խորհրդարանը և այդ դեպքերում, ինչպես նաև Սահմանադրության 79 հոդվածով նախատեսված դեպքերում նշանակում խորհրդարանի արտահերթ ընտրություններ.
4) նշանակում է Խորհրդարանի ընտրությունները և այդ պահից, ընտրությունների օրինականությունը երաշխավորելու նպատակով, մինչև նոր վարչապետի ընտրությունը, իրականացնում է վարչապետի լիազորությունները: Հանրապետության նախագահը նախորդ կառավարության համապատասխան նախարարների տեղակալներից նշանակում է ընտրությունների օրինականությունը երաշխավորող կառավարություն.
5) Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում է վարչապետին.
6) օրենքով սահմանված կարգով համակարգում է Հայաստանի Հանրապետության կապերն արտերկրի հայության հետ.
7) օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր, ստորագրում է Խորհրդարանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի վավերագրերը.
8) կառավարության առաջարկով նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին.
9) ընդունում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և ետկանչագրերը.
10) զինված ուժերի գերագույն հրամանատարն է։
Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն հրամանատարի իր լիազորությունները խաղաղ ժամանակ իրականացնում է վարչապետի և պաշտպանության նախարարի միջոցով: Պատերազմի ժամանակ Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկով նշանակում է զինված ուժերի գլխավոր հրամանատար.
11) կառավարության առաջարկով նշանակում և ազատում է բարձրագույն հրամանատարական կազմը.
12) Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգի առկայության դեպքում, վարչապետի առաջարկությամբ, հայտարարում է ընդհանուր կամ մասնակի զորահավաք.
13) նշանակում է Սահմանադրական դատարանի չորս դատավոր, Արդարադատության խորհրդի ներկայացմամբ նշանակում է ընդհանուր իրավասության բոլոր ատյանների դատարանների, ինչպես նաև վարչական, տնտեսական ու օրենքով նախատեսված այլ մասնագիտացված դատարանների դատավորներին, ինչպես նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին:
14) Խորհրդարանին առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը.
15) Խորհրդարանին առաջարկում է Զանգվածային լրատվության միջոցների հանրային խորհրդի հինգ անդամների թեկնածությունը։
Խորհրդարանին օրենքով սահմանված դեպքերում կարող է առաջարկել պաշտոնանկ անել Զանգվածային լրատվության միջոցների հանրային խորհրդի իր կողմից առաջարկված անդամներին.
16) նշանակում և ազատում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին.
17) օրենքով սահմանված կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, լուծում է ապաստան տալու հարցը.
18) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով, վարչապետի առաջարկությամբ շնորհում է բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
19) ներում է շնորհում դատապարտյալներին.
20) իրականացնում է Սահմանադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 117.
1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ։
2. Հանրապետության նախագահի 116 հոդվածի 10 – 12 և 16 կետերին վերաբերող հրամանագրերը կրկնաստորագրվում են վարչապետի և համապատասխան նախարարի կողմից։

Հոդված 118.
1. Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում Խորհրդարանը, կառավարության առաջարկով և Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին։
2. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության նախագահի պարտականությունները կատարում է վարչապետը։

Հոդված 119.
1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել Սահմանադրության խախտման, պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։
2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան։
3. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով։

Հոդված 120.
1. Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով։
2. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի հայտարարագիր է ներկայացնում իր և իր ընտանիքի անդամների գույքային վիճակի մասին, որը հրապարակվում է Պաշտոնական տեղեկագրում:



ԳԼՈՒԽ 7.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 121.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է։
2. Կառավարությունը իր գործունեության ծրագրին համապատասխան որոշում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Նախարարների թիվը չպետք է գերազանցի տասնհինգը:
4. Կառավարության կառուցվածքը սահմանվում է օրենքով:

Հոդված 122.
1. Խորհրդարանն իր կազմից, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ընտրում է վարչապետին:
2. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Խորհրդարանը հայտարարվում է լուծարված։
3. Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ։

Հոդված 123.
1. Վարչապետն իր նշանակումից հետո տասնչորսօրյա ժամկետում կազմավորում է կառավարությունը։
2. Վարչապետը նշանակում և ազատում է նախարարներին։
3. Վարչապետը չի կարող զբաղեցնել ցանկացած այլ վճարովի կամ անվճար պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել Խորհրդարանի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անդամ:
4. Վարչապետը կարող է զբաղվել միայն անհատական ստեղծագործական աշխատանքով, պայմանով, որ դա չխոչընդոտի նրան պարտականությունների կատարմանը:
5. Վարչապետը օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի հայտարարագրեր է ներկայացնում իր ու իր ընտանիքի անդամների գույքային վիճակի մասին, որը հրապարակվում է Պաշտոնական տեղեկագրում:

Հոդված 124.
1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետը Խորհրդարանին է ներկայացնում կառավարության գործունեության ծրագիրը։
2. Խորհրդարանը կառավարության գործունեության ծրագրին հավանություն է տալիս 7 – օրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտալու դեպքում կառավարությունը հրաժարական է տալիս, որից հետո կառավարությունը կազմավորվում է Սահմանադրության 123 հոդվածով և 124 հոդվածի 1 – ին մասով սահմանված կարգով:
3. Եթե Խորհրդարանը կրկին անգամ հավանություն չի տալիս կառավարության գործունեության ծրագրին, ապա Խորհրդարանը հայտարարվում է լուծարված:

Հոդված 125.
Վարչապետը և նախարարները իրենց պաշտոնն ստանձնում են Խորհրդարանի նիստում ժողովրդին տրված հետևյալ երդմամբ՝
"Երդվում եմ հավատարմորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները և իմ բոլոր ուժերը ներդնել Հայաստանի Հանրապետության բարգավաճման գործին":

Հոդված 126.
1. Նախարարները չեն կարող զբաղեցնել ցանկացած այլ վճարովի կամ անվճար պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել Խորհրդարանի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անդամ:
2. Նախարարաները կարող են զբաղվել միայն անհատական ստեղծագործական աշխատանքով, պայմանով, որ դա չխոչընդոտի նրանց պարտականությունների կատարմանը:
3. Նախարարի կողմից սույն հոդվածի պահանջները խախտելու դեպքում, Խորհրդարանը Էթիկայի մշտական հանձնաժողովի առաջարկով, այդ մասին պաշտոնապես տեղյակ է պահում վարչապետին և լսում վարչապետի հաղորդումը ձեռնարկված միջոցառումների մասին:
4. Նախարարներն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի հայտարարագրեր են ներկայացնում իրենց ու իրենց ընտանիքի անդամների գույքային վիճակի մասին, որոնք հրապարակվում են Պաշտոնական տեղեկագրում:

Հոդված 127.
1. Վարչապետը կառավարության գործունեության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը, համակարգում նախարարների աշխատանքը։
2. Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է իր նախարարության գործունեությունը։
3. Կառավարության որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը վճռորոշ է։
4. Կառավարությունը և նախարարությունները սահմանում են իրենց գործունեության աշխատակարգերը:

Հոդված 128.
Կառավարությունը Սահմանադրության և օրենքներին համապատասխան`
1) ապահովում է օրենքների կատարումը.
2) ղեկավարում, համակարգում և վերահսկում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը.
3) կառավարում է պետական սեփականությունը.
4) ապահովում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականության իրականացումը, պաշտպանում է պետական գանձարանի շահերը.
5) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում, ամենամյա հաշվետվություն է ներկայացնում Խորհրդարանին Սահմանադրության 69 հոդվածի 1 – ին մասում նախատեսված միջոցառումների իրականացման մասին.
6) ապահովում է երկրի ներքին անվտանգությունը և հասարակական կարգ ու կանոնը.
7) ապահովում է երկրի արտաքին անվտանգությունը, իրականացնում է այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների ընդհանուր ղեկավարությունը.
8) ընդհանուր ղեկավարություն է իրականացնում երկրի պաշտպանության բնագավառում, ամեն տարի սահմանում է իսկական զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների թիվը.
9) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 129.
1. Կառավարության որոշմամբ վարչապետն իրավունք ունի որևէ օրինագծի կամ կառավարության քաղաքականության մասին հայտարարության առնչությամբ դնել կառավարության վստահության հարցը:
2. Վարչապետը չի կարող դնել կառավարության վստահության հարցը արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում:
3. Խորհրդարանը կառավարությանը վստահություն հայտնելու հարցի մասին որոշում է ընդունում վստահության հարցը դնելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:
4. Եթե Խորհրդարանն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վստահություն չի հայտնում կառավարությանը, ապա նա իրավունք ունի յոթնօրյա ժամկետում Խորհրդարանի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրել նոր վարչապետ: Այդ ժամկետում նոր վարչապետ չընտրվելու դեպքում Խորհրդարանը հայտարարվում է լուծարված:
5. Վարչապետը նույն նստաշրջանում չի կարող մեկից ավելի անգամ դնել կառավարության վստահության հարցը:

Հոդված 130.
1. Կառավարության լիազորություններն ավարտվում են Խորհրդարանի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու, կառավարության ծրագիրը չհաստատելու, ինչպես նաև վարչապետի հրաժարականի, կառավարությանը վստահություն չհայտնելու, լիազորությունների կատարման համար անհաղթահարելի խոչընդոտների առկայության կամ մահվան դեպքերում։ Կառավարությունը շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
2. Վարչապետի հրաժարականի, նրա լիազորությունների կատարման համար անհաղթահարելի խոչընդոտների առկայության կամ մահվան դեպքում Խորհրդարանը, Սահմանադրության 123 հոդվածով նախատեսված կարգով ընտրում է նոր վարչապետ: Վարչապետը իր նշանակումից հետո տասնչորսօրյա ժամկետում կազմավորում է կառավարությունը և Սահմանադրության 125 հոդվածին համապատասխան Խորհրդարանին է ներկայացնում կառավարության ծրագիրը։

Հոդված 131.
Կառավարությանը ստորադաս տարածքային կառավարման մարմինների լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:



ԳԼՈՒԽ 8.
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 132.
1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։
2. Դատարանների վճիռները և դատավճիռները կայացվում են Հայաստանի Հանրապետության անունից:

Հոդված 133.
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը, որը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մասն է:
Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն են առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և Վճռաբեկ դատարանը։ Օրենքով նախատեսված դեպքերում առանձին բարդ կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերող գործերը որպես առաջին ատյան կարող է քննել վերաքննիչ դատարանը: Վճռաբեկ դատարանը վերանայում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների վճիռները և դատավճիռները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` կայացնում է վերջնական որոշում:
Հայաստանի Հանրապետությունում գործում են նաև վարչական, տնտեսական, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ մասնագիտացված դատարաններ։ Վարչական դատարանների իրավասությանն է պատկանում, մասնավորապես, ենթաօրենսդրական ակտերի օրենքին համապատասխանության հարցի լուծումը:
2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է։

Հոդված 134.
1. Արդարադատություն իրականացնելիս դատարանն անկախ է և ղեկավարվում է միայն Սահմանադրությամբ և օրենքներով։
2. Պետությունն ապահովում է դատարանների պատշաճ ֆինանսավորումը: Յուրաքանչյուր դատարան ֆինանսավորովում է պետական բյուջեի առանձին տողով:
3. Դատարանների լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով։

Հոդված 135.
Դատավոր կարող է նշանակվել երեսուն տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և իրավաբանական աշխատանքի առնվազն յոթ տարվա ստաժ ունեցող քաղաքացին։ Դատավորներին ներկայացվող լրացուցիչ պահանջները սահմանվում են օրենքով:

Հոդված 136.
1. Դատավորներն անփոխելի են, բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների, որոնց լիազորությունների ժամկետը տասներկու տարի է: Դատավորները պաշտոնավարում են մինչև իրենց 65 տարին լրանալը:
2. Դատարանների կառուցվածքի կամ դատական օկրուգների սահմանների փոփոխության դեպքում դատավորը, օրենքով սահմանված կարգով, կարող է տեղափոխվել այլ դատարան:
3. Դատական օկրուգների սահմանները չեն կարող համընկնել վարչատարածքային միավորների սահմաններին:

Հոդված 137.
1. Դատավորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:
2. Օրենքով նախատեսված հիմքերով Խորհրդարանը դադարեցնում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով իր ընտրած սահմանադրական դատարանի դատավորի, իսկ Հանրապետության նախագահը՝ իր նշանակած սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները:

Հոդված 138.
1. Դատավորի գործունեությանը միջամտելն արգելվում է և պատժվում է օրենքով։
2. Ոչ ոք իրավունք չունի դատավորից հաշվետվություն կամ տեղեկատվություն պահանջել որևէ գործի վերաբերյալ:
3. Դատավորի համար ապահովվում են աշխատանքային պատշաճ պայմաններ և այնպիսի վարձատրություն, որը համապատասխանում է նրա պաշտոնին ու պարտականությունների ծավալին:
4. Դատավորներն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի հայտարարագրեր են ներկայացնում իրենց և իրենց ընտանիքի անդամների գույքային վիճակի մասին, որոնք հրապարակվում են Պաշտոնական տեղեկագրում:

Հոդված 139.
1. Դատավորը չի կարող առանց Արդարադատության խորհրդի համաձայնության ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել ազատության որևէ այլ սահմանափակման, բացի հանցագործության կատարման պահին բռնվելու դեպքից։
2. Արդարադատության խորհուրդը հիմնավորված որոշում է ընդունում նման համաձայնություն տալու կամ չտալու մասին։

Հոդված 140.
1. Դատավորը չի կարող զբաղեցնել ցանկացած այլ
վճարովի կամ անվճար պաշտոն, լինել Խորհրդարանի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անդամ:
2. Դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի է ձեռնարկատիրական գործունեությունը:
3. Դատավորը կարող է զբաղվել իր անմիջական պարտականություններին չխանգարող անհատական ստեղծագործական աշխատանքով, ինչպես նաև մանկավարժական գործունեությամբ։

Հոդված 141.
1. Դատական նիստերը դռնբաց են։ Դատավարության հրապարակայնությունը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերում։
2. Դատավարությունն ընթանում է մրցակցության սկզբունքի հիման վրա։ Դատավարության ընթացքում երաշխավորվում է կողմերի իրավահավասարությունը։
3. Դատավարության նպատակը ճշմարտության բացահայտումն է:
4. Դատավարությունն իրականացվում է առավելապես բանավոր, հատկապես քրեական գործերով:
5. Դատարանի վճիռները, դատավճիռները և որոշումները պետք է հիմնավորված լինեն: Դատարանի վճիռները և դատավճիռները հրապարակվում են դռնբաց նիստում, բացառությամբ Սահմանադրության 55 հոդվածի 3 – րդ մասով նախատեսված դեպքերի:

Հոդված 142.
1. Արդարադատության խորհրդի անդամներին նշանակում է Խորհրդարանը` ընդհանուր իրավասության առաջին, վերաքննիչ և վճռաբեկ ատյանների, տնտեսական դատարանի, վարչական դատարանի, ինչպես նաև այլ մասնագիտացված դատարանների երկուական դատավորներից: Յուրաքանչյուր տեղի համար դատավորների ընդհանուր ժողովը գաղտնի քվեարկությամբ Խորհրդարան է ներկայացնում համապատասխան դատական ատյանի կամ դատարանի դատավորների երեքական թեկնածու:
2. Արդարադատության խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է, որի ընթացքում նա ազատվում է դատավորի պարտականությունների կատարումից` աշխատավարձի պահպանմամբ: Լիազորությունների ժամկետի ավարտից հետո Արդարադատության խորհրդի անդամն անցնում է իր դատավորական պարտականությունների կատարմանը: Ընդ որում, նրա նախկինում զբաղեցրած պաշտոնը երաշխավորվում է:
3. Խորհրդարանն Արդարության խորհրդի կազմում նշանակում է փաստաբանների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրված երեք փաստաբան: Յուրաքանչյուր տեղի համար փաստաբանների ընդհանուր ժողովը Խորհրդարան է ներկայացնում երեքական թեկնածու: Խորհրդարանը Հանրապետության նախագահի առաջարկով նշանակում է Արդարադատության խորհրդի երեք անդամ` իրավաբան-գիտնական:
4. Արդարադատության խորհուրդն իր կազմից իր լիազորությունների ժամկետով ընտրում է Արդարադատության խորհրդի նախագահ:

Հոդված 143.
1. Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով իր անդամների առաջարկով`
1) կազմում և Հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները, բավարար հիմքերի առկայությամբ փոփոխություններ է կատարում այդ ցուցակներում, որոնց հիման վրա Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակվում են դատավորներ ու լուծվում են նրանց ծառայողական առաջխաղացման հարցերը.
2) Խորհրդարանին է ներկայացնում վճռաբեկ դատարանի, ինչպես նաև վարչական, տնտեսական ու օրենքով նախատեսված այլ մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները.
3) Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին ատյանի և վեևաքննիչ դատարանների նախագահների թեկնածությունները:
4) Հանրապետության նախագահին է ներկայացնում ընդհանուր իրավասության բոլոր ատյանների դատարանների, ինչպես նաև վարչական, տնտեսական ու օրենքով նախատեսված այլ մասնագիտացված դատարանների դատավորների թեկնածությունները.
5) եզրակացություն է տալիս պաշտոնեական պիտանիության ցուցակում ներառված դատավորի թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակում ներառված դատավորների վերաբերյալ.
6) առաջարկ է ներկայացնում դատավորներին որակավորման դասեր շնորհելու մասին.
7) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.
8) դիմում է Սահմանադրական դատարան` դատավորի, բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.
9) քննում է դատավորների բողոքները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից դատարանի գործունեությանը միջամտելու` ներառյալ դատարանի վրա ճնշում գործադրելու փորձերի մասին և այդ կապակցությամբ ընդունած իր որոշումները ներկայացնում է Խորհրդարանին.
10) արդարադատության հարցերով Խորհրդարան է ներկայացնում օրենքների նախագծեր:
2. Արդարադատության խորհուրդը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցերը քննում է դատավարական ընթացակարգով` ապահովելով դատավորի իրավունքների պաշտպանության երաշխիքները:
3. Արդարադատության խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով:

Հոդված 144.
Դատավորն իրավունք չունի կիրառել Սահմանադրությանը հակասող օրենքներ։ Եթե դատավորը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը հակասում է Սահմանադրությանը, պարտավոր է ընդհատել դատավարությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու միջնորդությամբ։

Հոդված 145.
1. Սահմանադրական դատարանը կազմված է իննը դատավորներից, որոնցից հինգին նշանակում է Խորհրդարանը, չորսին` Հանրապետության նախագահը։
2. Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել կամ նշանակվել քառասուն տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և իրավագիտության բնագավառում գիտական կոչում ունեցող քաղաքացին։ Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող լրացուցիչ պահանջները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
3. Սահմանադրական դատարանն իր կազմից ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ:
4. Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ժամկետը տասներկու տարի է: Նույն անձը չի կարող երկրորդ անգամ ընտրվել կամ նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր:

Հոդված 146.
1. Սահմանադրական դատարանը լուծում է`
1) օրենքների, կառավարության որոշումների, Հանրապետության նախագահի, և վարչապետի իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը.
2) միջազգային պայմանագրում, մինչև դրա վավերացումը, ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը,
3) քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծի Սահմանադրությանը համապատասխանության հարցը.
4) պետական մարմինների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև` Սահմանադրությամբ նրանց վերապահված լիազորությունների վերաբերյալ վեճերը.
5) Սահմանադրության 62 հոդվածում նշված սահմանադրական գանգատների հարցը.
6) oրենքով նախատեսված դեպքերում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցը.
7) դատավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը:
2. Սահմանադրական դատարանը եզրակացություն է տալիս`
1) Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
2) Հանրապետության նախագահի և վարչապետի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին:

Հոդված 147.
Սահմանադրական դատարան կարող են դիմել՝
1) Սահմանադրության 146 հոդվածի 1 – ին մասի 1 - ին և 2 – րդ կետերով նախատեսված դեպքերում՝ Խորհրդարանի առնվազն տասը պատգամավոր, Հանրապետության նախագահը և կառավարությունը, ինչպես նաև իրենց գործունեության ոլորտին վերաբերող հարցերով՝ Մարդու իրավունքների պաշտպանը և զանգվածային լրատվական միջոցների հանրային խորհուրդը.
2) Սահմանադրության 146 հոդվածով 1 – ին մասի 1 - ին կետով նախատեսված դեպքերում՝ դատարանները.
3) Սահմանադրության 146 հոդվածի 1 – ին մասի 3 – րդ կետով նախատեսված դեպքերում՝ Խորհրդարանի առնվազն տասը պատգամավոր կամ կառավարությունը.
4) Սահմանադրության 146 հոդվածի 1 – ին մասի 4 – րդ կետով նախատեսված դեպքերում՝ Խորհրդարանի առնվազն տասը պատգամավոր, Հանրապետության նախագահը, կառավարությունը, զանգվածային լրատվական միջոցների հանրային խորհուրդը.
5) Սահմանադրության 146 հոդվածի 1 – ին մասի 4 – րդ կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև համայնքի իրավունքները խախտող օրենքների Սահմանադրության համապատասխանության հարցերով` համայնքի ավագանին.
6) Սահմանադրության 146 հոդվածի 1 – ին մասի 5 – րդ կետով նախատեսված դեպքերում՝ յուրաքանչյուր քաղաքացի` անմիջականորեն կամ Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև Սահմանադրության 64 հոդվածում նշված իրավաբանական անձինք.
7) Սահմանադրության 146 հոդվածի 1 – ին մասի 6 – րդ կետով և 2 – րդ մասի 1 – ին և 2 – րդ կետերով նախատեսված դեպքերում՝ Խորհրդարանը.
8) Սահմանադրության 146 հոդվածի 1 – ին մասի 7 – րդ կետով նախատեսված դեպքերում՝ Արդարադատության խորհուրդը:

Հոդված 148.
1. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ:
2. Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Եթե Սահմանադրական դատարանի որոշմամբ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել այն օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը, որի հիման վրա ընդունված դատական ակտով խախտվել են անձի սահմանադրական իրավունքները, ապա այդ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի Սահմանադրությանը հակասող ճանաչելը հանգեցնում է համապատասխան դատական ակտի անվավերությանը:
3. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 146 հոդվածի 1 – ին մասի 1 – 5 – րդ կետերով նախատեսված հարցերը լուծում է իր անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ 1 – ին մասի 6 – 7 - րդ կետերով, ինչպես նաև 146 հոդվածի 2 – րդ մասով նախատեսված հարցերը՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։



ԳԼՈՒԽ 9.
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 149.
Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է Գլխավոր դատախազը։

Հոդված 150.
1. Գլխավոր դատախազին, Հանրապետության նախագահի առաջարկությամբ, վեց տարի ժամկետով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Խորհրդարանը։
2. Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել Գլխավոր դատախազին։

Հոդված 151.
Դատախազությունը oրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում և պաշտպանում է մեղադրանքը դատարանում.
2) իրականացնում է հսկողություն նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ.
3) բողոքարկում է քրեական գործերով դատարանների դատավճիռները և որոշումները.
4) իրականացնում է հսկողություն պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։

Հոդված 152.
Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ դատախազության մասին օրենքի հիման վրա։



ԳԼՈՒԽ 10.
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ


Հոդված 153.
1. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում և շրջաններում:
2. Տեղական ինքնակառավարումը համայնքի և շրջանի՝ պետության կողմից ապահովված և երաշխավորված իրավունքն է՝ սեփական պատասխանատվությամբ, բնակիչների բարօրության նպատակով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական հարցերը:

Հոդված 154.
1. Համայնքը՝ համայնքի բնակիչների հանրություն ու տարածքային միավոր է և հանրային իրավունքի իրավաբանական անձ:
2. Համայնքի մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը՝ քաղաքապետը կամ գյուղապետը, որոնք ընտրվում են չորս տարի ժամկետով: Համայնքի մարմիններում կարող են ընտրվել 18 տարին լրացած ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում մշտապես բնակվում են տվյալ համայնքում: Նրանք ընտրվում են համայնքի՝ ընտրական իրավունք ունեցող բնակիչների կողմից: Համայնքի մարմինների ընտրության կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքներով:

Հոդված 155.
1. Շրջանն իր կազմի մեջ մտնող համայնքների հանրություն ու տարածքային միավոր է և հանրային իրավունքի իրավաբանական անձ:
2. Շրջանի մարմիններն են շրջանի ավագանին և շրջանի ղեկավարն:
3. Շրջանի ավագանին ընտրվում է ազատ, ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ, համայնքների բնակչության թվին համամասնորեն` յուրաքանչյուր համայնքից առնվազն մեկ անդամ: :
4. Շրջանի ղեկավարն ընտրվում է շրջանի ավագանու կողմից:
5. Շրջանի ավագանու և ղեկավարի ընտրության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 156.
Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց հետ: Խորհրդարանը համապատասխան օրենք ընդունելուց առաջ պարտավոր է լսել այդ համայնքերի կարծիքը:

Հոդված 157.
1. Համայնքների խնդիրները բաժանվում են սեփական՝ կամավոր և պարտադիր ու պետության կողմից պատվիրակված խնդիրների:
2. Շրջանների խնդիրները բաժանվում են պարտադիր ու պետության կողմից պատվիրակված խնդիրների:
3. Պարտադիր խնդիրները սահմանվում, իսկ պետության կողմից պատվիրակված խնդիրները համայնքներին և շրջաններին են փոխանցվում օրենքով:
4. Համայնքների և շրջանների խնդիրների իրականացման համար նրանց տրամադրվող լիազորությունները, որպես կանոն, պետք է լինեն համապարփակ և սպառիչ:
5. Համայնքի կամավոր խնդիրները սահմանվում են ավագանու նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 158.
1. Համայանքի կամավոր և պարտադիր, իսկ շրանի պարտադիր խնդիրները ենթակա են կառավարության ու նրան ենթակա լիազոր մարմինների իրավական հսկողությանը, որը իրականացվում է Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով ու նպատակ է հետապնդում ապահովել Սահմանադրության և օրենքների պահանջների կատարումը:
2. Պետության կողմից պատվիրակված խնդիրների իրականացման նկատմամբ կառավարությունը և նրան ենթակա լիազորված մարմինները, բացի իրավական հսկողությունից, կարող են իրականացնել մասնագիտական վերահսկողություն:
3. Համայնքի և շրջանի նկատմամբ հսկողությունն իրականացվում է հսկող մարմնի կողմից` պաշտպանվող շահերի կարևորությանը համաչափ:

Հոդված 159.
1. Պարտադիր և պետության կողմից պատվիրակված խնդիրների իրականացման համար համայնքներին և շրջաններին հատկացվում են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
2. Համայնքին և շրջանին տրամադրվող սուբսիդիաները չպետք է ուղղվեն կոնկրետ նախագծերի ֆինանսավորմանը և չպետք է սահմանափակեն սեփական լիազորություններն իրականացնելու համայնքի ազատությունը:
3. Պետությունն իր ֆինանսական հնարավորությունների շրջանակում, ելնելով համայնքների հարկային ներուժից, նրանց հատկացնում է դոտացիաներ՝ սեփական կամավոր խնդիրների իրականացման համար:

Հոդված 160.
1. Համայնքներն ունեն հողի և այլ անշարժ ու շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունք:
Համայնքների վարչական սահմաններում հողը սեփականության իրավունքով պատկանում է համայնքներին: Բացառություն են կազմում մասնավոր սեփականատերերին պատկանող հողամասերը և այն հողամասերը, որոնք անհրաժեշտ են պետությանն իր խնդիրներն իրականացնելու համար:
2. Համայնքների վարչական սահմաններում հողի փոխանցումը համայնքներին, ինչպես նաև համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վաճառքը կարգավորվում է օրենքով:

Հոդված 161.
1. Համայնքն ու շրջանը ունեն իրենց բյուջեները, որոնց համայնքի կամ շրջանի ղեկավարի ներկայացմամբ հաստատում են համապատասխանաբար համայնքի կամ շրջանի ավագանին:
2. Համայնքի և շրջանի բյուջեների եկամուտների ձևավորման և ծախսերի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
3. Համայնքները և շրջանները կարող են օրենքով սահմանված կարգով սահմանել տեղական տուրքեր: Նրանք իրավունք ունեն որոշելու հարկադրույքի չափը:
4. Համայնքները և շրջանները կարող են իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանել վճարներ:

Հոդված 162.
1. Համայնքի բնակիչների առաջարկով կամ սեփական նախաձեռնությամբ համայնքի ավագանին իրավունք ունի տեղական նշանակություն ունեցող հարցերը դնել տեղական հանրաքվեի:
2. Տեղական հանրաքվեների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է օրենքով:
3. Համայնքի ընտրական իրավունք ունեցող բնակիչների մեկ քառորդի պահանջով հանրաքվեի կարող է դրվել համայնքի ավագանու կամ ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը:

Հոդված 163.
1. Երևան քաղաքը համայնք է:
2. Երևան քաղաքի ինքնակառավարման մարմինները՝ ավագանին և համայնքի ղեկավարը՝ քաղաքապետը, ընտրվում են Երևան քաղաքի ընտրական իրավունք ունեցող բնակիչների կողմից՝ գաղտնի քվեարկությամբ:
3. Երևան քաղաքն ունի իր բյուջեն, որը քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
4. Երևան քաղաքը բաղկացած է թաղերից, որոնք ունեն թաղային նշանակություն ունեցող հարցերի լուծման իրավունք: Թաղերի ինքնակառավարման մարմինները՝ թաղի ավագանին և թաղապետը, ընտրվում են թաղի ընտրական իրավունք ունեցող բնակիչների կողմից՝ գաղտնի քվեարկությամբ:
5. Թաղերն ունեն իրենց բյուջեները, որոնք թաղապետերի ներկայացմամբ հաստատում են թաղերի ավագանիները:
6. Երևան քաղաքի բյուջեի և Երևանի թաղերի բյուջեների եկամուտների ձևավորման և ծախսերի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
7. Համաքաղաքային լիազորությունների սահմանազատումը թաղային նշանակության լիազորություններից սահմանվում է օրենքով:
8. Երևան քաղաքի և նրա թաղերի ինքնակառավարման մարմինների կազմավորման կարգը, լիազորությունները և փոխհարաբերությունները սահմանվում են ”Երևան քաղաքի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով:



ԳԼՈՒԽ 11.
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ


Հոդված 164.
1. Պետական բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է:
2. Կենտրոնական բանկն ապահովում է գների կայունությունը:
3. Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ դրամը:

Հոդված 165.
Իր լիազորություններն իրականացնելիս Կենտրոնական բանկը անկախ է: Կենտրոնական բանկը Խորհրդարանին ներկայացնում է տարեկան զեկույց իր գործունեության մասին:

Հոդված 166.
1. Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինը Կենտրոնական բանկի խորհուրդն է, որը կազմված է նախագահից, նրա տեղակալից և հինգ անդամից:
2. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի և խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը վեց տարի է:



ԳԼՈՒԽ 12.
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ


Հոդված 167.
1. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են Խորհրդարանի միջոցով՝ Խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ:
2. Խորհրդարանը Սահանադրությունն ընդունում կամ դրանում փոփոխություններ է կատարում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Այդ փոփոխություններն ընդունվելուց հետո հինգ օրվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը պաշտոնական հայտարարությամբ կարող է պահանջել, որպեսզի Խորհրդարանի կողմից ընդունված փոփոխությունները դրվեն հանրաքվեի: Եթե այդ հայտարարությունից հետո 30 օրվա ընթացքում հավաքվում է Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հարյուր հազար ստորագրություն, ապա Խորհրդարանի կողմից ընդունված փոփոխությունները, ստորագրահավաքի ավարտից ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասուն օր հետո, դրվում են հանրաքվեի:
3. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե նրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը:

Հոդված 168.
1. Սահմանադրության 1, 2, 3 և 168 հոդվածները փոփոխման ենթակա չեն:
2. Սահմանադրության որևէ փոփոխություն չի կարող նվազեցնել Սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնական իրավունքների և ազատությունների բովանդակությունն ու ծավալը, այլ կարող է սոսկ ընդլայնել դրանք:



ԳԼՈՒԽ 13.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 169.
Սույն Սահմանադրությունը ուժի մեջ է մտնում հանրաքվեի արդյունքների հիման վրա՝ Պաշտոնական տեղեկագրում հրապարակման պահից և սկսում է գործել սույն գլխի դրույթներին համապատասխան:

Հոդված 170.
Հայաստանի Հանրապետության զինանշանը և օրհներգը գործում են մինչև օրենքով նոր զինանշանի և օրհներգի սահմանումը:

Հոդված 171.
Սահմանադրության 5 – րդ գլխի դրույթները սկսում են գործել Խորհրդարանի հաջորդ ընտրություններից հետո, որոնք անցկացվում են Սահմանադրության 77 հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 172.
1. Գործող Հանրապետության նախագահը շարունակում է իրականացնել նախորդ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունները մինչև սույն Սահմանադրության համապատասխան դրույթների գործելը:
2. Գործող Հանրապետության նախագահի նախորդ սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 30 օր առաջ և ոչ ուշ, քան լիազորությունների ավարտի օրը Խորհրդարանն անցկացնում է Հանրապետության նախագահի ընտրություններ:

Հոդված 173.
1. Նորընտիր Խորհրդարանը կառավարության ներկայացմամբ ընդունում է օրենք ”Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ուժի մեջ մտնելու կարգի մասին”:
2.Սահմանադրությունը, բացի 10-րդ գլխի դրույթներից, սկսում է ամբողջությամբ գործել նոր խորհրդարանի ընտրություններից երկու տարի հետո:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են նոր խորհրդարանի ընտրություններից 3 տարի հետո և նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

Հոդված 174.
Սահմանադրության ընդունումից հետո երկու տարվա ընթացքում Խորհրդարանը համապատասխան փոփոխություններ և լրացումներ է կատարում Հայաստանի Հանրապետության այն օրենքներում, որոնց նորմերը հակասում են Հայաստանի Հանրապետության հիմնադրման պահից Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի նորմերին:

Հոդված 175.
Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է տոն՝ ”Սահմանադրության օր”:

Sahmanadrutyan_Parlamentakan_n...doc